«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2010-07-28 | #141, 2010-07-29 | #142, 2010-07-30


«ԱՄԵՆ ՕՐ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԷՐ ԵՐԿՈՒ ԳՈՒՅՆ...»

«Կանաչ եւ սեւ» գրքի վերնագիրը, հեղինակ` «Ազգ» -ի նախկին աշխատակից Թաթուլ Հակոբյանի խոսքերով, իրեն հուշել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը. «Սեւը պատերազմում սպանվող մայրերի հագուստի գույնն է, իսկ կանաչը` զինվորական համազգեստը: Պատերազմի տարիներին ամեն օր Ղարաբաղում ավելանում էր երկու գույն. մայրերն ավելի շատ սեւ էին հագնում, որդիներն ավելի շատ կրում էին զինվորական համազգեստ», երեկ «Ուրբաթ» մամուլի ակումբում գրքի արեւմտահայերեն եւ անգլերեն հրատարակությունների երեւանյան շնորհանդեսին նշեց հեղինակ Թաթուլ Հակոբյանը : «Կանաչ եւ սեւ»-ը աշխատություն է Ղարաբաղի մասին` նրա սովորական մարդկանց, բանակցությունների ողջ ընթացքի. «Ես փորձել եմ այդ ամենը ներկայացնել սովորական մարդկանց կյանքով, իմ հերոսները հենց սովորական մարդիկ են», նշեց հեղինակը: Հակոբյանն ընդգծեց, որ երբեք չի մտածել գիրք գրելու մասին. «Սակայն երկար տարիներ աշխատելով «Ազգ»-ում` հենց ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ հրապարակումներ ներկայացնելով, ես որոշեցի այդ ամբողջը մեկտեղել, եւ հիմա էլ արդեն աշխատում եմ իմ երկրորդ գրքի` «Հայացք Արարատից, հայերն ու թուրքերը», վրա: Կարծում եմ եւս 1,5 տարուց կավարտեմ», ասաց Հակոբյանը:

Հավելենք նաեւ, որ «Կանաչ եւ սեւ»-ը արդեն ներկայացված է արտասահմանում, սփյուռքում: Գիրքը կարելի է ընթերցել նաեւ անգլերեն, թարգմանվել է նաեւ արեւմտահայերեն` հատուկ սփյուռքի համար, իսկ թուրքերեն եւ արաբերեն թարգմանությունները ընթացքի մեջ են: Վստահաբարՙ Ղարաբաղի պատերազմի մասին պատմող գիրքը մեծ նշանակություն կունենա հատկապես արտասահմանում` այդ պատերազմի մասին ճշմարիտ պատկերացումներ կազմելու համար. մանավանդ որ արտասահմանցու սեղանին մեծամասնություն են կազմում նույն պատերազմի մասին պատմող ադրբեջանական գրքերը` «մեկ այլ ճշմարտությամբ»:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4