«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2010-08-20 | #150, 2010-08-21 | #151, 2010-08-24


ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՑԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ ՏԵՍԱԿԱՄՐՋԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Օգոստոսի 19-ին Երեւան ժամանած ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պետական այցի մանրամասները, հայտարարություններն ու հատկապես ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը երեկ «Նովոստի» ակումբում հայ եւ ռուս փորձագետների ուշադրության կենտրոնում էին:

«Հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնում եւ բնութագրվում ստրատեգիական: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պետական այցն ավելի ամրապնդեց երկու երկրների բարեկամական հարաբերություններն ու թույլ տվեց ունենալ ծանրակշիռ փաստարկներ` հավաստիացնելու, որ Հայաստանն ու Ռուսաստանը լուրջ գործընկերներ են, եւ հարաբերությունները զարգանում են հավասար գործընկերների հարթության վրա», ասաց ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը Երեւան- Մոսկվա տեսակամրջի ժամանակ:

ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիրմիր Ժարիխինն ընդգծեց, որ ռազմաբազաների ժամկետի երկարաձգումն ու պայմանագրում արված փոփոխությունները շատ կարեւոր են երկու երկրների համար: Այդ փոփոխությունները կարեւոր նշանակություն ունեն Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը նշեց, որ Մեդվեդեւի այցով Մոսկվան հստակ պատգամ ուղարկեց Բաքվին. ԼՂՀ հարցում Ադրբեջանը պետք է թուլանա եւ ցուցաբերի հանգստություն: Հակառակ պարագայում Ադրբեջանը կստորագրի իր մահախոսականը: «Ռուսաստանը եւս մեկ անգամ կարեւորեց տարածաշրջանում խաղաղությունն ու հաստատեց իր պարտավորություններն ու պատասխանատվությունը Ռուսաստանի եւ Հայաստանի անվտանգության պահպանման կապակցությամբ», հավելեց Մինասյանըՙ մեջբերելով պայմանագրի 5-րդ կետը:

Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովի կարծիքով, եթե պատերազմ սկսվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Ռուսաստանը մասնակցություն չի ունենա, սակայն ռուսական բանակի դիրքավորումն ու ռազմաբազայի ներկայությունը տալիս են հնարավորություն, որ Հայաստանն իրեն պաշտպանված զգա: «ՌԴ նախագահի պետական այցը Հայաստան ու հայտարարությունները կարելի է ընդունել մարտահրավեր, որը Ռուսաստանը պաշտոնական մակարդակով մեսիջ ուղարկեց Բաքվին, որն օդը անընդհատ տատանում է ռազմական գործողություններ սկսելու եւ Ղարաբաղը իրեն վերադարձնելու կոչերով: Դրա համար Ռուսաստանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ ԼՂ հակամարտության հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Դա ՌԴ նախագահի այցի կարեւոր արդյունքներից մեկն էր», ասաց Զախարովը:

Սերգեյ Մինասյանը հիշեցրեց, որ Երեւանում եւ Մոսկվայում գիտակցում են` եթե ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողություններ սկսվեն, ապա Ռուսաստանը չի կարող կողքից նայողի դերում հայտնվել: «Եթե Ռուսաստանը իր գործընկեր Հայաստանին աջակցություն չցուցաբերի, ապա քաղաքական հետեւանքներն ահռելի կլինեն»: Մինասյանն ընդգծեց, որ Ռուսաստանը շատ լավ է հասկանում տարածաշրջանում խաղաղության գինը, եւ դա պետք է լինի Ռուսաստանի ամենալավ պատասխանը ՆԱՏՕ-ի այն հարցին` կխառնվի՞ Ռուսաստանը հնարավոր ռազմական գործողություններին, թե` ոչ:

Սերգեյ Մինասյանը բացառեց, որ Մեդվեդեւի այցը Հայաստան եւ ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը պատասխան են վերջերս Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` Ադրբեջան կատարած այցին եւ խոսակցություններին, որ Թուրքիան նախատեսում է Նախիջեւանում ռազմաբազա տեղակայել: Թուրքիան չի կարող Նախիջեւանում ռազմաբազա տեղակայել. խոչընդոտող գործոնները բազմաթիվ են: «Նախիջեւանում թուրքական ռազմաբազաների տեղակայումը չի կատարվի, որովհետեւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է: Կընդդիմանան նաեւ տարածաշրջանի առաջատար խաղացողները` Իրանն ու Ռուսաստանը: Չեմ կարծում, որ Թուրքիան պատրաստ է հերթական անգամ Հայաստանի հետ կապված գլխացավանքի մեջ ընկնել»:

Անհիմն են նաեւ խոսակցությունները, որ Գյումրիում տեղակայված ռազմաբազան կարող է խոչընդոտ հանդիսանալ ռուս-վրացական կամ հայ-վրացական հարաբերություններին: Ժարիխինի համոզմամբՙ ռուս-վրացական հարաբերություններ չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի նախագահն է, հետեւաբար ռազմաբազան այդ հարաբերությունների լինել-չլինելու կապակցությամբ որեւէ ազդեցություն չի կարող ունենալ: Սերգեյ Մինասյանն էլ հավելեց, որ եթե Վրաստանը վտանգի է սպասում, ապա ուղղությունը ոչ թե հյուսիսից է, այլ` հարավից: «Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին` Գյումրու ռազմաբազան չի կարող վատ ազդեցություն ունենալ դրանց վրա»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4