Հուլիսի սկզբին Հայաստանում էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Պետքարտուղարը այցի շրջանակներում եղավ նաեւ տարածաշրջանի այլ երկրներում: Այս հանգամանքը, ըստ Հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի , վկայում է, որ «Հայաստանը ծանրակշիռ դերակատարում ունի տարածաշրջանում եւ, լինելով Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, ճիշտ քայլեր է կատարում նաեւ Արեւմուտքի նկատմամբ»: Տիկին Քլինթոնի այցից մեկ ամիս անց` օգոստոսի 19-ին, Երեւանում կլինի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` պետական այցով: Մեդվեդեւի այցը, սակայն, կսահմանափակվի միայն Հայաստանով, հարեւան Ադրբեջանում նա կլինի միայն սեպտեմբերի սկզբին: «Այս այցելությունն իր հերթին փաստում է` հայ-ռուսական հարաբերությունները դրական ռելսերի վրա են, եւ առաջիկա տարիներին ես չեմ տեսնում որեւէ վտանգ, որը կսպառնա հայ-ռուսական ռազմական համագործակցությունը», նկատեց Շարմազանովը: ՀՀԿ ներկայացուցիչն ընդգծեց նաեւ, որ ՌԴ նախագահի այցի շրջանակներում կստորագրվի արձանագրություն, որով փոփոխությունների կենթարկվի 1995-ին ստորագրած հայ-ռուսական պայմանագիրը: Այսինքնՙ տարածված լուրերը, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տեղակայումը կերկարաձգվի` 25-ից 49 տարի, եւ ռուսական ռազմաբազան կպաշտպանի նաեւ ՀՀ անվտանգությունը, հաստատվեցին իշխող կուսակցության ներկայացուցչի խոսքերով: «21-րդ դարում անհնար է, որ մանավանդ փոքր պետությունները կարողանան միայնակ ապահովել իրենց ազգային անվտանգությունը: Սա բոլորովին չի նշանակում, որ Հայաստանը այդքան ուժ չունի եւ հույսը դնում է Ռուսաստանի վրա, պարզապես արդի պայմաններում շատ ավելի նպատակահարմար է որեւէ ռազմաքաղաքական դաշինքի մեջ մտնելը, նրա հետ համագործակցելը: Կոնկրետ հայ-ռուսական ռազմական համագործակցությունը ես համարում եմ Հայաստանի ազգային անվտանգության շահերից բխող. այս պայմանագրով ու նաեւ ռուսական ռազմաբազային տեղակայման ժամկետը երկարաձգելով մենք բացառում ենք ԼՂ հարցի ռազմական լուծումը. Ադրբեջանը պարզապես չի համարձակվի վերսկսել ռազմական գործողությունները», ասաց Շարմազանովը` հավելելով, որ հակառակ պարագայում ղարաբաղյան ուժերը կվերականգնեն հայկական բարձրավանդակի սահմանները` Քուռից Արաքս:
Իսկ ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարաձգելու ընդդիմախոսությունները ՀՀԿ ներկայացուցիչը որակեց դեմագոգիա. «Հատկանշական է, որ ընդդիմանում են այն մարդիկ, որոնք 1995-ին իրենք են եղել ռուսական ռազմաբազայի տեղակայման ջատագովները: Պարզապես պետք է հասկանալ, որ այսօր չկա որեւէ երկիր, որը կարող է միայնակ պաշտպանել իր ազգային անվտանգությունը: Ուզում եմ նաեւ շեշտել, որ Հայաստանը գերազանց հարաբերություններ ունի եւ լուրջ համագործակցում է նաեւ Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի հետ, այս մասին են վկայում նախագահ Սարգսյանի այցելությունը Բրյուսել, նրա հանդիպումներն այնտեղ, ՆԱՏՕ-ի եւ Եվրոմիության տարբեր գործիչների հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի դերը տարածաշրջանում բարձրացել է», նկատեց Շարմազանովը: Հայաստանի տարածաշրջանային դերի բարձրացման ապացույցներ ՀՀԿ ներկայացուցիչը համարում է նաեւ ՀԱՊԿ երկրների ղեկավարների առաջիկա ոչ պաշտոնական գագաթաժողովի անցկացումը Երեւանում. «Սա եւս մեկ առիթ է մեր երկրի համար` ներկայացնելու իր տեսակետները տարածաշրջանային հարցերի` ԼՂ-ի եւ հայ-թուրքականի վերաբերյալ»: Կոնկրետ Ղարաբաղի հիմնահարցի կապակցությամբ Շարմազանովը եւս մեկ անգամ կրկնեց ՀՀ պաշտոնական դիրքորոշումը. «Ղարաբաղը երբեք չի եղել եւ չի լինի Ադրբեջանի կազմում», այնուհետեւ ավելացրեց. «ԼՂ հիմնահարցի լուծումը կմոտենա միայն այն ժամանակ, երբ Ղարաբաղը կմասնակցի բանակցություններին: Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի` Բաքվում արած հայտարարությանը, թե ԼՂ հարցը լուծվելու է բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ապա ուղղակի խորհուրդ կտամ պարոն Գյուլին` լուրջ գործերով զբաղվել, օրինակՙ դադարեցնել Կիպրոսի շրջափակումը, այլ ոչ թե քիթը խոթել իրեն չվերաբերող հարցերում, կամ հայկական կղզում, հայկական եկեղեցում շոու կազմակերպել», եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:
Հ. ԱՖՅԱՆ