«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2010-07-28 | #141, 2010-07-29 | #142, 2010-07-30


ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՉԿԱՅԱՑԱՎ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԷԻՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԿԵՂԾ ՀՈՒՅՍԵՐ ՏԱԼ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ

«Ինչ որոշում էլ կայացնի Հաագայի միջազգային դատարանը, Ղարաբաղի ինքնորոշման համար պետք է շարունակել պայքարել»: Սա «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի տեսակետն է: Նա հիշում է, որ ամիսներ առաջ, երբ Արցախում խորհրդարանական ընտրությունների ժամանակ սոցիոլոգիական հարցում է կատարել, նրան մոտեցել է մի պաշտոնյա եւ ասել.

«Ոչ թուրքից ենք վախենում, ոչ էլ ՆԱՏՕ-ից, ձեզանից ենք վախենում, հանկարծ դուք ինչ-որ շարժառիթների հետեւանքով չլքեք, չթողնեք մեզ Ադրբեջանի կազմում»:

Այս կապակցությամբ սոցիոլոգի առաջարկած բանաձեւը «բարեկիրթ ապահարզանն» է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ.

«Կոսովոյի նախադեպին ուշադրություն չպետք է դարձնել: Հայաստանը պետք է դուրս գա գործընթացից, թողնի Ղարաբաղին ադրբեջանաբնակների հետ, թուրքական համայնքի հետ լեզու գտնի, եթե գտնեն գոյատեւման լեզու, Հայաստանը կողմ կլինի, եւ կդիմեն «բարեկիրթ ապահարզանի», երբ երկար տարիներ միասին ապրող զույգը մի օր որոշում է բաժանվել, որոշում են` գույքը ոնց պետք է բաժանեն»:

Նա համոզված է, որ նման քայլը վտանգ չի պարունակում, քանի դեռ Արցախում հայկական զինված ուժեր կան: Նա համոզված է, որ եթե վերոնշյալ լուծման առնչությամբ հարցում անցկացվի Արցախում` 90 տոկոսը դրական պատասխան կտա:

Անդրադառնալով Հաագայի դատարանում Կոսովոյի ճանաչման խնդրին, Ադիբեկյանը հավելեց, որ Ղարաբաղում քչերն են թերթ կարդում, հեռուստատեսությունն էլ քիչ տեղեկատվություն է տալիս, հետեւաբար շարքային բնակիչը գրեթե տեղեկացված չէ: Հենց այդ ինֆորմացիայի բացակայության պատճառով էլ Ստեփանակերտում չկայացավ նախատեսված միտինգը:

«100-ից միայն 5-ը կարող են իմանալՙ ինչ է Կոսովոն, եւ միայն 2-ըՙ որ Հաագայի դատարանը որոշում է կայացրել Կոսովոյի հարցի վերաբերյալ: Բացի այդ, իշխանությունները չէին ցանկանում հերթական անգամ կեղծ հույս տալ ղարաբաղցիներին, որ Կոսովոյի նախադեպն իրենց կարող է տանել անկախության: Հոգեբանական վնաս կլիներ, եթե պարզվեր, որ միտինգը է արվում Կոսովոյի համար, եւ հանկարծ գերտերություններն ասում են, որ դա հատուկ դեպք է` բնորոշ Կոսովոյին»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4