«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2010-07-27 | #140, 2010-07-28 | #141, 2010-07-29


ԿՈՍՈՎՈՅԻ ՃԱՆԱՉՈՒՄԸՙ ՆԱԽԱԴԵՊ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ

Պետք է աշխատել այս ուղղությամբ

Հաստատումը, որ Հաագայի դատարանի որոշումը վերաբերում է բացառապես Կոսովոյին եւ չի կարող նախադեպ լինել այլ երկրների համար, իրականությանը չի համապատասխանում: Միջազգային այս թյուր կարծիքը մերժում է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը : Նրա ներկայացմամբՙ դատարանի վճռում երկու կարեւոր կետ կա. տարածքային ամբողջականությունը վերաբերում է միջպետական համաձայնագրերին, իսկ անկախության հռչակագիրը կարող է միակողմանի լինել: «Այսպիսով հաստատվեց, որ ԼՂՀ ճանաչումը չի հակասում միջազգային իրավունքին եւ չի պահանջում Ադրբեջանի համաձայնությունը», նշեց նա: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հայտարարությունն էլ` Կոսովոյի ճանաչումը չի կարող լինել նախադեպ, Մանոյանը բնութագրում է ոչ թե իրավական այլ զուտ քաղաքական հայտարարություն: «Հաջորդ որոշման մեջ դատարանը անպայման հղում է անելու Կոսովոյի նախադեպին: Եթե Գորդոնը համալսարանի դասախոս լիներ, ապա նրան անմիջապես կհեռացնեին նման հայտարարություն անելու համար», ասաց նա:

Նա վստահ է` Հաագայի դատարանի որոշումը իրավական էր, սակայն դատավորները քվեարկություն կատարելիս ենթարկվել են քաղաքական ազդեցությունների:

Մանոյանի խորհուրդը հետեւյալն է. առիթը ձեռքից բաց չթողնել եւ ակտիվացնել ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը, համոզել ճանաչող երկրներին, որ դրանով միջազգային իրավունքին դեմ չեն գնա:

«Պետք է անընդհատ բարձրաձայնել, որ ԼՂ անկախության հռչակումը համապատասխանում է ԽՍՀՄ եւ միջազգային իրավունքին, հիշեցնել Արցախի խնդրի հոլովույթները եւ հիշեցնել, որ Արցախն իր անկախությունը հռչակեց, երբ արդեն նույնիսկ Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս էր բերվել: Եվ այդ անջատումը կատարվեց, որովհետեւ տասնամյակներ շարունակ Խորհրդային Ադրբեջանը խտրական քաղաքականություն է վարել Ղարաբաղի նկատմամբ», ասաց նա:

Մանոյանին անհասկանալի է, որ Հաագայի դատարանի որոշումից հետո արցախցիները հանրահավաք չանցկացրին: «Սա այն դեպքն է, երբ Արցախի ձայնը պետք է հնարավորինս բարձր լսվեր եւ հասներ ոչ թե Երեւան, այլ Երեւանից այն կողմ»:

  «Ազգ» -ի հարցին ի պատասխան Մանոյանը շեշտեց, որ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը միայն այն պարագայում, երբ ԼՂՀ կարգավորման բանակցությունները մտնեն փակուղի: «Այսօր ճանաչելը կարող է ինչ-որ ձեւով դիտվել խոչընդոտող քայլ Հայաստանից, որն այս պահին այնքան էլ նպատակահարմար չէ: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է ակտիվ աշխատանք տանի, որ ԼՂՀ անկախությունը ճանաչվի այլոց կողմից»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4