Բանավիճեցին ոլորտի ներկայացուցիչները
«Հայելի» ակումբում երեկ քննարկվեցին Հայաստանի ներգնա զբոսաշրջության վիճակն ու խնդիրները: Հանդիպման հյուրերն էին ազգային մրցունակության հիմնադրամի նախագահ Բեկոր Փափազյանը , ներգնա տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանը եւ հյուրանոցների ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Հակոբյանը :
Առաջինը ելույթ ունեցավ ազգային մրցունակության հիմնադրամի նախագահ Բեկոր Փափազյանը, ասելով, որ անցյալ տարի Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 600 հազար, եւ որ տարեկան այս ցուցանիշը 10 տոկոս աճ է արձանագրում: Սակայն, ինչպես Բեկոր Փափազյանը, այնպես էլ Ռոբերտ Մինասյանն ընդգծեցին, որ դրանք այցելուներն են, իսկ կազմակերպված տուրիստները դրա փոքր մասն են կազմում: Ըստ Ռոբերտ Մինասյանիՙ այս տարի վերջիններիս որոշ աճ կա: Սակայն կազմակերպված տուրիստական այցելությունների ավելացման համար պետք է մեծ աշխատանք տարվի Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում մեծացնելու ուղղությամբ: Դրան պետք է մասնակցեն ե՛ւ պետությունը, ե՛ւ տուրօպերատորները, ե՛ւ հյուրանոցները:
Հայաստանի ճանաչելիությունն ավելացնելու առումով մեր երկիրը մասնակցում է տարբեր ցուցահանդեսների: Հայտնելով այս մասինՙ Բեկոր Փափազյանը ավելացրեց, որ այս տարի Տաթեւի համալիրի վերաբացման եւ ճոպանուղու կառուցման առիթով, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 16-ին, «Եվրոնյուսով» Հայաստանի մասին հաղուրդումներ են լինելու, մեր երկիր են գալու միջազգային լրատվամիջոները ներկայացնող 20-30 լրագրողներ:
Հանդիպման մասնակիցների միջեւ բանավեճ սկսվեց լրագրողների այն հարցից հետո, թե ի վերջո ինչո՞ւ են շարունակում բարձր մնալ հայաստանյան հյուրանոցների գները: Փորձելով հարցով պատասխանել այս հարցին, հյուրանոցների ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Հակոբյանն ասաց, թե ո՞վ գիտի, թե ինչո՞ւ է ձմերուկի գինը Հայաստանում ավելի բարձր, քան Վրաստանում, ապա, թե ո՞րն է Ձեր պատկերացրած ցածր գինը: Երբ լրագրողները, համեմատելով հարեւան երկրների հյուրանոցների գների հետ, ասացին, թե որոնք են այդ ցածր գները, հյուրանոցների ասոցիացիայի փոխնախագահը որոշակի ոչինչ չկարողացավ ասելՙ մեր հյուրանոցների եւ հանգստյան տների բարձր գները պատճառաբանելով մեկ ցածր պահանջարկով, մեկՙ հարկային դաշտով: Փոխարենը այդ հարցի պատասխանը տվեց ներգնա տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանըՙ ասելով, որ «Հայաստանում հյուրանոցների գները օդից վերցված են»: Ըստ նրաՙ չկան կրթված մասնագետներ, որոնք կարողանան ճիշտ գնային քաղաքականություն վարել, բերել նոր ծառայություններ: Բացի այդ, Հայաստանի հյուրանոցները չեն մասնակցում, միջոցներ չեն հատկացնում պետության եւ տուրօպերատորների կողմից եւ միջոցներով արտերկրում կազմակերպվող ցուցահանդեսներին եւ գովազդային միջոցառումներին: Հակոբ Հակոբյանը պատասխանեց, որ իրենք նույնպես մասնակցում են նման միջոցառումներին: Նա նաեւ տեղեկացրեց, որ այս տարի մի քանի նոր հյուրանոցներ են շարք մտնելու հայաստանյան հանգստավայրերում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ