«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2010-07-27 | #140, 2010-07-28 | #141, 2010-07-29


ԲԱԹՈՒՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՄԻԱՅՆ 37 ԱՇԱԿԵՐՏ ՈՒՆԻ

Ասում են, թե բաթումցի հայը շատ է տարբերվում թիֆլիսեցի հայից կամ ջավախքցուց: Ու ժամանակին էլ հայերը Բաթումում այնքան էլ փոքրաթիվ չեն եղել` կազմելով ընդհանուր բնակչության մոտ 15-20 տոկոսը: Այսօր Բաթումի հայ համայնքը հազիվ 8 հազար մարդ է ու քաղաքի բնակչության միայն 5 տոկոսը, ընդ որում` հայերը շարունակում են հեռանալ Բաթումից:

Չնայած այս տխուր պատկերին, Բաթումի հայկական եկեղեցու կիրակնօրյա պատարագը բավականին մարդաշատ էր, երբ այնտեղ հայտնվեցին Հայաստանում Վրաստանի դեսպանատան կազմակերպած այցելությանը մասնակցող հայ լրագրողները: Համայնքի համար միավորող ուժ դարձած եկեղեցում խայտաբղետ բազմություն էր, որի մեծ մասը, սակայն, առանձնակի ոչ մի խնդրից չխոսեց:

Այդուհանդերձ, Աջարիայի հայերի միության մամուլի քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ներկայացմամբ, Աջարիայում ընդհանրապես ապրում է մոտ 10 հազար հայ, որոնցից 2 հազարը բնակվում են Քոբուլեթում եւ Չակվիում: Ինչեւէ, Բաթումում հայկական 8-հազարանոց համայնքը ազգային փոքրամասնությունների առումով ամենամեծն է:

Վրացական դպրոցին կից գործող հայկական դպրոցը, Հովհաննիսյանի բնութագրմամբ, մահամերձ վիճակում է: Խնդիրն այն է, որ դպրոցում դասավանդում է միայն 12 ուսուցիչ, որոնցից 10 թոշակառուներ են: Իսկ ինչն ավելի վատ էՙ դպրոցն ունի ընդամենը 37 աշակերտ:

Հայերի մեծ մասը, ըստ Հովհաննիսյանի, ռուսախոս են, ու դրա համար էլ ընկալվում են որպես ռուսամետ, ինչը Վրաստանում հաստատ լավ վերաբերմունքի արժանանալու վկայություն լինել չի կարող: Հովհաննիսյանի ներկայացմամբ, եղել են դեպքեր, երբ Բաթումի ռեստորաններում արգելել են երգել ոչ միայն ռուսերեն, այլեւ հայերեն, թեեւ սա, կրկին Հովհաննիսյանի մատուցմամբ, ընդհանրական երեւույթ չէ:

Առավել հետաքրքրական է, որ, ըստ Հովհաննիսյանի, հայ-վրացական հարաբերությունները բնավ էլ անամպ չեն ու արդեն կարող են դիտարկվել որպես խնդիրներ ունեցող, պայթյունավտանգ: Ուստի Աջարիայի հայերի միությունը առաջարկում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի իշխանություններինՙ առավել ուշադիր լինել հայերի խնդիրների նկատմամբ` փորձելով լուծել դրանք:

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Բաթում-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4