Գյուղնախարարը անդրադարձավ նաեւ ալյուրի գների բարձրացմանը
Հայաստանում ցորենի սերմնաբուծությունն ու սերմնարտադրությունը զարգացնելու նպատակով երեկ կառավարությունը հաստատեց այս ոլորտի 2010-2014-ի զարգացման ծրագիրը եւ թույլտվություն տրամադրեց գյուղատնտեսության նախարարությանըՙ Ռուսաստանից Հայաստան ներմուծել բարձրորակ ցորենի սերմ: Ներկայացնելով այս որոշումը լրագրողներինՙ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը հայտնեց, որ Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասից ներմուծվող ցորենի սերմի առաջին խմբաքանակըՙ 1500 տոննան, գյուղացիներին տրամադրվելու է անվճար:
Խոսելով Հայաստանում ցորենի արտադրության զարգացման նշանակության մասինՙ գյուղնախարարը տեղեկացրեց, որ ներկայումս Հայաստանում սպառվում է տարեկան 650-700 հազար տոննա, որից միայն 200-250 հազար տոննան է արտադրվում տեղում: Այսինքնՙ պահանջարկի միայն մոտ 37 տոկոսն է տեղական արտադրության ցորենը, ինչը ցածր ցուցանիշ է: Կառավարության որոշմամբ, ներմուծելով էլիտարՙ բարձր բերք տվող ցորենի սերմ, նպատակ է դրվում 2014-ին հասնել նրան, որ տեղում արտադրվի 350-400 հազար տոննա ցորեն: Այդ ժամանակ Հայաստանում կարտադրվի նաեւ էլիտար ցորենի սերմ:
Ոլորտին առնչվող այլ խնդիրների վերաբերյալ Գերասիմ Ալավերդյանին ուղղված լրագրողների հարցերից մեկը ալյուրի գների վերջերս արձանագրված թանկացման մասին էր: Նախարարը պատասխանեց, որ ալյուրի թանկացումը պայմանավորված է ցորեն արտադրող երկրներում եւ մասնավորապես Ռուսաստանում այս տարվա ցածր բերքով: Այդ կապակցությամբ առաջացած սպասումները ներկրողներին դրդել են իրականացնել «իրենց գնային քաղաքականությունը»:
«Ինչո՞վ է պայմանավորված գյուղատնտեսության անկումն այս տարի» հարցին Գերասիմ Ալավերդյանը պատասխանեց, որ դրա հիմնական պատճառը պտղի եւ բանջարեղենի ցածր բերքն է: Մասնավորապես, այս տարի սպասվում է մոտ 80 հազար տոննա բերքՙ նախորդ տարվա 160 հազար տոննային փոխարեն: Սակայն գյուղնախարարը փորձեց հուսադրել ներկաներինՙ ասելով, որ տարվա երկրորդ կեսին իրավիճակը կլավանա հատկապես խաղողի բարձր բերքի շնորհիվ: Ըստ գյուղնախարարի, տարեկան այստեղ կլինի 3-5 տոկոս աճ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ