Միջազգային հետազոտություններով պարզվել է, որ յուրաքանչյուր մարդ տարեկան օգտագործում է միջինը 500 հատ պոլիէթիլենային տոպրակ: Առաջին հայացքից անվտանգ թվացող պոլիէթիլենային տոպրակները պատրաստվում են քիմիական նավթից եւ շատ վտանգավոր են առողջության համար: Մեր հասարակությունն իրազեկված չէ այս մասին: «Օգտագործելով պոլիէթիլենային տոպրակներ ու շշեր` մարդիկ չեն հասկանում, որ վնասում են իրենց, նաեւ իրենց երեխաների առողջությունը», երեկ «Արմատ» ակումբում ասաց Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Բնապահպան Լիլիթ Դաշյանն էլ խորհուրդ տվեց օգտվել միայն ապակյա շշերում վաճառվող զովացուցիչ ըմպելիքներից:
«Ազգի» հարցին` կոնկրետ ի՞նչ վնաս է հասցնում պոլիէթիլենն առողջությանը, Ռուբեն Խաչատրյանը պատասխանեց, որ պոլիէթիլենի ամենամեծ վտանգը քաղցկեղածին ազդեցությունն է: Լիլիթ Դաշյանն էլ հավելեց, որ պոլիէթիլենը, անցնելով կերակրի շղթա, դառնում է վտանգավոր նաեւ երիկամների համար:
Երբ այրում են պոլիէթիլենային աղբը, արտանետում է ածխաթթու գազ, որը քայքայում է օզոնային շերտը, ինչը վտանգավոր է առողջության համար: Ըստ Լիլիթ Դաշյանի` պոլիէթիլենային աղբից առավել անվտանգ է ազատվել վերամշակման տարբերակով: Վերամշակելով պոլիէթիլենը` հնարավոր է օգտագործել այն որպես հեռախոսի կամ համակարգչի մարտկոց:
Պոլիէթիլենային տոպրակներ Հայաստան ներկրվում են հիմնականում Պարսկաստանից, տեղում եւս արտադրվում են:
Ռուբեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ զարգացած երկրներում հսկողության տակ են պոլիէթիլենի հսկողությունն ու ներկրումը, այդ երկրներում պետական մակարդակով են փորձում լուծել խնդիրը: Հայաստանում եւս պետական մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն:
Ռ. Խաչատրյանն առաջարկեց օգտագործել, օրինակ` բուսական հիմքով պատրաստվող տոպրակներ: «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը համատեղ ստեղծել են թղթե տոպրակներ: Մի տոպրակի արժեքն է 50 դրամ: Մի քանի սուպերմարկետներ արդեն գնել են այդ տոպրակներից, սակայն սուպերմարկետները որեւէ շահույթ չեն հետապնդում. վաճառում են նույն գնով: Թղթե կամ բուսական հիմքով պատրաստվող տոպրակներն առողջության համար անվնաս են:
Ի. Պ.