«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2010-08-17 | #147, 2010-08-18 | #148, 2010-08-19


ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՀՆԴԿԱԿԱՆ ԳՈՄԵՇԻ ՄՍԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Կառավարությունն այսօր որոշում կընդունի Հնդկաստանի Հանրապետությունից գոմեշի մսի ներմուծման վերաբերյալ: Հիշեցնենք, որ այս խնդրի կապակցությամբ մոտ մեկ տարի առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ խորհրդակցություն էր հրավիրվել, որտեղ ներկայացվել էր Հնդկաստան գործուղված աշխատանքային խմբի ներկայացրած հաշվետվությունը: Այդ խորհրդակցության ժամանակ ցուցադրվել էր տեսաժապավեն, թե ինչ խայտառակ հակահիգիենիկ պայմաններում են մսի արտադրությամբ զբաղվում Հնդկաստանի որոշ գործարաններում: Նշվել էր նաեւ, որ արձանագրվել են սատկած գոմեշի մսի ներմուծման դեպքեր:

Կառավարության այսօրվա որոշման նախագծում նշվում է, որ քանի որ հնդկական միս ներմուծելիս Հայաստանի մաքսային սահմանում լիարժեք լաբորատոր փորձաքննության հնարավորություն ներկայումս չկա, եւ այդ փորձաքննության կազմակերպման համար անհրաժեշտ է մսի փորձաքննության պատվիրումը արտերկրում գործող լաբորատորիաներում, կառավարությունը նպատակահարմար է գտնում որոշակի չափանիշներ սահմանել Հնդկաստանում գոմեշի միս արտադրող կազմակերպությունների նկատմամբ: Այդ ձեռնարկություններում արտադրության եւ տեղում լաբորատոր փորձաքննության գործընթացի հսկողություն իրականացնելու համար Հնդկաստանում կնշանակվի ՀՀ կառավարութան ներկայացուցիչ:

Կառավարության որոշման նախագծում հիշատակվում է այն փաստը, որ Հնդկաստանում արտադրված գոմեշի մսի նկատմամբ արգելքներ են սահմանված Եվրոպական մի շարք երկրների, Ռուսաստանի կողմից, իսկ որոշ այլ երկրներումՙ Վրաստան, Եգիպտոս եւ այլն, նմանատիպ սահմանափակումներ են կիրառվում:

Հայաստանի կառավարությունը մասնավորապես սահմանելու է, որ Հայաստան կթույլատրվի ներմուծել միայն հնդկական այն ձեռնարկությունների արտադրած միսը, որն ունի դրա արտադրության ոչ պակաս, քան 10 տարվա աշխատանքային փորձ, ընդհանուր մեկ արտադրական տարածքում տեղակայված միջազգային ստանդարտներին համապատասխան սեփական սպանդանոց, առաջնային վերամշակման արտադրամաս եւ սառցարան, միջազգային արտոնագրող մարմիններից տրված վտանգի աղբյուրների վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման (HACCP) համակարգի եւ ստանդարտների միջազգային կազմակերպության նվազագույնը ISO 9001:2000 ստանդարտի արտոնագրեր, ինչպես նաեւ հայտնի չեն կազմակերպության ապրանքային նշանը կամ գործարար համբավը արատավորող հիմնավորված տեղեկություններ: Իսկ Հայաստան արտահանվող գոմեշի մսի յուրաքանչյուր խմբաքանակի պատրաստման հսկողություն իրականացնողՙ Հնդկաստանում մշտապես գտնվող Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության գծով ներկայացուցիչը նշանակվելու է վարչապետի կողմից:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4