Քաղսի գյուղի բնակիչները կարող են հստակ ասել, թե երբ են իրենց թոշակ տալու. ոռոգման ջուր տալուց 2-3 օր հետո` ոռոգման ջրի գումարը պահանջելու համար հիմնավոր փաստարկ ունենալու համար: Բայց քանի որ թոշակն ամսվա ընթացքում մեկ անգամ են տալիս, ապա որոշել են ոռոգման ջուրն էլ գյուղացուն տրամադրել նույն պարբերականությամբ: Այս չգրված օրենքը գործում է արդեն երկու ամիս: Հունիսին գյուղում ոռոգման ջուր չի եղել, հուլիսին ու օգոստոսին գյուղացիներն ընդամենը երկու անգամ են ջրի երես տեսել:
Գյուղում ոռոգման խնդիրը չի լուծվում, ավելի ճիշտՙ լուծման ճանապարհները չեն գտնում 1992-ից: Այս տարիներին գյուղում ջրի խնդիրն այնպես է դրվել, որ մարդիկ ոչ միայն «ջրի գող են դառնում», այլեւ` թշնամանում, երբ մեկը մյուսից մի գրամ շատ ջուր է օգտագործում: Հենց ջրի բացակայությունն է պատճառը, որ 700 տնտեսություն ունեցող գյուղում անմշակ հողերի թիվը գերազանցում է 70 տոկոսը: Նախորդ տարիների դաժան փորձն ու պարտքերի կուտակումը լավ դաս են եղել քաղսեցիների համար: Գյուղացին մոռացել է հողագործության մասին ու օրվա հացը փորձում է այլ կերպ հայթայթել: Հնարավորություն եւ բարեկամներ ունեցողները մեկնում են Ռուսաստան, մյուսն մասն էլ կամ բանվորություն է անում, կամ էլ անգործ սպասում, թե երբ են իրենց խնդրին ուշադրություն դարձնելու:
Այս տարի միայն առավել անվախներն են հող մշակել, բայց կրկին ապրել են հուսախաբություն եւ ունեցել հսկայական կորուստներ: Ջրի բացակայությունը գետնին է պառկեցրել լոբու ու կարտոֆիլի սածիլները, տեղացած կարկուտն էլ վերջնական հարվածն է հասցրել` գետնին թափելով չհասած միրգը:
Չորացած մորի ու բալի ծառեր, գետնին էլ չհասած խնձոր ու տանձ: Այսպես կարելի է բնութագրել Հասմիկ տատի տնամերձ այգին: Նախորդ տարիներին շուրջ 80 կգ տանձ ու խնձոր հավաքած Հասմիկ տատն այս տարի 15 կիլոգրամի հույս էլ չունի: Ծառերը չորացել են, կարկուտը բերքը գետնին է թափել, եղածի վրա էլ հույս չի դնում: «Մինչեւ աշուն սա էլ կթափվի», ասում է նա:
«Երկիրը քանդվեց, ու 1992-ից նորմալ ոռոգման ջուր չունենք», դժգոհում են քաղսեցիներն ու հավելում, որ շատերին են դիմել, բայց իրավիճակի փոփոխություն այդպես էլ չի եղել: Կարկուտից հետո գյուղացիներին ասել են, որ վնասները կհատուցեն, բայց այդ խոստումն էլ նախորդների պես կարելի է նմանեցնել «օդում կրակոցի»:
Գյուղացիները պատմում են, որ հողը բերքատու է, եղանակային պայմանները` բարենպաստ: «Խորհրդային տարիներին ամեն ինչ աճեցրել ենք, հիմա ոչ մի բան չի աճում, որովհետեւ ջուր չկա: Հունիսին ջուր չտվին: Արեւն ամեն ինչ վառեց, լոբիները կախվել էին, պառկել, մինչու ջուր տվին, արդեն բանը բանից անցել էր, ամեն ինչ չորացել էր: Մեր ուզածն ընդամենը ջուր է: Այլ բան չենք խնդրում, ջուր տվեք. հող մշակենք, տուն պահենք: Արդեն քանի տարի գյուղի բնակիչներն են գումար հավաքում, ջրի խողովակները փոխում, նորոգում: Բա սա պետությո՞ւն է», դժգոհում է Հրայր պապը` փաստելով, որ գյուղացին հոգնել է հող մշակելուց: Ամբողջ տարին չարչարվում է, բայց արդյունքը չի տեսնում: Բացի ջրից, տեխնիկա վարձելն էլ շատ թանկ է: Մեկ հեկտար հողատարածքի վարուցանքի համար տրակտորի վարձակալումն արժե 40.000 դրամ: Եթե այդ գումարին ավելացնենք նաեւ թունաքիմիկատների ու պարարտանյութերի գումարը, ապա կկազմի հսկայական գումար: Հաճախ գյուղացիները տոկոսով գումար են վերցնում` հույսով, որ աշնան բերքն առատ կլինի, բայց կրկին ապրում են հուսախաբություն, ու պարտքերն ավելանում են:
Գյուղում ցրտերն ընկնում են հոկտեմբերի կեսերից: Եղանակը տաքանում է միայն ապրիլ ամսին: Ավելի քան 6 ամիս քաղսեցիները ստիպված են վառարան վառել: Գարնան հողամասում սածիլ դրած քաղսեցին հույս ուներ աշնանը բերքը շուկայում վաճառել ու դրանով գոնե տարեցտարի թանկացող գազի գինը վճարել: Բայց գյուղացու վերջին հույսն էլ արդեն չկա: Ու զարմանալի չէ, որ կամաց-կամաց գյուղերը դատարկվում են: Հոգնել են սեփական երկրում ճորտի կարգավիճակով ապրելուց:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Քաղսի-Երեւան