«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2010-07-28 | #141, 2010-07-29 | #142, 2010-07-30


«ԱՅՍՊԻՍԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԱՅԴ ԿԻՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԼԻՆԵԼ»

Երեկ «Ազգը» տեղեկացրեց, որ ադրբեջանական «Ենի մուսաֆաթ» թերթում հրապարակված հոդվածը պատմում էր Լոնդոնում բնակվող հայ տղայի եւ ադրբեջանցի աղջկա սիրավեպի մասին: Ահա թե ինչ է գրել այդ կապակցությամբ ադրբեջանական «Ազադլիգը». «Ադրբեջանի հասարակությանը գաղափարազրկել են: Ազգային արժեքներ ընդգրկող գաղափարների փոխարեն անձի պաշտամունքի կեղծ գաղափարներ են խցկել մարդկանց ուղեղները: Ադրբեջանի սփյուռքն էլ է ստեղծվում այդ կեղծ, անձի պաշտամունքի գաղափարների վրա: Այդ կեղծ գաղափարի վրա ստեղծված խարդավանքները փոխում են ադրբեջանական ներսի եւ դրսի հասարակությունների դեմքը: Սփյուռքի հետ աշխատող պետական պաշտոնյաները առաջնորդվում են առեւտրի սկզբունքներով:

Արտասահմանում սովորող ադրբեջանուհին սիրահարվել է հայ տղային եւ չի ցանկանում բաժանվել նրանից: Այդ մտքից նրան չի կարողանում հետ պահել անգամ Ադրբեջանում նրա հոր զբաղեցրած բարձրաստիճան պետական պաշտոնը: Իսկ ինչո՞ւ պետք է հետ պահի: Կասկած չկա, որ այդ աղջիկը տեսել է, թե Ադրբեջանում իր հոր հսկա շրջապատում ինչպես են տղամարդիկ ստորացմամբ ենթարկվում անձի պաշտամունքի մթնոլորտին եւ կորցնում սեփական դեմքը, այդ պատճառով էլ նա իր համար այլ, ավելի հոգեհարազատ այլընտրանք է որոնում:

Բոլորովին կարեւոր չէ` նրա ընտրյալը հայ է, թե այլազգի, որովհետեւ այդ կինը չի ցանկանում լինել այսպիսի ադրբեջանցի, այդ պատճառով էլ նրա համար կորած է ադրբեջանցիների թշնամի կամ բարեկամ տղամարդու կարեւորությունը...»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4