«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2010-07-30 | #143, 2010-07-31 | #146, 2010-08-17


ԳՆԵՐԻ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՐԿՈՒ ՊԱՏՃԱՌ

Մեկը մյուսով պայմանավորվա՞ծ, թե՞ մեկը մյուսից անկախ

Ալյուրի եւ հացի գների բարձրացումը Հայաստանում մեկ անգամ եւս ցույց տվեց, որ այս առումով մեզ մոտ ազատ մրցակցությունը խաթարված է: Խոսքն այն մասին է, որ միջազգային գների բարձրացումը, սովորաբար, անմիջապեսՙ օրեր եւ անգամ ժամեր անց արտացոլվում է մեզ մոտ, իսկ նույն միջազգային գների իջեցումը տեղ է հասնում միայն ամիսներ անց: Այս անգամ եւս, ալյուրի միջազգային գների բարձրանալուց մի քանի օր անց, երբ գործնականում անհնար էր, որ այս ապրանքի նոր խմբաքանակներ ներկրված լինեին, նախկին գնով ներմուծված ալյուրի գները բարձրացան: Ինչո՞ւ է այդպես եւ հնարավո՞ր է, որ երբեւէ մեզ մոտ նույնպես այս առումով գործեն շուկայական կանոնները եւ գները:

Ինչպես մի շարք այլ ապրանքային շուկաներում, ալյուրի դեպքում նույնպես գործում են գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ: Դրանցից մեկը «Ալեքս Գրիգ» ընկերությունն է, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Որ այս ընկերությունն այլ ոլորտներում նույնպես գերիշխող դիրք ունի եւ հաճախ է այն չարաշահում, գաղտնիք չէ: Ալյուր ներմուծող մյուս ընկերությունը «Մանանա գրեյնն» է: Բնական է, որ մրցակցության բացակայությունն այստեղ պետք է ունենա նման հետեւանք: Բացատրությունը, թե ներմուծողներն անմիջապես են գները բարձրացնում, որ կարողանան արդեն բարձր գնով ալյուր գնելու համար շրջանառու միջոցներ ունենալ, մեղմ ասած, անընդունելի են: Այդ հիմնավորումը ոչ մի քննադատության չի դիմանում, քանի որ այդ տրամաբանությամբ շարժվելու դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ նույն տրամաբանությունը չի գործում միջազգային գների իջնելու ժամանակ: Չէ՞ որ այդ դեպքում էլ ավելի քիչ միջոցներ են անհրաժեշտ լինելու նոր խմբաքանակ գնելու համար, հետեւաբար գները կարելի է անմիջապես իջեցնել: Ինչը, սակայն, տեղի չի ունենում: Այսինքնՙ ակնհայտ է, որ գների անմիջական բարձրացման եւ շատ դանդաղ իջնելու հիմնական պատճառը կամ միայն գերիշխող դիրքի առկայությունն է, կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունը երկու գերիշխող դիրք ունեցողների միջեւ: Իսկ տնտեսական մրցակցությունը պաշտպանելուն կոչված հանձնաժողովը, ճիշտ է, վարույթ է հարուցում, հետեւում գործընթացին, բայց ըստ էության միայն արձանագրողի դերում է լինում: Ընդհանրապես, այդ կառույցի գործառնությունները ոչ մի կերպ չեն դառնում այնպիսին, որ կարողանա կատարել այն, ինչի համար ստեղծվել է:

Միաժամանակ, գների տարօրինակությունների պատճառը միայն գերիշխող դիրքի առկայությունն ու շարաշահումները չեն: Հայկական շուկայում հաճախ են եղել դեպքեր, երբ բոլոր առեւտրի օբյեկտներում այս կամ այն ապրանքի գները բարձրացել են ուղղակի աչքի առաջ, երբ դեռ ոչ նոր ապրանք է ստացվել, ոչ էլ մատակարարն է գները բարձրացրել: Հակառակ շուկայական տրամաբանության, երբ պետք է գտնվեին օբյեկտներ, որոնք նույնը կթողնեն գինը, որպեսզի բոլորն իրենցից գնումներ կատարեն, նման բան տեղի չի ունենում: Ընդհակառակը, գները շղթայաբար մայրաքաղաքում եւ մյուս բնակավայրերում բարձրացնում են բոլորը: Ստացվում է մի իրավիճակ, երբ չնայած բազմաթիվ առեւտրային օբյեկտների առկայությանը, շուկայում տեղի է ունենում հակամրցակցային համաձայնություն: Գուցե սրանք էլ սպասում են իրենց մատակարարների՞ կողմից գների սպասվող բարձրացմանը եւ գուցե ներմուծման ոլորտում գերիշխող դիրքի կամ դրա չարաշահման վերացման դեպքում նման երեւո՞ւյթն էլ վերանա: Այդուհանդերձ, ներկա պահին, այլ բանով, քան առեւտրականներին բնորոշ ագահությամբ եւ պահից օգտվելու առիթը բաց չթողնելու մտածելակերպով, գների միաժամանակ բարձրացումը բացատրել հնարավոր չէ:

Այս ամենին մնում է միայն ավելացնել, որ ներկա պահին ե՛ւ գերիշխող դիրքի չարաշահման, ե՛ւ առեւտրի օբյեկտների կողմից գների չհիմնավորված բարձրացման երեւույթների դեմ պետությունը գործնականում ոչինչ չի կարողանում անել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4