«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2010-07-28 | #141, 2010-07-29 | #142, 2010-07-30


ԷԴՈՒԱՐԴ ՇԱԽԻԿՅԱՆԻ ՆՈՒՐԲ, ԴԵԿՈՐԱՏԻՎ ՔԱՆԴԱԿԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Նյութի մեջ տեսնել ներքին շարժում ու հնարավորությունՙ դարձնելով այն զգայական ու մտային աշխարհի արտահայտչամիջոցՙ իհարկե, հնարավոր է միայն նրա հետ կենդանի հաղորդակցումի ճանապարհով: Քանդակագործի երկխոսությունը կարծր նյութիՙ քարի ու մետաղի լեզվով է, նրանց միջեւ նախապես «վեր խոյացող» լռության տարածքը լցվում է դյուրաբեկ նյութով, երբ քարն ու մարդը գտնում են իրարՙ հարազատ զգացողությամբ:

Ինչպե՞ս են մարդիկ ճիշտ կառուցում իրենց բնակավայրերը, երբ սիրում են դրանք: Նրանք զուգում են իրենց քաղաքները կանաչով եւ զարդարում քանդակներով: Մեր քաղաքը աչքի չի ընկնում ոչ մեկով, ոչ մյուսով: Սակայն երբեմն-երբեմն անակնկալներ լինում են, ինչպես Մոսկովյան պուրակում մի քանի տարի առաջ տեղադրված «Նարդի խաղացողի» արձանն էր, որի կերպարում քաղաքի բնակիչները տեսան իրենց առօրյայի անբաժանելի մի մաս: Երեւանյան բակերում կամ այգիներում տեղադրված անշուք տաղավարներում հավաքված տղամարդկանց սեւեռուն հայացքի ուղեկցությամբ նարդու զառերի շրխկոցն ու դրան հետեւող խաղացողներին բնորոշ պահվածքն ու խոսվածքը կարողացել է ճիշտ որսալ ու մարմնավորել բրոնզե այդ քանդակում Էդուարդ Շախիկյանը:

Քանդակի անսամբլային մտածողությունը բնորոշ է Շախիկյանին: Հայ բեմի վարպետների ուշագրավ մի արձանախմբի մասին է երազում նաՙ Ավետ Ավետյանի, Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Վաղարշ Վաղարշյանի, նրանց բնորոշ վիճակներով, միմյանց հետ կենդանի փոխհարաբերություններով: Հաճելի կլինի, իհարկե, երեւանյան պուրակներից մեկում տեսնել այդպիսի արվեստային մթնոլորտ, որ նաեւ մշակույթի պատմություն ու հիշողություն է, ամենօրյա շփում քաղաքացիների հետ, որ ինչու չէ, ճանաչողական նշանակություն կարող է ունենալ:

Այս առումով հետաքրքրական է Էդ. Շախիկյանի վերջին մտահղացումներից «Թատրոնը»: Եթե թատրոն, ուրեմնՙ Շեքսպիրյան միջավայրին ու դարաշրջանին բնորոշ դիմակ ու հանդերձանքՙ թատերական խորհրդանիշ, որի բրոնզե 3 մետրանոց քանդակը, ըստ նրա, կպատշաճեր Երեւանի Դրամատիկական թատրոնին: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը ընդառաջում է ծրագիրը, գեղխորհուրդը հավանություն տալիս, հետեւում են նամակներ մշակույթի նախարարություն, քաղաքապետարան, համաձայնություն է ձեռք բերվում, բայց հայտնվում է հարցերի հարցըՙ ո՞վ է պատվիրատուն: Լռություն, ֆինանսներ չկան, աջակիցներ չեն հայտնվում: Այսպես գաղափարները ծնվում ու մեռնում են, կամ էսքիզներ արվում ու մնում արվեստագետի գզրոցներում:

Էդ. Շախիկյանի նախասիրություններն առավել ցայտուն արտահայտված են մանրաքանդակի ժանրում` դեկորատիվ պլաստիկ մտածողության ռիթմիկ ձեւերի մեջ: Այս ժանրին ավելի հաճախ դիմելու համար քանդակագործը պատճառներ ունի. քանդակի արվեստը անհամեմատ ամենածանրն էՙ ոչ միայն հոգեմտային լարում պահանջող, նաեւՙ ֆիզիկական եւ հատկապես ծախսատար: Եվ պատահական չէ, որ պետպատվերի կամ անհատ պատվիրատուի բացակայությամբ, ծաղկում է ապրում մանրաքանդակը: Այս ժանրում Էդ. Շախիկյանը հաջողել է, կարողացել զգացմունքային բազմաթիվ շերտեր արտահայտել ե՛ւ կոմպոզիցիոն-ֆիգուրատիվ, ե՛ւ խորհրդանշային-վերացարկված բնույթի գործերում, դրանց հաղորդել ներքին շարժում եւ ռիթմ («Քամի»), սլացք եւ նրբագեղություն («Գնդերով աղջիկը»), խորհրդավորություն («Խորհրդավոր ընթրիք»), թախիծ («Ծեր ծաղրածուի վերջին ելույթը»), քնքշանք, սեր («Գարուն»):

Քանդակագործի նախասիրած նյութը բրոնզն է, ինքը դա հասկացավ դեռ գեղարվեստական ինստիտուտում սովորելիս: Այդ սերը փոխանցվել է հորից նաեւ, որ սիրահար էր բրոնզե հին իրերի: Հայրը նախագծողն էր օպերային թատրոնի բրոնզե հսկա ջահի: Նյութն, անկասկած, փոխում է քանդակի զգացողությունը: Բրոնզը սլացք ու ջերմություն է հաղորդում կերպարին, մի բան, որ ըստ քանդակագործի, այդքան էլ չի հաջողվում քարինՙ գրանիտին, որն ավելի անհաղորդ է (իհարկեՙ չընդհանրացնելով):

Թեմատիկ առումով բազմազան է Շախիկյանի ստեղծագործական աշխարհըՙ երեւելի, նշանավոր անձերի կամ պարզ մարդկանց դիմաքանդակներ, գրական պերսոնաժներ, աստվածաշնչյան ոգեշնչումներ: Խորհրդավոր ընթրիքի աստվածաշնչյան թեման ամենատարածվածն է արվեստի մեջՙ տարբեր մեկնություններով ու մոտեցումներով: Շախիկյանի «Խորհրդավոր ընթրիքը» (բրոնզ, փայտ, 29x24x24) առանձնահատուկ է. Քրիստոսն իր աշակերտների հետ վերջին ընթրիքին կլոր սեղանի շուրջ է եւ կենտրոնում չէ, Հուդան ամենածայրում էՙ գլուխը ծածկած: Այս գործը, որ նվիրված է Քրիստոնեության 1700-ամյակին, ունեցավ առանձնահատուկ ճակատագիր: Հայաստանի Հանրապետության այդ շրջանի նախագահը քանդակը գնեց եւ նվիրեց Երեւան ժամանած Հովհաննես Պողոս 2-րդ պապին. այժմ արձանը Վատիկանի սեփականությունն է: Այսպիսի ճակատագիր ունեցավ նաեւ «Թամադա» (բրոնզ, գրանիտ, փայտ, 160x50x55) եռաֆիգուր կոմպոզիցիոն քանդակը, որն այժմ գտնվում է Ստրասբուրգում, Եվրոմիության շենքում:

Շախիկյանի գործերից կան Հայաստանի եւ ԱՊՀ թանգարաններում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, մասնավոր հավաքածուներում: Նրա «Գնդերով աղջիկը», մասնակցելով ճապոնական Արինչի ցուցահանդեսին, այժմ այդ քաղաքի բնակիչներից մեկի սեփականությունն է: Քանդակագործը տեղական եւ միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների մասնակցության փորձ ունի (Հունգարիա, Սուդան, Շվեյցարիա, ԱՄՆ, Իտալիա ): 1998-ին Դանթեին նվիրված բիենալեին մասնակցելով, նրա «Հարմոնիա» գործը արժանացել է Ֆլորենցիայի միջազգային մրցանակինՙ Ոսկե մեդալին:

Շախիկյանի դիմաքանդակներին բնորոշ է կերպարային առանձնահատկությունների ընդգծվածությունը: Կերպարաստեղծման հաջողությունը մանրամասն ուսումնասիրությունների արդյունք է, որի ընթացքում նա փորձում է հնարավորինս խորությամբ թափանցել բնորդի ներքին աշխարհը, ճանաչել, գտնել նրա ամենաբնորոշ հատկանիշը: Այդպես է ստեղծվել «Նարդի խաղացողը», երբ հետաքրքրության օբյեկտը նրա ուշադրության կենտրոնում էր երկար ժամանակ եւ մանրամասներովՙ հագուկապով, շարժուձեւով, միմիկայով, անգամ ձայնի ինտոնացիայով: Այսպես է ստեղծվել խորհրդային տարիներին արված Ձերժինսկու դիմաքանդակըՙ խստաբարո, չեկիստի կերպարի դիմարտայատության մեջ դաջված հիվանդության կնիքով: Արտիստ-դիրիժորի դինամիկ կերպար է Հովհաննես Չեքիջյանի դիմաքանդակըՙ արված 80-ականներին: Խորհրդային այդ տարիներին մշակույթի նախարարությունը նրան պատվերել էր արվեստի նշանավոր գործիչներ Հովհ. Չեքիջյանի, Արթուր Թարխանյանի, Ավետ Տերտերյանի, Վարդգես Պետրոսյանի եւ Հրանտ Մաթեւոսյանի դիմաքանդակները: Վարդգես Պետրոսյանի դիմաքանդակի աշխատանքները 1988-ի հայտնի իրադարձությունների հանգամանքներով անավարտ մնացին եւ շարունակվեցին միայն գրողի մահից հետո: Երեւանի դպրոցներից մեկի անվանակոչման առիթով, 2004-ին Վ. Պետրոսյանի հարթաքանդակը տեղադրվեց դպրոցի պատին, իսկ ծննդավայր Աշտարակի հրապարակում տեղադրվեց գրողի դիմաքանդակը, որն աչքի է ընկնում պետրոսյանական շատ ծանոթ ու իրեն բնորոշ յուրահատուկ ներշնչանքով, գրող-հրապարակագրի շեշտակի դիմարտահայտությամբ, ինչը ծնվել էր գրողի հետ բազմաթիվ հանդիպումների, տեւական զրույցների ճանաչողության մեջ:

Էդ. Շախիկյանը մոնումենտալ աշխատանքներում նույնպես հետաքրքրական լուծումներ է ի հայտ բերում, հասնում ձեւի ու իմաստի փոխներդաշնակության:

Կենտրոնական բանկի դիմաց հայկական տարադրամի բրոնզաձույլ քանդակը (330x170x150) տեղադրվեց 2008-ինՙ ազգային արժույթի 15-ամյակի առիթով: Մոնումենտալ այս գործում հայոց այբուբենի 4-րդ տառը հետաքրքրական լուծում է ստացել: Իր ստեղծագործություններին քննադատորեն վերաբերող արվեստագետը հաջողված է համարում այս գործը: Ձեւի մտահղացումը ծնվեց անակնկալի պես, գիշերվա պահի մեջ, ի չիք դարձնելով շաբաթների աշխատանքը, նախագծերը, էսքիզները, որոնք մերթ ճախարակի տեսք ունեին, մերթ կլոր կոպեկի: Վերջնականորեն տառը հետաքրքրական աբստրակտ լուծում ստացավ. երկու կողմից նույնաձեւ մոտենալով, ձեւափոխվել, սակայն պահպանել է գրի նախնական տեսքը:

Էդուարդ Շախիկյանը բազմաժանր ստեղծագործող է, նոր գաղափարների կրող, նոր ձեւեր որոնող արվեստագետ, որ փորձում է բացահայտել նյութի մեջ թաքնված հնարավորությունները: Ինչպես ինքն է ասում. «Եթե քանդակի կողքով անցնելիս ետ ես շրջվում, ուրեմն գործը հաջողված է»: Այդպես, Հովհաննես Չեքիջյանի բնութագրմամբ նրա «Նարդի խաղացողը» համահունչ է քաղաքային կոլորիտին եւ արդեն դարձել է գործող քանդակ:

Մտահղացումներն, իրոք, շատ ենՙ հայոց մեծերի քանդակային պուրակ Երեւանում, թատրոնի խորհրդանիշ-կոմպոզիցիա, հին քաղաքի կոլորիտը վերականգնող` դանակ-մկրատ սրողի, հացթուխի, շուրջպար բռնածների, թափառող երաժշտի քանդակախումբ, որոնք քաղաքային միջավայրին գեղագիտական հմայք, թարմություն եւ աշխուժություն կհաղորդեն: Հնարավորություններն են, ավա՜ղ, սուղ, եւ շատ մտահղացումներ մնում են էսքիզային վիճակում, կյանքի չկոչված:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


Նկար 2. «Դրամ», 2008

Նկար 3. Վարդգես Պետրոսյանի դիմաքանդակը, 2004


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4