Հայաստանը պատրաստ է շարունակելու բանակցությունները պետերբուրգյան առաջարկների հիման վրա: Այս մասին ռուսաստանյան «Ռոսիա24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը : Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցներիՙ Նալբանդյանը բարձր է գնահատել Ռուսաստանի ջանքերը որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների միջնորդի:
Նալբանդյանը հարցազրույցում ընդգծել է, որ Ռուսաստանն իր ջանքերում եւ նախաձեռնություններում վայելում է ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրների` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի աջակցությունը:
Ինչ վերաբերում է հակամարտության ներկա վիճակին, ապա, Նալբանդյանի խոսքերով, Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ պետերբուրգյան վերջին հանդիպմանը, որ տեղի ունեցավ հունիսին, կողմերին ներկայացվել է մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակը, եւ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակելու բանակցությունները այդ փաստաթղթի հիման վրա:
Ադրբեջանի ԱԳ նախարարությունն անմիջապես արձագանքել է Նալբանդյանի խոսքերին: Ադրբեջանական «Թրենդ» գործակալության տեղեկացմամբ, Ադրբեջանի արտգործնախարարությունից հայտարարել են, թե Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մնում է անփոփոխ, իսկ Հայաստանի հետ բանակցությունների առարկան ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների ներկայացրած փաստաթուղթն է:
«Այդ փաստաթուղթը կողմերին ներկայացվել է 2009թ. Աթենքումՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հանդիպմանը», հայտարարվել է Ադրբեջանի ԱԳՆ անունից: Ըստ այդմ, մնացյալը զուտ առաջարկներ եւ աշխատանքային տարբերակներ են, այլ «ոչ թե բանակցային գործընթացի փաստաթուղթ»: Սրանով Ադրբեջանը կրկնում է այն մոտեցումը, թե Ռուսաստանի կողմից պետերբուրգյան հանդիպմանը ներկայացված ինչ էլ որ եղել է, իսկ կարծես թե, այդուհանդերձ, ինչ-որ բան ներկայացվել է կողմերին, միայն մեկ համանախագահի առաջարկություն է, այլ ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ընդհանրական առաջարկ:
Արդեն իսկ քանիցս կրկնվող այս փոխադարձումներից կարելի է եզրակացնել, որ ոչ թե կողմերը ներկայացնում են ոչ իրական գործընթացի սեփական մեկնաբանությունները, այլ պարզապես բանակցություններ ասվածը յուրաքանչյուր կողմի պարագայում ընթանում է այլ հիմքով: Այդ դեպքում դժվար է հասկանալ, թե ինչ են բանակցում կողմերը, երբ նրանցից յուրաքանչյուրը հղում է կատարում այլ առաջարկների, թեեւ, գոնե այս հարցում առաջընթաց կա, հիմքը մադրիդյան փաստաթուղթն է ներկայացվում երկուստեք:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ