«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2010-07-28 | #141, 2010-07-29 | #142, 2010-07-30


ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ

Արամ Ավետիսյանն ապրում է Նիժնի Նովգորոդ քաղաքում: 17 տարեկան է, որոշել է բժիշկ դառնալ: Արամը ծնվել է Հացառատ գյուղում: 6 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան: Նա ռուսական դպրոց է ավարտել, պատմում է, որ զուգահեռ հաճախել է կիրակնօրյա հայկական դպրոց: «Ինձ չեն ստիպել, որ հաճախեմ հայկական դպրոց: Եթե Նիժնի Նովգորոդում ամենօրյա հայկական դպրոց լիներ, ռուսական դպրոց չէի գնա», ասաց Արամը:

Ռուսաստանում ապրող հայ երիտարդներից շատերին չի հետաքրքրում հայ ժողովրդի պատմությունը, իսկ ով էլ ուզում է սովորել, չգիտի ինչպե՞ս ու որտե՞ղ սովորի:

Չնայած Արամը ավարտել է նաեւ հայկական դպրոց, բայց ասում է, որ չգիտի իր հայրենիքի պատմությունը: «Ինտերնետին չեմ վստահում: Գրքեր կարդում եմ, բայց չգիտեմ, ո՞ր գրքին վստահեմ»: Ռուսական դպրոցի վաստակավոր ուսուցիչներին Արամը հարցրել է Հայոց ցեղասպանության մասին: «Նույնիսկ չգիտեն ո՞ր թվին է եղել, բայց եթե պատմության ուսուցիչ է, պետք է իմանա: Այդ ուսուցիչներն արդեն կորցնում են իրենց հարգանքը մեր առջեւ», ասում է Արամը:

21-ամյա Երվանդ Գալստյանը նույնպես ապրում է Ռուսաստանում: Սովորում է Սանկտ Պետերբուրգի հումանիտար կրթության ինստիտուտում, ուզում է իրավաբան դառնալ: Երվանդն ու Արամը հիմա Հայաստանում են: Երիտասարդներին հայրենիք է բերել «Մեկ ազգ, մեկ մշակույթ փառատոնը»: Այս օրերին երկուսն էլ հանդես են գալիս պարային կատարումներով: Մինչեւ Հայաստան գալն իրար չեն ճանաչել: Հայրենասիրության, հայ, թուրք, ադրբեջանցի երիտասարդների մասին նրանք սկսեցին խոսել դեպի Արցախ գնացող ավտոբուսի մեջ:

Երվանդը պատմեց, որ մի անգամ Ռուսաստանում համերգի ժամանակ ադրբեջանցիները պարել են հայկական երաժշտության տակ` դուդուկի ու զուռնայի, եւ ասել` իբր դա ադրբեջանական երաժշտություն է: «Երբ հայերս տեսանք ադրբեջանական պարերը, դահլիճից գոռացինք. «Արցա՛խ, Հայաստա՛ն»: Արդեն պետք է կռիվ լիներ ադրբեջանցիների հետ, բայց ռուսները չթողեցին», ասաց Երվանդը:

Հայ, թուրք եւ ադրբեջանցի երիտասարդների շփումը վերածվում է վեճ ու կռվի, մանավանդ այն ժամանակ, երբ խոսք է գնում Հայոց ցեղասպանության ու Ղարաբաղի մասին:

«Ռուսաստանում ադրբեջանցիների հակահայկական քարոզչությունը շատ ուժեղ է, եթե ոչինչ չանենք, հայերն էլ կսկսեն դրան հավատալ: Հայ երիտասարդները լավ չգիտեն մեր պատմությունը», նշեց Երվանդը:

Սանկտ Պետերբուրգում Երվանդն այն ակտիվ երիտասարդներից է , որը ներկայացնում է հայկական մշակույթը տարբեր համերգների ժամանակ: Մի ընկեր ունի, որն էլ որոշել է հայ ժողովրդի պատմության առանձին դասախոսություններ կարդալ երիտասարդների շրջանում: Առաջին դասախոսությունն արդեն եղել է: Ըստ Երվանդի` Ռուսաստանում հային հայ պահելը շատ դժվար է:

Չնայած Ռուսաստանում Արամն ու Երվանդը ձգտում են նպաստել հայապահպանության գործին, բայց գերադասում են, որ իրենց երեխաները Հայաստանում մեծանան:

«Ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ մեծ թե փոքր խմող են, այստեղ դեռ գարեջուր խմող չեմ տեսել», ասաց Երվանդը, «Ես անպայման վերադառնալու եմ Հայաստան»:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Լեռնային Ղարաբաղ-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4