«Էկոլուր» հասարակական կազմակերպությունից տեղեկացանք, որ Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն պատրաստվում է բնապահպանության նախարարության եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի դեմ բողոք ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին: Պատճառն այն է, որ ՀԿ-ն դժգոհ է այդ գերատեսչությունների աշխատանքից եւ ոստիկանության Կապանի բաժնի պետից ստացված պատասխան նամակից:
2010 թվականի մայիսի 24-ին ՀԿ-ի նախագահ Ռաֆայել Ասրյանը նամակով դիմել է Սյունիքի մարզի դատախազ Ա. Թարվերդյանին: Կազմակերպությունը դատախազին խնդրել է պարտավորեցնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին ու բնապահպանության նախարարությանը, որպեսզի վերջիններս ապահովեն կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը: Դատախազին ուղղված նամակում նշվել է, որ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը ստեղծում է բնապահպանական լուրջ խնդիրներ: Օրինակ` ջրամատակարարը կենցաղային կեղտաջրերը համապատասխան խողովակաշարով հեռացնելու ու մաքրման կայան հասցնելու փոխարեն` կոյուղու կեղտաջրերը կենտրոնական համակարգից անմիջապես լցնում է Կապան քաղաքի Ողջի գետը: Բնապահպանության նախարարությունը տեղյակ է գետի աղտոտման, բնապահպանական աղետի ու խախտումների մասին, բայց ցուցաբերում է անտարբերություն ու անգործություն: Նախարարությունը միայն վերացական կերպով նշել է, թե խախտումները կվերացվեն:
Սյունիքի մարզի դատախազի փոխարեն ՀԿ-ին պատասխանել է ոստիկանության Կապանի բաժնի պետ Ա. Գեւորգյանը: Ոստիկանության գնդապետը տեղեկացրել է, որ «Հայջրմուղկոյուղու» «Հարավային» տարածքային մասնաճյուղի Կապան տեղամասը սահմանաված կարգով ունի ջրօգտագործման թույլտվություն, որը թույլ է տալիս կեղտաջրերն առանց մաքրելու թափել Ողջի գետը: «...Չմաքրված ջրերը Ողջի գետ թափվելու հետեւամքով շրջակա միջավայրին վնասներ չեն հաշվարկվել, քանի որ չեն գերազանցել սահմանային թույլատրելի արտահոսքերի չափաքանակները», նշված է գնդապետի` ՀԿ-ին ուղղված գրության մեջ:
Ի. Պ.