Հուլիսի 28-ին N զորամասում տեղի է ունեցել միջադեպ` հրազենային զենքի կիրառմամբ: Կան զոհեր, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս հաղորդագրությունը ստացվել է պաշտպանության նախարարության կայքից (տեսՙ էջ 1): Վերջին երկու օրվա ընթացքում սա բանակում երկրորդ պատահարն է, երբ խաղաղ պայմաններում բանակում հայ զինվոր է մահանում` մահանում հայի ձեռքով, հայրենակցի փամփուշտից:
Հուլիսի 27-ին երիտասարդ արեւելագետ, Հայաստանի բանակի պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մահը, որը պաշտոնական վարկածի համաձայն ինքնասպանություն է, ցնցեց հասարակությանը: Արդեն երկու օր facebook սոցիալական ցանցում հիմնական քննարկումներն այդ մահվան շուրջն են: Նազարյանի ծնողները համոզված են, որ իրենց որդին ինքնասպանություն չի կատարել. հավասարակշռված անձնավորություն էր, եւ չէր կարող ձեռք բարձրացնել իր վրա: Պաշտպանության նախարարությունն էլ մահվան կապակցությամբ պաշտոնական հաղորդագրության մեջ գրում է, որ տեղի է ունեցել ինքնասպանություն: Սակայն այս պարագայում այնքան էլ էական չէ` սպանություն է, թե ինքնասպանություն: Զինվոր է մահացել հայկական բանակում` խաղաղ պայմաններում, հետեւաբար մեղավորների պատասխանատվության կրումը պետք է լինի անխուսափելի: Այդ ինչպե՞ս է պատահում, որ բանակ փառաբանող, զինվորի կենացը խմող ազգում հանկարծ խաղաղ պայմաններում սպանություններ են կատարվում, ինչպե՞ս է պատահում, որ պատերազմում հաղթած բանակում հիմա զինվորներն իրար վրա կրակ են բացում: Ինչո՞ւ, ինչի՞ համար:
Այս երկու իրադարձությունները կարծես գալիս են ազդարարելու մի բան, որին որեւէ մեկը չի ցանկանում հավատալ. մեր բանակում կան խնդիրներ: Սակայն ամենադաժանը իրադարձության բնութագրումն է մեկ արտահայտությամբ` «Հայը սպանել է հային»:
Նախարարության հայտարարությունը, որ կատարվել է ինքնասպանություն, իրադարձությունների ընթացքը չի փոխում: Նշանակում է` զորամասում անառողջ մթնոլորտ է ստեղծվել, որ զինվորը դիմել է ինքնասպանության: Զորամասի հրամանատարության մեղքը հսկայական է, որովհետեւ յուրաքանչյուր զինվոր գտնվում է հրամանատարության հսկողության ներքո, որը պատասխանատվություն կրում նրա կյանքի համար:
Այսօր Արտակ Նազարյանն է զոհվել, վաղը կարող է լինել մեկի եղբայրը, մյուսի որդին, երրորդի հայրը: Պետք է կանխել այս ամենը կտրուկ միջոցներով, որպեսզի չդառնա նախադեպ:
Վստահ եմ, որ այժմ նախարարությունն ամեն ջանք գործադրում է սպանությունները բացահայտելու ուղղությամբ, բայց արդյո՞ք այդ բացահայտումների արդյունքին հասարակությունը կտեղեկանա, արդյո՞ք մեղավորները կպատժվեն, չե՞ն կոծկի այս սպանությունն էլ, որպեսզի միջազգային հարթակներում սեփական վարկանիշը բարձր պահեն: Բայց ավազից կառուցված ամրոցն այնքան էլ ամուր չէ, հետեւաբար բանակի հիմքերի կայունության համար նախարար Սեյրան Օհանյանը պետք է իր հսկողության տակ առնի սպանությունների հանգամանքներն ու մեղավորներին առավելագույն պատժի ենթարկի: Միայն այդ կերպ հնարավոր կլինի ապագայում կանխել նման ողբերգությունները:
Հ. Հ.