Ասել է Օբաման Էրդողանին
Նախօրեին տեղի ունեցած Օբամա-Էրդողան հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը, ինչպես տեղեկացնում է Financial Times-ը, պարզապես սպառնացել է Էրդողանին: «Եթե Անկարան չփոխի իր քաղաքականությունը Իսրայելի եւ Իրանի նկատմամբ, ապա չեք ստանա ոչ մի ամերիկյան զենք, այդ թվումՙ անօդաչու ինքնաթիռներ, որոնցով հետաքրքրված եք»: Ամերիկյան անօդաչու ինքնաթիռները Անկարային անհրաժեշտ են Հյուսիսային Իրաքի քրդական խմբավորումների վրա հարձակումների համար: Օբաման նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ իշխանական վերնախավում, այդ թվումՙ առաջին հերթին Կոնգրեսում, Թուրքիայի վերջին քայլերից հետո այնքան էլ վստահ չենՙ «արդյոք Թուրքիան շարունակո՞ւմ է մնալ մեր դաշնակիցը: Այս կապակցությամբ, ես կարծում եմ, շատ դժվար կլինի ստանալ Կոնգրեսի համաձայնությունը` ձեր երկրին զենք վաճառելու առումով», շեշտել է ԱՄՆ նախագահը: Ամերիկյան թերթը նաեւ հիշեցրել է, որ Օբամայի դժգոհությունը թուրքական իշխանություններից դեռեւս նկատելի էր G20-ի վերջին գագաթաժողովի ընթացքում, երբ ԱՄՆ նախագահը բացեիբաց հայտարարեց Թուրքիայի վարչապետին, որ Անկարան սխալ է կատարել` դեմ քվեարկելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդիՙ Իրանի դեմ ուղղված նոր պատժամիջոցների սահմանմանը: Անկարայից ամերիկյան դժգոհությունները նաեւ հիմնավորվում են «Ազատության» նավատորմի նկատմամբ Անկարայի դիրքորոշմամբ: «Թուրքերը դեռ պետք է ապացուցեն մեզ, որ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ են վերաբերվում ԱՄՆ-ի հետաքրքրություններին ու անվտանգությանը», հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը Financial Time-ին:
Հ. Ա.