«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2010-08-21 | #151, 2010-08-24 | #152, 2010-08-25


«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԹԻՐԱԽ»

Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգող փաստաթղթի ստորագրումը թուրքագետ, քաղաքական մեկնաբան Հակոբ Չաքրյանի խոսքով` ունի տարածաշրջանային կարեւոր նշանակություն, քանի որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար Մերձավոր ու Միջին Արեւելք ներթափանցելու յուրահատուկ կամուրջ է. «Մանավանդ որ ամերիկյան մարտնչող զորքերն արդեն դուրս են բերվել Իրաքից»: Թուրքագետը նշում է, որ նորմալ երկրներում, երբ ստորագրվում են տարածաշրջանային նշանակություն ունեցող նման արձանագրություններ, իշխանության կառույցները լրատվամիջոցների ղեկավարներին տալիս են որոշակի ուղղորդիչ, ոչ թե բոլոր գաղտնիքները բացահայտող, այլ լրացուցիչ տեղեկություններ, որպեսզի լրատվամիջոցները կողմնորոշվեն: Հայաստանում, սակայն, նման սովորություն չկա: «Քանի որ մեզանում երկիրն ի սկզբանե ղեկավարվում է տնայնագործությամբ: Այդ իսկ պատճառով ասպարեզ են իջնում քաղաքագետներ, միջազգայնագետներ, փորձագետներ, որոնցից մի մասն իշխանություններին գովաբանելու նպատակով սկսում է փառաբանել կատարվածը: Բնականաբար, մյուս մասն էլ իշխանություններին քննադատելու նպատակով սկսում է վարկաբեկել»:

Իհարկե, նման իրավիճակից հետո մամուլում հրատարակված ինֆորմացիան հնարավորություն չի տալիս ճիշտ գնահատելու կատարվածը: Խոսակցությունները, թե Ռուսաստանը պատրաստվում է զենիթահրթիռային C-300 համալիրներ վաճառել Ադրբեջանին, իսկ Թուրքիան էլ ռազմաբազա է տեղավորելու Նախիջեւանում, նախադրյալներ ստեղծեցին, որպեսզի Հայաստանը երկարաձգի ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը: Հակոբ Չաքրյանի փոխանցմամբ` ռազմաբազաները, տեղակայվելով որեւէ երկրում, ճիշտ է, որոշ չափով ապահովում են տվյալ երկրի ազգային անվտանգությունը, բայց միեւնույն ժամանակ այդ երկիրը դարձնում են ռազմական թիրախ:

«Իհարկե, Հայաստանի պարագայում հարձակման թիրախ դառնալու խնդիր չկա, որովհետեւ թուրք-ադրբեջանական դաշինքն այդպիսի ռիսկի չի դիմի, սակայն Հայաստանը կարող է դառնալ քաղաքական ճնշումների թիրախ», երեկ «Ուրբաթ» ակումբում ասաց թուրքագետը: Ռուսաստանի հետ ստորագրված արձանագրությունը միանշանակ դրական բնութագրելը ճիշտ չէ: Այս արձանագրությունով մեր երկիրն Արեւմուտքի համար դառնում է հենց քաղաքական ճնշումների թիրախ:

Բացի այդ` Հայաստանն Արեւմուտքում արդեն ընկալվում է որպես Ռուսաստանին Հարավային Կովկաս «հրավիրող» եւ ռուսական ռազմական ներկայությունը ենթատարածաշրջանում ապահովող երկիր: Այս ամենի հետեւանքով վնաս է կրում Հայաստանի միջազգային հեղինակությունը: Շատ կարեւոր է նաեւ իմանալ, թե ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը, ինչը մենք չգիտենք: «Որեւէ քայլ կատարելուց առաջ, եթե չես իմանում ո՞րն է լինելու հաջորդը, արդեն կորցնում ես նախաձեռնությունը, այն անցնում է այլ երկրի ձեռքը», ավելացրեց թուրքագետը: Վերջինիս փոխանցմամբ` ռուսական ռազմակայանի ժամկետի երկարաձգումն ամրապնդում է Հայաստանի անվտանգությունը միայն թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքին դիմակայելու տեսանկյունից:

Հակոբ Չաքրյանը նաեւ նշեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ստորագրված փաստաթղթերն ամենեւին էլ պետք չէ դիտել որպես Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ վերջերս ստորագրված ռազմավարական գործընկերության ու փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագրի հակակշիռ, որովհետեւ թուրք-ադրբեջանական նման համաձայնագիր ստորագրվել էր դեռեւս 1997 թվականի մայիսին: Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ստորագրված 1995 թվականի պայմանագիրն արդեն հակակշռում էր թուրք-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը:

Թե ինչպիսի՞ն են Թուրքիայի արձագանքները հայ-ռուսական համաձայնագրի առնչությամբՙ այս ուղղությամբ Անկարան որեւէ հակազդեցություն դեռեւս չի ցուցաբերել: Զարմանալիորեն լռում է նաեւ Արեւմուտքը: Հակոբ Չաքրյանի կարծիքով` կա՛մ ռուսները համաձայնագրի մասին նախապես տեղյակ են պահել Թուրքիային եւ համաձայնեցրել ԱՄՆ-ի ու Եվրոմիության հետ, կա՛մ էլ Թուրքիան ու Արեւմուտքն իրենց անելիքների մեջ դեռեւս չեն կողմնորոշվել: «Ենթադրում եմ, որ առաջին տարբերակն ավելի իրատեսական է», հավելեց թուրքագետը:

Վերջում Հ. Չաքրյանն անդրադարձավ հայերի` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի գնալ-չգնալու հարցին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելու է պատարագ: «Այնուամենայնիվ, ոչ բարձր մակարդակի պատվիրակությամբ պետք է գնալ, ներկայանալ, սակայն լինել զուսպ ու շոուի մասնակից չդառնալ», հավելեց թուրքագետը:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4