«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2010-07-27 | #140, 2010-07-28 | #141, 2010-07-29


ՀԱՎԻ ՁՎԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԴԵՄՊԻՆԳ ՉԻ՞ ԵՂԵԼ

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կրկին ցույց տվեց իր անզորությունը

Հունիսին հավի ձվի շուկայում գների իջեցման կապակցությամբ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ էր հարուցել եւ երեկ, ամփոփելով ուսումնասիրության արդյունքները, հրապարակեց իր որոշումը: Առաջ անցնելով ասենք, որ, ինչպես եւ դեղերի շուկայի դեպքում, այս անգամ եւս հանձնաժողովն ապացուցեց տնտեսական մրցակցությունը խաթարող երեւույթների վրա ազդելու իր անկարողությունը:

Համաձայն հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքների, որոնք ներկայացվեցին նիստի ժամանակ, շուկայում արձանագրվել է արտադրության ծավալների աճ, ինչը հանգեցրել է գների իջեցման: Դրա հետեւանքով արտադրողները կրել են վնասներ: Հավի ձվի շուկայում գործող որոշ տնտեսվարողների կողմից դեմպինգի (գների ինքնարժեքից ցածր սահմանելու) առկայության մասին տարածված տեղեկությունները հանձնաժողովը չհաստատեց: Փոխարենըՙ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկային» եւ «Արաքս թռչնաֆաբրիկային», որոնք պատկանում են նույն սեփականատիրոջը, համարեց գերիշխող դիրք ունեցող եւ գրանցեց գերիշխող դիրք ունեցողների գրանցամատյանում:

Մեկ այլ որոշմամբ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 500 հազարական դրամ տուգանք նշանակեց «Զանգափ», «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա», «Արաքս թռչնաֆաբրիկա», «Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկա» եւ «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունների նկատմամբ, քանի որ այդ ընկերությունների կողմից արտադրվող եւ իրացվող ձվի վրա բացակայում է պիտանելիության ժամկետի մասին նշումը, ինչը կարող է որակվել որպես հասարակությանը մոլորեցնելու եւ անբարեխիղճ մրցակցության գործողություն:

Որ հանձնաժողովը ցանկանում է պաշտպանել սպառողների իրավունքները, պահանջելով նշել ձվի վրա պիտանելիության ժամկետը, իհարկե ողջունելի է: Թեեւ նախկինում նման դեպքերում հանձնաժողովը խուսափում էր պաշտպանել սպառողների իրավունքները, ասելով, որ իրենց գործառույթները տնտեսվարողների խախտված իրավունքները պաշտպանելն է: Սակայն այս անգամ եւս շուկայում տեղի ունեցող երեւույթներին համարժեք արձագանքելու իր հիմնական պարտավորությունը հանձնաժողովը չկատարեց: Իսկ որ շուկայում իսկապես կատարվել է դեմպինգ, կարելի է եզրակացնել ոչ միայն բոլորիս աչքի առաջ տեղի ունեցած ձվի գների աննախադեպ իջեցման փաստից, այլ նաեւ դրա մասին «Զանգափ» ընկերության տնօրեն Գագիկ Մնացականյանի պատմածից:

Ըստ Գագիկ Մնացականյանի ՙ իր բիզնեսը սկսել է թռչնարտադրության մեջ գնելով հավի ճտեր, մեծացրել դրանց, դարձնելով ձվատու: Այդ ժամանակ, երբ ձվի ինքնարժեքը 30-32 դրամ էր, տեղի ունեցած գների կտրուկ անկման պատճառով նա ստիպված է եղել դրանք վաճառել 10 դրամով: Ապա մորթել է եւ 1 կգ-ն 560 դրամով վաճառել նաեւ հավերը: «Զանգափի» տնօրենը մեզ ասաց նաեւ, որ ինքը վարկ էր վերցրել եւ կանոնավոր վճարում էր այդ վարկը, մինչ այս շուկայում գործող 1-2 խոշոր ընկերություններ սկսեցին իջեցնել ձվի գները: Այժմ ստիպված պետք է լինի մարել վերցված վարկի գումարները, երբ ձեռնարկությունը այլեւս գոյություն չունի: Գագիկ Մնացականյանը ձվի գների իջեցման այս քայլերը համարում է 1-2 ընկերությունների կողմից ոլորտի մենաշնորհացման նպատակով արված:

Համաձայն տարածված տեղեկությունների, հավի ձվի շուկայում դեմպինգի հեղինակը «Երեւանի թռչնաֆաբրիկան» է, որը պատկանում է մի շարք այլ խոշոր բիզնեսների սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին: Այս ընկերության իրականացրած քաղաքականությանը կամա թե ակամա տուրք է տվել եւս մեկ խոշոր արտադրողՙ «Լուսակերտի թռչնաֆաբրիկան»: Այս ընկերություններն իրենց անհամեմատ ավելի մեծ շրջանառության շնորհիվ կարող են եւ փաստորեն արդեն դուրս են մղում ավելի փոքր արտադրողներին: Իսկ սպառողների ուրախությունը այն փաստից, որ ձվի գներն անցած մեկ ամսում ցածր էին, կարող է կարճ տեւել, քանի որ, երբ արտադրողների թիվն այստեղ նվազի, մնացած սակավաթիվ արտադրողները, ինչպես հաճախ էր լինում անցած տարիներին, հակամրցակցային համաձայնության կգան եւ արհեստականորեն կբարձրացնեն ձվի գները: Չնայած նախկինում հանձնաժողովը հակամրցակցային համաձայնությունների համար տուգանել էր թռչնարտադրողներին, բայց դատելով նրա գործունեության վերջին մեկ տարվա անարդյունավետությունից, խիստ անհավանական է թվում, որ ապագայում ձվի գների արհեստական բարձրացման ժամանակ ի վիճակի կլինի որեւէ կերպ ազդել դրա վրա:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4