Բյուջեի պակասուրդը կազմել է 16,9 մլրդ դրամ, նախատեսված 81,9 մլրդ դրամի փոխարեն
Ֆինանսների նախարարությունը երեկ հրապարակեց 2010-ի առաջին կիսամյակում Հայաստանի պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի ցուցանիշները: Համաձայն դրանց, այս տարվա առաջին կեսին բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 366 մլրդ դրամ, ծախսերը` 383 մլրդ դրամ, ապահովելով կառավարության կողմից առաջին կիսամյակի համար հաստատված ծրագրի 110 տոկոսըՙ եկամուտների եւ 92 տոկոսըՙ ծախսերի համար: Իսկ տարեկան ծրագրային ցուցանիշները եկամուտների գծով կատարվել են 50 տոկոսով, ծախսերի գծով` 44 տոկոսով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21,9 տոկոսով կամ 65,9 մլրդ դրամով: Ընդ որում, 21,3 տոկոսով (59,9 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 41,9 տոկոսով կամ 7 մլրդ դրամով` այլ եկամուտները: Պաշտոնական դրամաշնորհների գծով, սակայն, մուտքերը նվազել են 38,3 տոկոսով կամ 1 մլրդ դրամով: Տեղեկացվում է, որ պետական բյուջեի եկամուտների 93 տոկոսը ձեւավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին, որոնք կազմել են շուրջ 286 մլրդ դրամՙ 11,7 տոկոսով գերազանցել առաջին կիսամյակում ծրագրված մուտքերը: 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 22,8 տոկոսով կամ 53 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի եւ եկամտահարկի աճով:
2010-ի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 16,9 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 81,9 մլրդ դրամի եւ 2009 թվականի նույն ժամանակահատվածի 47 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց: Պակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է շուրջ 26 մլրդ դրամ կամ ծրագրի 28,7 տոկոսը, իսկ արտաքին աղբյուրները կազմել են 9,1 մլրդ դրամ կամ ծրագրի 103,6 տոկոսը:
Առաջին կիսամյակում նախատեսված 76 մլրդ դրամի փոխարեն, պետական բյուջեից օգտագործել է ընդամենը 13,3 մլրդ դրամը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ