Հույն բարձրաստիճան զինվորականը Երեւանում է երկօրյա աշխատանքային այցով, որի շրջանակներում կհանդիպի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ այլ պաշտոնյաների: Երեկ գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդ: Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղկեպսակ դնելուց հետո Ֆրանգուլիսը հայտարարել է. «Ես շատ եմ սիրում հայերին եւ առաջին անգամ չէ, որ այցելում եմ Հայաստան»: ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի ցամաքային ուժերի գլխավոր շտաբի պետը անդրադարձել է նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը. «Հայաստանը ազատ եւ ժողովրդավարական երկիր է, ունի կառավարություն եւ իր ընտրությունը ինքնուրույն է անում: Եթե Հայաստանը որոշի միանալ ՆԱՏՕ-ին, դա կլինի նրա նախաձեռնությունը, մենք պատրաստ կլինենք օգնել` ինչով կարող ենք», հայտարարել է Ֆրանգուլիսը:
Հ. Ա.