«Ռուսաստանն իսկապես ցանկանում է նորմալ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ, սակայն Հայաստանի հետ մեր համագործակցության մակարդակն անհամեմատ բարձր է», հայտարարել է ԱՊՀ եւ բալթյան երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստատին Զատուլինը ռուսական «Պրավդա» պարբերականին: Անվանի գործիչը, որը, հիշեցնենք, Ստեփանակերտ պարբերաբար այցերի պատճառով, «անցանկալի անձ է» Ադրբեջանում, ընդգծել է, որ Ադրբեջանում շարունակում է գերիշխող լինել «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը, որտեղ Մոսկվան տեղ չունի: «Բաքուն իրեն տեսնում է Թուրքիայի հետ սերտ կապակցված», նշել է Զատուլինը: Իսկ հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսելիս` նա նշել է. «Ադրբեջանի խանդն այս հարցում նրանց կանխակալ վերաբերմունքի արդյունքն է: Այո, Մոսկվան Հայաստանին օգնություն է տրամադրում, սակայն դրանից նաեւ օգուտներ է քաղում. ռուսական ներդրումները հայկական տնտեսության մեջ ամենեւին էլ նվիրատվություններ չէին: Ռուսաստանը լուրջ հետաքրքրություններ ունի հայկական ընդերքի մշակման մեջ, ինչպես նաեւ` գունավոր մետալուրգիայի ոլորտում: Ինչպես հայտնի է, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը հարուստ է մետաղներով»:
Վերջում ԱՊՀ եւ բալթյան երկրների ինստիտուտի տնօրենը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի կենսամակարդակների միջեւ: Զատուլինը այն եզրահանգմանն է եկել, որ չնայած Բաքուն անհամեմատ մեծ տնտեսական հնարավորություններ ունի, սակայն «Հայաստանի բնակիչների կենսամակարդակը շատ ավելի բարձր է. այդ երկրում հարստության վերաբաշխման մեխանիզմներն ավելի արդար են, բացի այդ, պակաս կարեւոր չէ, որ հայ ժողովուրդը բավական ձեռներեց է, պատահական չէ, որ Հայաստանում ակտիվորեն զարգանում է փոքր եւ միջին բիզնեսը», եզրափակել է Զատուլինը:
Հ. Ա.