Հուլիսի 27-ին Տավուշի զորամասերից մեկում մահացած Արտակ Նազարյանի մահը հավաստող դատաբժշկի նախնական եզրակացության հետեւությունն այսպիսին է` մահվան բնույթն անորոշ է: Նկարագրված է, որ Արտակը ստացել է գլխի հրազենայինՙ գնդակային միջանցիկ վիրավորում` գլխուղեղի վնասումով, գլխուղեղի կենսական կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարումով: Այսինքնՙ այս բոլորն արձանագրելով` դատաբժիշկը փաստորեն չի արել պարզ հետեւություն, թե մահը վրա է հասել հրազենային կրակոցից, ինչն, ըստ անկախ փորձագետների, պաշտոնական վարկածն առաջ քաշելու ռեսուրս ունի իր մեջ: Մամուլն, այդ թվում` «Ազգը» , արդեն գրել է, որ Արտակ Նազարյանի մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են բռնության հետքեր. տարբեր փորձագետներ չեն բացառում, որ Արտակը կարող է մահացած լինել հենց ծեծից, եւ հետո ինքնասպանության իմիտացիա ստեղծեին, կամ գուցե ինքնասպանության են հասցրել սպային: Դատաբժշկական փորձաքննության վերջնական եզրակացությունը, հուսանք, դեռ որոշակիություն կմտցնի: Գործը քննում են զինվորական դատախազությունն ու ՊՆ քննչական վարչությունը, էլի հուսով ենք` հասարակայնության ակնդետ հայացքի ներքո:
Մ. Խ.