«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2010-07-27 | #140, 2010-07-28 | #141, 2010-07-29


ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾԸ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է ԹՎՈՒՄ

Երեկ ստացվեց ցավալի մի լուր, որ հուլիսի 27-ին, ժամը 08.00-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում հրաձգային դասակի հրամանատար, հենակետի ավագ լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանը (ծնված 1979 թ.), ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված մարտական զենքից ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում, կատարվում է հետաքննություն: Սա, փաստորեն, պաշտպանության նախարարության պաշտոնական լուրն էր: Անձամբ տողերիս հեղինակը չհավատաց ինքնասպանության վարկածին (չհավատալը սուբյեկտիվ իրողություն համարեք), քանի որ զոհված զինծառայողի ծնողներին` Սինարին եւ Հասմիկին, հայեցի եւ հայրենասեր մարդկանց ճանաչում եմ, գիտեմ , որ իրենց երկու զավակներին նրանք դաստիարակել են որպես երկրին եւ հայեցի ամեն ինչին նվիրված, ամուր սկզբունքներով մարդիկ: Անհավանական թվաց պարզապես, որ այդ սկզբունքները կրող մարդը կարող է այդպես կոտրվել: Հավաքեցի ողջ լրատվությունը, որ առայժմ առանց մեկնաբանության ներկայացնում եմ` հուսալով, որ այնուամենայնիվ այս դեպքում թափանցիկ եւ ազնիվ քննություն կկատարվի, եւ զինվորին ինքնասպանության հասցրածները, կամ եթե իրականությունն այլ է` սպանողները կկրեն իրենց արժանի պատիժը:

Արտակը պայմանագրային ծառայության էր անցել անցած տարվա դեկտեմբերին: Նա մասնագիտությամբ արեւելագետ էր, պարսկերենի հրաշալի մասնագետ եւ 2000-2001 թթ., երբ զորակոչվել է բանակ, մեկ տարի ծառայությունն անցկացրել է Թեհրանումՙ որպես դեսպանի կցորդ թարգմանությամբ է զբաղվել: Ըստ իրավական թեմաներով լրագրող Ժաննա Ալեքսանյանի ` երեկ Նազարյանի դիահերձումից մի քանի հանգամանք է ի հայտ եկել, որը ինքնասպանության պաշտոնական վարկածը, մեղմ ասած, կասկածի տակ է դնում: Արտաքին զննությամբ Արտակ Նազարյանի մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են բռնության հետքեր, այդ թվում` դեմքի վրա կիսալուսնաձեւ վնասվածքներ, իսկ թեւերի վրա հայտնաբերված վնասվածքները բնորոշվել են որպես բութ առարկայով հասցված:

Ըստ Ժ. Ալեքսանյանի` բոլոր վնասվածքները ստացվել են կենդանության օրոք, մահվանից 6 ժամ առաջ, ինչը, բնականաբար, խոսում է այն մասին, որ պաշտպանության նախարարության առաջ քաշած ինքնասպանության վարկածը իրականությանը որեւէ առնչություն չունի: Հարազատները Արտակի հետ խոսել են շաբաթ օրը, իսկ հուլիսի 6-ին Արտակի մայրը այցելել էր որդուն եւ մի քանի օր մնացելՙ իմանալով, որ որդին խնդիրներ ունի սպաների հետ: Մայրն ասում է, որ տղան ահավոր լարված ու անհանգիստ էր, տագնապը մեջը: Մինչ այդ ծնողներն իմացել են, որ Արտակը խնդիրներ ունի զորամասում: Հրամանատարական կազմից կոնկրետ անձինք մշտապես հետապնդել ու ճնշել են Արտակին: Նրան համարել են թույլ հրամանատար, որը զինվորներին չի ծեծում եւ այլն: Իսկ Արտակին ճանաչողներից ոչ ոք նրան որպես թույլ մարդ չի բնորոշում:

Մոտ 10 օր առաջ նա մորն ասել էր, թե զինվորների համար լավ հրամանատար է ուզում լինել, հայրենասիրական մղումներ արթնացնել նրանց մեջ, տնից էլ նրան հայոց պատմության դասագրքեր ու քարտեզներ են ուղարկել: Մայրը նաեւ ասել է Արտակի պատմածը, թե զորամասում պարբերաբար գողացել են նրա հսկողության տակ գտնվող մեքենայի բենզինը եւ ստիպել են, որ աշխատավարձից վճարի ուրիշի գողացածի փոխարեն: Հարազատները կտրականապես մերժում են Արտակի ինքնասպան լինելու հնարավորությունը: «Հանգիստ ու հավասարակշիռ մարդ էր եւ երբեք նման քայլի չէր գնա», համոզված են հարազատները, ովքեր վճռականություն են հայտնում, որ մինչեւ վերջ պայքարելու են գործը բացահայտելու եւ մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ:

Գործի քննությամբ զբաղվում է Տավուշի մարզի կայազորի դատախազությունը:

Ավելացնենք, որ Արտակ Նազարյանը լրագրող Ծովինար Նազարյանի եղբայրն էր, որին եւ նրա ընտանիքին «Ազգը» ցավակցում է:

Իսկ լրագրողներս աջակից ենք իրականության բացահայտմանը` վստահ, որ լրագրողական հանրույթը պարզապես չի հանդուրժի այս գործի կոծկումը, իսկ կոծկել փորձողները ոչ միայն հասարակության, այլեւ մեր բանակի թշնամին են դառնալու, որը կամաց-կամաց գնում է որոմից ազատվելու ճանապարհով, ապացույցը` հենց Արտակի նման սպայի բանակում ծառայելու երեւույթն էր:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4