«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2010-07-29 | #142, 2010-07-30 | #143, 2010-07-31


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԹԱՏՐՈՆԸ` ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը միակն է ԼՂՀ մայրաքաղաքում: Ցավոք, թատրոնի շենքային պայմաններն այսօր անմխիթար վիճակում են: Տարվա բոլոր եղանակներին թատրոնում ցուրտ է, հուլիսին ու օգոստոսին, կարելի է ասել, մի քիչ զով է: Թատրոնը չի ջեռուցվում, անձրեւի ժամանակ առաստաղից անձրեւաջուրը լցվում է ներս, իսկ նստարանները տարիների ընթացքում մաշվել ու խոնավությունից փտել են:

Սուսաննա Գաբրիելյանը Ստեփանակերտի թատրոնի երաժշտական մասի վարիչն է: Ասում է, որ աշխատում են անգամ այդ ծանր պայմաններում. «Ձմռանը բեմի վրա փորձեր չենք անում, փորձասենյակում վառարան ենք դնում ու փորձերն այնտեղ ենք անում: Դահլիճում մարդիկ վերարկուներով են նայում ներկայացումները: Մի խոսքով` թատրոնը փլվում է»:

ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն ասում է, որ թատրոնի հիմնանորոգումը մեծ ներդրումներ է պահանջում:« Հիմա հովանավորներ ենք փնտրում: 2011 թվականին պետական միջոցներով հավանաբար կսկսենք վերանորոգումը, բայց միայն պետական միջոցներով դա շատ երկար կտեւի: Պետք է ուրիշ միջոցներ էլ գտնենք», ավելացրեց նախարարը:

Սուսաննա Գաբրիելյանն արդեն 8 տարի է աշխատում է թատրոնում: «8 տարի է ասում են նորոգելու ենք ու դեռ նորոգում են», նշում է Ս. Գաբրիելյանը: Վերջինս ստանում է 40 հազար դրամ աշխատավարձ: «Ունենք շուրջ 60 աշխատող, որոնք քաղաքի ամենաաղքատ շերտն են: Աշխատելով թատրոնի ցուրտ ու խոնավ պայմաններում` նրանցից շատերը հիվանդ են դարձել», ավելացնում է Ս. Գաբրիելյանը:

Անկախ ամեն ինչից` Ստեփանակերտում մարդիկ սիրում են թատրոն գնալ: Եթե պայմանները բարվոք լինեին, թատրոնն ավելի շատ ներկայացումներ կունենար: Այստեղ մի ներկայացման տոմսն արժե 500 դրամ: Երբ տոմսերը վաճառվում են 1000 դրամ, մարդիկ դժվարությամբ են գնում. սովորաբար թանկ են վաճառվում Հայաստանից գնացած թատերախմբերի տոմսերը:

Ի. Պ., Ստեփանակերտ-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4