«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2010-08-20 | #150, 2010-08-21 | #151, 2010-08-24


«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆԸՆԴՀԱՏ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԶԻՋՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ»

ՀՀՇ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը երեկ` ասուլիսի սկզբում շնորհավորեց լրագրողներին Անկախության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձի առթիվ, ապա շտապելով ընդգծեց. «20 տարիների ընթացքում չկարողացանք ստեղծել մի երկիր, որտեղ մեր ժողովուրդը կապրեր արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքով»: Կարապետ Ռուբինյանի խոսքով` հիմա իշխանությունների գործունեությունն ուղղված է ոչ թե բացասական երեւույթները շտկելուն, այլ հակառակը` դրանց խորացմանը: «Դե ֆակտո» ակումբում բանախոսն անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին: Ռուսաստանը կայսերապաշտի իներցիայով է կառուցում իր հարաբերությունները թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում, թե՛ Հայաստանի հետ: «Որեւէ տեսանկյունից խորանալով` տեսնում ենք, որ Հայաստանն անընդհատ հանդես է գալիս զիջողի ու ինչ-որ բան «կուլ տվողի» կարգավիճակում», ասաց Կ. Ռուբինյանը, այնուհետեւ որպես ապացույց նշեց. «Պարոն Լավրովը փաստորեն հաստատեց C-300-ի վաճառքը, իսկ հետո էլ Մաշտոցի մեդալ ստացավ ու գնաց»: Չնայած Կ. Ռուբինյանը չմերժեց, որ ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում ունեցել է կայունացնող նշանակություն, բայց դրա տեղակայման ժամկետի երկարաձգումը, ըստ բանախոսի, այս պահին Հայաստանին ոչինչ էլ չի տալիս: Ռուսաստանի նախագահի անցյալ շաբաթվա այցը, Կարապետ Ռուբինյանի խոսքով, դեռ առաջին «արարն» էր: 2-րդ «արարը» Դմիտրի Մեդվեդեւի այցելությունն է Բաքու, որը տեղի կունենա սեպտեմբերին: «Այդ ժամանակ հնարավոր է, որ սառը ցնցուղի զգացողություններ ունենաք, քանի որ Ռուսաստանը ձեռքերն ազատ գնալու է Բաքուՙ նոր առեւտրի», հավելեց Կ. Ռուբինյանը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4