«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2010-07-31 | #146, 2010-08-17 | #147, 2010-08-18


ՈՐԹԱԼՎԻՃԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂՈՂԻՆ

Ֆիլոքսերա վարակի տարածումը պետության համար կարող է աղետալի հետեւանքներ ունենալ: Այս մասին երեկ «Դե ֆակտո» ակումբում երեկ ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը :

Այդ միջատը վնասում է խաղողի արմատները, ինչի հետեւանքով բույսը չորանում ու մեռնում է: Որթալվիճը մնացած բույսերին չի վնասում: Այս վարակի դեմ պայքարելու միջոցներ, ցավոք, չկան: Ֆիլոքսերան Հայաստան է ներթափանցել 1920-ականների կեսերին: Հանրապետությունում ֆիլոքսերայի ընդհանուր տարածման վտանգ է նկատվում: Արդեն մի տեղում հայտնաբերվել է վարակը, որը բավականին ակտիվ վիճակում է: Վտանգն ակնհայտ է, բայց իշխանություններն այս ուղղությամբ ոչինչ չեն ձեռնարկում:

«Ունենք մոտավորապես 16,5 հազար հեկտար այգի, որից 14 կամ 15 հազար հեկտարը գտնվում են այն գոտիներում, որտեղ չկա ֆիլոքսերա»,-ասաց Ավագ Հարությունյանը, ապա ընդգծեց, որ այդ գոտիներում որթալվիճի հայտնվելու դեպքում վարակը կտարածվի հետեւյալ արագությամբ` 1 տարում կվարակվի 100 մետր տարածք: Նա առաջարկեց հենց այսօրվանից ստեղծել հակաֆիլոքսերային ֆոնդ` առնվազն 200 միլիոն դոլար կապիտալով, որը վարակի դեպքում կուղղվի այգիները փոխելուն: «1994-95 թվականներից սկսած իշխանություններին անընդհատ զգուշացնում ենք ֆիլոքսերայի վտանգի մասին», ասաց բանախոսը: Իշխանություների պատասխանը, դժբախտաբար, միշտ անփոփոխ է եղել. «Քանի Արարատյան հարթավայրում չկա, եկե՛ք աղմուկ չբարձրացնենք»:

Որթալվիճի պատճառով մեծ ներդնողները Արարատյան հարթավայրում խաղողագործության ու գինեգործության մեջ ներդրումներ չեն անում: Ապահովագրական ընկերություններն էլ չեն ապահովագրում այն այգիները, որոնք կարող են վարակվել ֆիլոքսերայով: «Ընկերություններն ասում ենՙ փոխեք ձեր այգիները, նոր մենք կապահովագրենք», նշեց բանախոսը:

Թե խաղողի ինչպիսի՞ բերք կունենանք այս տարի, գինեգործների միության նախագահն այս հարցին պատասխանեց լավատեսորեն. «Ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի սպասում ենք խաղողի շատ լավ բերք»: Ա. Հարությունյանի ենթադրությամբ` այս տարի խաղողի հիմնական զանգվածի 1 կիլոգրամը կմթերվի 110-130 դրամի սահմաններում, իսկ բերքի 30 տոկոսի 1 կիլոգրամը` 90-110 դրամի սահմաններում: Ներկայումս կարեւոր խնդիր է, թե ե՞րբ կվճարվի գումարը: Օրինակ` անցյալ տարվա 14-15 միլիարդ դրամից մինչ այսօր չի վճարվել մոտավորապես 200 միլիոն դրամը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4