Արարատի ծեր կատարին դար է դիպել վայրկյանի պես ու անցել
Ժամանակըՙ չնչին, ինչպես Արարատի վրա նետված մի քար
Ամեն օր կյանքի փոքրիկ դեպքերը մեզ կլանում են, տանում են միլիմետր առ միլիմետր` սողալով, հրմշտվելով, ափլփելով մենք փորձում ենք անցնել պատմության միջով: Ամեն օր թաղված փոքրիկ դեպքերի եւ մոտահայաց իրադարձությունների մեջ` չենք հասցնում հայացք բարձրացնել եւ հառել հեռուն, չենք կարողանում գնահատել ժամանակը դարի, հազարամյակի դիտակետից, եւ ուրեմն չենք կարող ընդհանրապես ժամանակի գնահատականներ տալ եւ հեռահար որոշումներ ընդունել: Ի՞նչ է քսան տարին. դարի հեռվից` ոչինչ, փոշի, քարի փոքրիկ մի կտոր հսկա լեռների վրա: Այդ 20 տարին մատնանշող որեւէ փաստ, իրողություն արդյո՞ք կհայտնվի ժամանակը հնձող պատմության մեջ: Կամ` ո՞վ է տանելու մեր փոքրիկ ակնթարթը ժամանակի հզոր գետի մեջ, ո՞վ է լինելու մեր ժամանակի խորհրդանիշը, ո՞ւմ են հիշելու, ո՞վ է, դասագրքային հնացած արտահայտության հանգույն, մնալու պատմության մեջ: Եթե նայում ենք մեր մանրապճեղ ժամանակին եւ նրա մանրապճեղ կերտողներին` համեմատ Իսահակյանի, Չարենցի ու Անդրանիկի, ու նրանց` դարեր միտող ժամանակի, վերջիններս պարզապես հսկաներ են թվում, ուր` մեր ժամանակը, ուր` նրանք: Էլ ո՞նց պիտի մրցենք` նրանց կողքին պատմության մեջ մնալու համար: Իսկ եթե ավելի հետ ենք գնում, ասենք, ընդամենը երեք-երեքուկես հազարամյակ, կարելի է ասել` ոչինչ չգիտենք Արգիշտիի ու Մենուայի ժամանակի մարդկանց մասին. չգիտենք` ինչպե՞ս էին այդ շրջանի մարդիկ ապրում, հանուն ինչի՞ էին ապրում, կռվում ու մեռնում, ի՞նչ էին երգում նրանց բանաստեղծները, ինչպես էին սիրում եւ ատում տվյալ ժամանակի հայեղեն մարդիկ. սեպագրերը, որ պահել են մի քանի թագավորի անուն ու նրանց գործերը, ոչինչ չեն նշանակում, կամ` նշանակում են միայն պատմության չոր թվեր, այն եւս առանց շարժառիթ ու պատճառահետեւանք մատուցելու: Իսկ ատելության ու սիրո, գեղեցիկի եւ անընդունելիի մասին տվյալ ժամանակի մեջ ոչինչ չգիտենք, չգիտենք` ի՞նչ աստիճանի նենգ կամ անհաշտ էր պայքարը հանուն հարստության, իշխանության եւ կնոջ, եւ որքա՞ն ինքնաբուխ էր մղումը` հայրենիքի պաշտպանության: Հիմա այդ` Էրեբունի հիմնադրող եւ թագավորությանը նոր հողեր միացնող ահագնաթափ ժամանակի համեմատության մեջ (որի մասին էլի քիչ բան է մնացել պատմական հիշողության մեջ) եթե դիտենք մեր ժամանակի կրքերը, մեր ժամանակի փոխադարձ տակքանդոցիները, միմյանց քարկոծելը, միմյանցից հաց խլելը` այդ բոլորն իսկապես որ ճղճիմ են թվում, եւ ճղճիմ ժամանակի արգասիք: Դե` ի՞նչ ենք խմորում ամեն օր, որ ինչ հունցենք` հանրահավաք, ՀՀՇ, կոնգրես, գողական պատգամավորներ եւ բարձրաստիճան գողեր, փողոցում 20 եգիպտացորեն վաճառող բիձուկից 500 դրամ «նալոգ» գրպանող ոստիկաններ, ամբաստանյալ սպանող քննիչներ, մարդկանց իրավունքը պաշտպանող դատապաշտպանի հետեւից ընկած իրավապահներ, կերատաշտը բոլոր հայտնի եւ անհայտ միջոցներով իրարից փախցնող քաղաքականներ, բերանն օտար բառերով ծռմռող երիտասարդություն: Մյուս կողմից էլ` էլի մեր ժամանակի մեջ ամեն օր նաեւ մեզ դարակազմիկ թվացող իրադարձություններ են կատարվում, որոնք մինչեւ հիմա չեն եղել երբեք. հենց թեկուզ Արցախի անկախության հռչակումը: Վերջինն, անշուշտ, 200 տարի հետո էլ կնշվի որպես պատմական հողերի վերադարձ պատմական հայրենիքի գիրկը, եթե, իհարկե, մերոնք դիվանագիտորեն կարողանան չկորցնել շահածը:
Սակայն մյուս կողմից եկեք նայենք , թե մի հիսուն տարի հետո ո՞ւմ են հիշելու մեր ժամանակի խորհրդանիշ որպես. մեր նախագահներին արժեզրկեցինք (գուցե օբյեկտիվ իրավիճակի արդյունք` բայց փաստն այս է), մեր գրողներին որակազրկեցինք` լարում եմ հիշողությունս, Հրանտ Մաթեւոսյանից այն կողմ, այս ժամանակի խորհրդանիշին ձգող անուն չեմ գտնում. մոռացվում են, հասկանում եք, գրողների միության նախագահների մտերիմներն ու բարեկամները, ովքեր տաղանդ են հռչակվում ժամանակի մեջ, վայելում կյանքը եւ այդպես թյուրիմացության մեջ էլ մեռնում որպես տաղանդավոր գրողներ, որոնք հասարակությանը չգիտեմ, բայց իրենք իրենց ու փող տվողին հավատացրած են լինում, որ տաղանդներ են ու առնվազն Թումանյանի ձգում են: Նույնը մյուս ոլորտներում է` մրցանակները միմյանց լավություն անելու եւ ոչ` տաղանդների վրա նշան դնելու միջոց են, անգամ երբեմն որ քրքրում ես` հերոսներին են ծանոթի միջոցով հերոսներ դարձրած լինում, ժամանակակիցների համար օրինակելու սուբյեկտ դարձնելով: Այսինքն` հերոս սարքելը շատ անգամ պատնեշ է` սարքողներին պաշտպանելու եւ նրանց լուսապսակով իրենց առօրյա նյութաշահ կյանքն անամպ դարձնելու համար: Բայց... պարզագույն միտքը ոչ ոք դեռ չի հաղթահարել` գործն է անմահ, միտքը թեւեր ունի եւ թռչում է դարից դար: Ոչ համակարգիչը, ոչ բարձր տեխնոլոգիաները չեն կարող փոխարինել մարդուն եւ նրա ստեղծած բովանդակությունը, որո՛վ միայն ժամանակ կապրեցվի ու կփոխանցվի ուրիշ ժամանակի: Լեւոն Անանյանին կմոռանան, վարչապետին կմոռանան, մշակույթի նախարարին կմոռանան, կարգախոսները բովանդակություն չեն, եւ ի՞նչ է քսան տարին դարերի մեջ: Կհիշեն Հայաստանի անկախությունը, անգամ անունները կմոռանան, որ այդ անկախության ակունքներում են կանգնած եղել: Կմնա Երեւանը` իր այն կառույցներով միայն, որ դարի աչքին են նայում ամրությամբ եւ գեղեցկությամբ. վիրտուալ գիտելիքը, այս պահին թվում է փոխանցվող, բայց դա միայն այս պահին է, մենք չգիտենք, թե ի՞նչ տեղի կունենա երկրագնդի հետ (այդ թվում` մեր փոքրիկ երկրի), մենք չգիտենք` հնարավոր կլինի՞ մի դար հետոյին փոխանցել համակարգիչ լցված ողջ ինֆորմացիան հայերի ու Հայաստանի մասին: Իսկ մարդկային եւ պատմական հիշողությունն անսխալ է` նա պահում է հիշողության արժանի բաները (դրանք երբեք շատ չեն լինում) եւ մոռանում այն բոլորը, ինչ այսօր համակարգիչ է լցվում, բայց սրտում չի մնում: Հազարամյակներ համակարգիչ չի եղել, պատմությունը կեղծվել է պատմագիրներին պատվեր տվողների միջոցով, բայց ժողովրդի հավաքական հիշողությամբ, այնուամենայնիվ, ե՛ւ դավաճանների մասին պատմություններն են մնացել, ե՛ւ հերոսների. այլակերպվա՛ծ, քննական հայացքով մի լավ քրքրելու ենթակա, բայց մնացել են: Իսկ եթե հիմա համակարգչի հույսին ենք, ու փորձում ենք մեր այս փոքրիկ, մժեղային կյանքից պատմության համար փղեր ձուլել` չարաչար սխալվում ենք, ոչ համակարգիչն է փրկելու, ոչ ապերոներից գիտության դոկտոր ձուլող փողը: Ժողովուրդների հիշողությունն, այնուամենայնիվ, անկաշառ է, մոռացության աստվածն` անողոք, եւ ոչ մի համակարգիչ այստեղ ոչինչ անել չի կարող:
Էպոխան սարի պես մի բան է, մենք` մի փոքրիկ հյուլե նրա մեջ: Բոլորս անցնելու ենք, ինչպես Ժողովողն է ասում: Այնպես որ մեր ժամանակը ճեղքելու շանսը միլիոնից մեկն ունի, բայց միլիոնից մեկը եւս շանս է: Միլիոնից մեկը ազգ ու ազգի պատմություն է ներկայացնում: Երջանիկ կլինի նա, ով այս մանրապճեղ ժամանակի մեջ միլիոնից մեկը լինելու շնորհին կարժանանա` փողի, ուժի, թայֆայի մասին այս դեպքում մոռացեք:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ