«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2010-07-31 | #146, 2010-08-17 | #147, 2010-08-18


ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Անկասկած, վաղը Երեւանում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքվելիք ռազմաստրատեգիական պայմանագիրը, ավելի ճիշտՙ 1995 թվականի մարտի 16-ին կնքված պայմանագրի փոփոխությունների խնդիրը դեռեւս երկար ժամանակ զբաղեցնելու է քաղաքական վերլուծաբանների միտքը: Այդ պայմանագրային փոփոխությունները տարողունակ են ամեն տեսակետից եւ երկար ժամանակի համար վճռորոշ են լինելու ոչ միայն Հայաստանի, ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների, այլեւ ողջ տարածաշրջանի համար:

Հարցադրումներ, մտավախություններ ու կասկածներ արդեն արտահայտվում են ամեն կողմից, եւ քիչ են լիարյուն ու լիարժեք հավանության արտահայտությունները: Առաջին հերթին հարցադրման է ենթարկվում պայմանագրային փոփոխությամբ նախատեսվող 49 տարվա ժամկետը: 2020 եւ 2044 թվականների միջեւ 24 տարվա տարբերություն կաՙ լի աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային նոր զարգացումների ու շրջադարձային փոփոխությունների հավանականությամբ: Ավելի քան 8 նախագահական պաշտոնավարման շրջան Հայաստանի եւ 7ՙ Ռուսաստանի համար: Եվ ինչպես 1995-ին քննադատում էին ՀՀ առաջին նախագահին մեկ անգամից 25 տարով պայմանագիր կնքելու համար, այժմ առավել խիստ են քննադատությունները: Մանավանդ որ, ինչպես կարելի է հասկանալ նորացված պայմանագրի նախագծից (տեսՙ էջ 3) կողմերը կարող են հնգամյա հատվածներով հետագայում երկարաձգել «պայմանագրի գործողության հերթական ժամկետները»: Դա, փաստորեն, պարզապես հավերժական պայմանագիր կարող է լինել, որտեղ թելադրողն անշուշտ է՛ եւ լինելու է Մոսկվան:

Մտահոգությունների երկրորդ առանցքը «ժամանակակից եւ համապատասխան սպառազինությամբ, ռազմական (հատուկ մասնագիտացված) տեխնիկայով» Հայաստանին աջակցելու պայմանավորվածությունն է, որը հղի է տարածաշրջանային սպառազինությունների նոր եւ նորացված մրցավազքով: Այնինչ հասարակ տրամաբանությունը (common sense) միջին հային թելադրում է միշտ մտածել, նույնիսկ երազել, Հայաստանը առճակատումներից զերծ պահելու մասին, քաջ հասկանալով հանդերձ, որ այս երկիրը շարունակում է թշնամական հարաբերությունների մեջ մնալ, ոչ իր մեղքով, իր երկու հարեւաններիՙ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Եվ այս պայմաններում Մոսկվան շարունակում է ստրատեգիական բնույթի կարեւոր զենք մատակարարել-վաճառել Բաքվին, իսկ վերջինս, կանխելով օգոստոսի 19-ի Ստորագրությունը, շտապում է ռազմական փոխօգնության նոր պայմանագրով ամրագրել իր համագործակցությունը Անկարայի հետ:

Երրորդ մտավախության կիզակետըՙ բացի իր շահերը պաշտպանելուց, ռուսական ռազմահենակետը «ՀՀ զինված ուժերի հետ համատեղ» նաեւ մեր երկրի անվտանգությունը ապահովելու պայմանավորվածությունն է: Ինչպե՞ս, ի՞նչ տարողությամբ, ո՞ւմ հրամանով ու որոշմամբ, անկախության ի՞նչ զիջումների դիմաց - մնում է անհայտ, ինչպես անհայտ է մնում մեր ազգաբնակչության նյութական նոր զոհողությունների չափը այս բոլորի մեջ, առանց վերջինիս կարծիքը հանրաքվեի կամ հանրային հարցման միջոցով հաշվի առնելու:

Անշուշտ, ստորագրվելիք պայմանագրի վերաբերյալ կարելի է նաեւ դրական մոտեցումներ ցուցաբերելՙ Ադրբեջանի հետ պատերազմի հավանականության նվազում, Թուրքիայի հավակնությունների զսպում, տարածաշրջանում Հայաստանի դիրքի վերարժեւորում եւ այլն: Սակայն այնքան լուրջ են մտահոգությունները, այքան ծանրակշիռՙ հարցադրումները, եւ, ընդհակառակն, այնքան քիչ են անկեղծ ու հստակ բացատրությունները, որ օգոստոսի 19-ի գլխավոր իրադարձությունը ճակատագրական անկյունադարձ լինելու բոլոր տվյալները պահպանում է իր մեջ:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4