Գործարքների քանակը հունիսին կրկին ավելացավ
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն` 2010-ի հունիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15609 գործարք, ինչը 15,5 տոկոսով բարձր է այս տարվա մայիսի եւ 9 տոկոսովՙ 2009-ի հունիսի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը հունիսին մայիսի համեմատ աճել է 19,4 տոկոսով, իսկ անցյալ տարվա հունիսի համեմատՙ նվազել 1 տոկոսով: 3987 օտարման գործարքներից առուվաճառքինը կազմել է 81,1 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39,1 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:
Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 64,9 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2010-ի մայիսի համեմատ, բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 19,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատՙ 6,9 տոկոսով:
Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հունիսին մայիսի համեմատ աճել ենՙ 1,1 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.
Միջին գները (դրամ) հունիս 2009թ. | Միջին գները (դրամ) հունիս 2010թ. | Միջին գները (դրամ) մայիս 2010թ. | |
Կենտրոն | 462800 | 478100 | 469500 |
Արաբկիր | 350400 | 395500 | 392200 |
Քանաքեռ-Զեյթուն | 271700 | 294300 | 289700 |
Նոր Նորք | 222600 | 246200 | 244700 |
Ավան | 225700 | 249900 | 247900 |
Էրեբունի | 243300 | 259900 | 252600 |
Շենգավիթ | 235500 | 263800 | 262100 |
Դավթաշեն | 250900 | 281400 | 280400 |
Աջափնյակ | 233600 | 242300 | 242300 |
Մալաթիա-Սեբաստիա | 218600 | 253400 | 251200 |
Նուբարաշեն | 134700 | 147800 | 145900 |
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից) | 259300 | 283000 | 279900 |
Մարզերում, բացառությամբ Երեւանi, հունիսին վաճառվել են 370 բնակարաններ, որոնց քանակը մայիսի համեմատ աճել է 34,1 տոկոսով, իսկ 2009-ի հունիսի համեմատ 13,5 տոկոսով: Բնակարանների միջին գները հունիսին մայիսի համեմատ աճել են 1 տոկոսով:
Երեւանից հետո ամենաթանկ բնակարանները հունիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 181 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում) 166 հազար դրամ է կազմել, Աբովյանում 1 քմ գինը` 162 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը եւ Իջեւանըՙ 142 հազար դրամ, Գորիսըՙ 139 հազար դրամ, Մասիսըՙ 133 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:
2010-ի հունիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 413 գործարք, որից 116-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը հունիսին մայիսի համեմատ աճել է 22,1 տոկոսով, իսկ մարզերումՙ 21,2 տոկոսով: 2009-ի հունիսի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 0,9 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրածՙ նվազել 3,3 տոկոսով:
Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2010-ի հունիսին մայիսի համեմատ աճել են 0,9 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.
Միջին գները (դրամ) հունիս 2009թ. | Միջին գները (դրամ) հունիս 2010թ. | Միջին գները (դրամ) մայիս 2010թ. | |
Կենտրոն | 493000 | 488700 | 487700 |
Արաբկիր | 382000 | 405400 | 399200 |
Քանաքեռ Զեյթուն | 298000 | 297000 | 294700 |
Նորք-Մարաշ | 299500 | 288100 | 287200 |
Ավան | 251300 | 256000 | 251900 |
Էրեբունի | 273000 | 264000 | 260300 |
Շենգավիթ | 261300 | 269900 | 265900 |
Դավթաշեն | 281000 | 288600 | 286100 |
Աջափնյակ | 269500 | 251900 | 249400 |
Մալաթիա-Սեբաստիա | 252000 | 255600 | 253200 |
Նուբարաշեն | 152300 | 149100 | 148400 |
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից) | 292100 | 292200 | 289500 |
Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները հունիսին մայիսի համեմատ նույնպես աճել ենՙ 1 տոկոսով, իսկ ամենաթանկ անհատական տները դարձյալ Ծաղկաձորում ենՙ 1 քմ-ն 351 հազար դրամ: Այս ցուցանիշով Ծաղկաձորը զիջում է միայն Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր շրջաններին: Երկրորդը Աբովյանն է, 1 քմ-նՙ 174 հազար դրամ, երրորդը Վաղարշապատն է, որտեղ 1 քմ-ն կազմել է 171 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 150 հազար դրամ, Իջեւանըՙ 146 հազար դրամ, Գորիսըՙ 145 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 136 հազար դրամ, Եղվարդըՙ 128 հազար դրամ 1 քմ դիմաց:
Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2010-ի հունիսին 2009-ի հունիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն նվազել է 4 տոկոսով, աճուրդով վաճառվող հողերինըՙ 28,8 տոկոսով:
2010-ի հունիսին մայիսի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակն աճել է 17 տոկոսով, իսկ 2009-ի հունիսի համեմատ նվազել` 21,4 տոկոսով:
Հունիսին իրականացվել են հիպոթեկային գրավադրման 167 գործարքներ, որից 116-ը` Երեւանում: Հիպոթեկային գրավադրման գործարքներից 77,2 տոկոսն իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 16,8 տոկոսը` անհատական բնակելի տների, մնացածը հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2010-ի մայիսի համեմատ, հիպոթեկային գրավադրման գործարքների քանակը աճել է 8,4 տոկոսով, ընդ որում Երեւանում` 0,9 տոկոսով, իսկ մարզերում` 30,8 տոկոսով: 2009-ի հունիսի համեմատ, հիպոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 2,5 անգամ, ընդ որում, Երեւանում` 2,3 անգամ, մարզերում` 2,8 անգամ:
Այսպիսով, 2010-ի հունիսին շարունակվել է անշարժ գույքի գների ամսական փոքր աճի (1 տոկոսի շրջակայքում) ավելի քան 1 տարի առաջ սկսված միտումը: Բացի այդ, արձանագրվել է նաեւ գործարքների քանակի ավելացում, հակառակ նախորդող երկու ամիսներին դրանց արձանագրված նվազմանը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ