«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2010-08-21 | #151, 2010-08-24 | #152, 2010-08-25


«ԻՄ ԱՐՎԵՍՏԻ ՈՒԺԸ, ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ` ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳԻՆԵՐԸ ԲԺՇԿԵԼՆ Է»

Երեկ 72 տարեկան հասակում կյանքից հեռացավ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» պետական շքանշանի դափնեկիր Վլադիմիր Մսրյանը: Դերասանի սիրտը կանգ է առել առավոտյան 7:30-ին. վերջին շրջանում նա տառապում էր արյան քաղցկեղով: 1982-ին «Լենֆիլմ»-ի նկարահանած «Նիկոլո Պագանինի» 4-սերիանոց ֆիլմում ստանձնած գլխավոր դերի համար Վլադիմիր Մսրյանին իտալական մամուլը ճանաչեց «բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն Պագանինի»:

Ներկայացնում ենք Վլադիմիր Մսրյանի հետ ամիսներ առաջ անցկացրած հարցազրույցը, որտեղ դերասանն արտահայտում է իր խոհերը, վերհիշում մանկությունն ու գնահատականներ տալիս ստեղծագործական գործունեությանը:

«Առաջին մուտքը թատրոն եղել է երկու տարեկան հասակում: «Սեւիլ» ներկայացման մեջ փոքրիկ դեր ունեի` պետք է «մայրիկ» բղավեի: Թեպետ ծնողներս` Արաքսյա եւ Հովհաննես Մսրյանները թատրոնի վաստակավոր դերասաններ էին, սակայն պատանի տարիքում դերասան դառնալու մտադրություն չունեի: Տարօրինակ է, բայց այդ ժամանակ ինձ ավելի շատ գրավում էր մաթեմատիկան, ֆիզիկան: Հետագայում, ռուսերենի ուսուցչուհու շնորհիվ արթնացավ սեր դեպի ռուս գրականությունը: Դպրոցում հիմնեցի գրական խմբակ եւ հաճախ էինք գրական-թատերական բազմաբնույթ միջոցառումներ կազնակերպում», հիշում է Վլադիմիր Մսրյանը:

Միայն տարիներ անց պատանի Վովան որոշեց դառնալ դերասան եւ ընդունվեց Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ:

«Ակադեմիան ավարտելուց հետո աշխատանքի անցա Երեւանի պատանի հանդիսատեսի անվան թատրոնում: Խաղացի բազմաթիվ դերեր: Այդ ժամանակաշրջանը նման էր փորձաշրջանի: Հասկացա` ինչ է նշանակում հանդիսատեսի հետ շփում, զգացի բեմը», պատմում է Վլադիմիր Մսրյանը:

Վաթսունականներին հիմնվեց «Արշալույս» երիտասարդական թատրոնը, որի նպատակն էր համախմբել երիտասարդ տաղանդավոր դերասաններին: Թատրոնում երիտասարդ դերասանը խաղաց բազմաթիվ գլխավոր դերեր, որոնցից հատկապես տպավորիչ էին Միքայելի կերպարը «Վարդագույն հարսանիք» պիեսում: Սակայն երիտասարդական թատրոնը կարճատեւ կյանք ունեցավ: Շուտով Հրաչյա Ղափլանյանը ձեռնամուխ եղավ հիմնելու դրամատիկական ուղղվածությամբ թատրոն, որի նպատակն էր յուրահատուկ մոտեցմամբ ու ժամանակակից ընկալմամբ մեկնաբանել ներկայացումները:

«1970-ից ստեղծագործական կյանքս կապվեց Դրամատիկական թատրոնի հետ: Առաջին դերը Ժան Անուի «Ուղեւորն առանց ուղեբեռի» ներկայացման մեջ Գաստոնի կերպարն էր: Հետաքրքրական էր մարմնավորել հատկապես Ալեքսեյին` (Դոստոեւսկի, «Խաղամոլը»): Տարիների ընթացքում խաղացի «Մակբեթ», «Ռիչարդ Երրորդ» ու էլի բազմաթիվ դերեր, կերպարներ»:

Ասում են` հաջողված է այն ստեղծագործությունը, որ թատերագետների սուր քննադատության հետ համատեղ արժանանում է հանդիսատեսի բուռն ընդունելությանը: Այս դեպքում որոշիչը հանդիսատեսի կարծիքն է: Այդպիսի ճակատագրի արժանացավ «Համլետ» ներկայացումը, որտեղ Դանիայի արքայազնին մարմնավորում էր Վլադիմիր Մսրյանը:

«Ներկայացումը Երեւանում քննադատեցին, սակայն Մոսկվայում արժանացավ հրաշալի ընդունելության: Հանդիսատեսն ավելի քան երեսուն րոպե ծափահարում ու ողջունում էր: Դժվար է մարմնավորել Համլետին: Անհնար է լիովին ըմբռնել նրա կերպարը: Կարող ես մի քանի դրվագ լավ խաղալ, սակայն ողջ պիեսը ներկայացնել բարձր մակարդակով` անհնար է, եւ ոչ-ոքի դեռեւս չի հաջողվել: Դա թերեւս կապված է կերպարի բարդությունից: Յուրաքանչյուր ժամանակ ի՛ր Համլետն ունի: Ես յոթանասունականների Համլետն եմ», նշում է նա:

«Եթե Սմակտունովսկու «Համլետը» խոսում է 200 մլն մարդու անունից, ապա Մսրյանի «Համլետ»-ը երեք միլիոն հայի հոգու ճիչն է: Սա է կերպարների տարբերությունը: Այլ կերպ հնարավոր չէ, որովհետեւ Վովան հայ է եւ նրա «Համլետն» էլ պետք է հայ լիներ», ներկայացումից հետո այսպես է ասել բանաստեղծ Համո Սահյանը:

Քսանհինգ տար առաջ, երբ նկարահանվեց «Նիկոլո Պագանինի» չորսսերիանոց ֆիլմը, իտալական մամուլը Մսրյանին ճանաչեց բոլոր ժամանակների եւ ժողովուրդների լավագույն Պագանինի: Մսրյանը խոստովանում է, որ դեռ պատանեկան տարիներից հիացել է մեծ ջութակահարի տաղանդով ու երազում էր մարմնավորել նրա կերպարը:

«Անսպասելիորեն Լենինգրադից Երեւան եկավ ժամանակի հայտնի ռեժիսորներից Վերշլյակովը` իմ խաղը դիտելու նպատակով: Ավելի քան տասը օր նա այցելում էր թատրոն... եւ շուտով առաջարկեց մասնակցել «Նիկոլո Պագանինիի» կերպարի համար սկսված քասթինգին: Այդ ժամանակ հետաքրքրական դեպք տեղի ունեցավ: Դրամատիկական թատրոնը հյուրախաղերով մեկնեց Նիցցա: Երեկոյան իջեւանեցինք «Ֆրանկ» հյուրանոցում: Ես եւ Լեւոն Թուխիկյանն էլ տեղավորվեցինք 302-րդ սենյակում: Գիշերը երազում տեսնում եմ Պագանինիին, որ ծնկի է գալիս իմ առաջ եւ սկսում նվագել: Առավոտյան, նախասրահի դռան վրա տեսա մարմարյա հուշատախտակ, որտեղ քանդակած էին ջութակ ու հրեշտակ, իսկ ներքեւում իտալերեն գրված էր Նիկոլո Պագանինի: Պարզվեց, որ նախկինում հյուրանոցը կոչվել է մեծ ջութակահարի անունով, եւ երբ նա գալիս էր Նիցցա բուժվելու, հանգստանում էր 302-րդ սենյակում: Չգիտեմՙ միգուցե ճակատագրի թելադրանքն էր, կամ էլ երկնային ուժերի կատակը, սակայն հաջորդ օրը Լենինգրադից զանգեցին, թե ինձ են ընտրել Պագանինիի կերպարը մարմնավորելու համար», հիշում է Վլադիմիր Մսրյանը:

Ֆիլմի նկարահանումները տեւեցին ավելի քան մեկ տարի: Դերասանը նշում է, որ Պագանինիին ընկալելու եւ ներկայացնելու համար ուսումնասիրել էր ջութակահարի կյանքի պատմությունը, կարդացել նամակները, անգամ գիտեր, թե ինչպես էր բռնում ջութակը: Երբ ֆիլմն էկրան բարձրացավ, դերասանն օրական ստանում էր հարյուրավոր նամակներ, բացիկներ...:

«Նամակ ստացա ռուս կնոջից, որ շատ դաժան կյանք էր ունեցել: Ու թեեւ փոքրիկ երեխա ուներ, որոշել էր ինքնասպանություն գործել: Այնպես է պատահում, որ մինչ այդ քայլին դիմելը հեռուստատեսությամբ դիտում է ֆիլմի առաջին սերիան ու... Տիկինը գրում էր, թե մեծ ուշադրությամբ դիտել էր ֆիլմն ու երկար խորհելուց հետո որոշել... ապրել: Նամակի վերջում նա շնորհակալություն էր հայտնում, որ իմ շնորհիվ իր երեխան չորբացավ»:

Մսրյանը խոստովանում է, որ այս անանուն նամակ-մասունքը լավագույն ու ամենամեծն է բոլոր այն պարգեւներից ու կոչումներից, որոնց արժանացել է:

«Եթե փրկել եմ գոնե մեկ հուսալքված հոգի, ուրեմն իմ կոչումն արդարացված է: Իմ արվեստի ուժը, առաքելությունը մարդկանց հոգիները բժշկելն է»:

1970-ականներին Մսրյանը նկարահանվեց «Հայֆիլմի» արտադրության «Վերադարձ» ֆիլմում, որի ռեժիսորը Արմեն Մանարյանն էր: Մսրյանը մարմնավորում էր գիտնական Հայկ Վերդյանին, որ Պետերբուրգից գալիս է Երեւան, հիմնադրում լաբորատորիա: Գիտնականին շատ են ճնշում, սակայն կարողանում է իր մեջ ուժ գտնել ու շարունակել հետազոտությունները: Երկրորդ Ֆիլմը 90-ականներին Տիգրան Խզմալյանի նկարահանած «Օդից կախված»-ն էր: Այն նվիրված էր Լեոնիդ Ենգիբարովին, որտեղ Մսրյանը մարմնավորում էր ծեր ծաղրածուի: Ավելի ուշ այդ դերակատարման համար Մսրյանն արժանացավ «Լավագույն դերասան» մրցանակին «Կինոշոկ» փառատոնում:

«Խորհրդային Միության ժամանակ «Հայֆիլմը» բաժանված էր ստեղծագործական մի քանի խմբերի: Կային ընդամենը մի քանի ռեժիսորներ, որոնք մշտապես նկարահանում էին իրենց նախընտրած դերասաններին: Կորցրած բազմաթիվ տարիներ ունեմ: Այդ բացթողումը լրացրեցի նկարահանվելով տաջիկական, ուկրաինական, բելոռուսական ֆիլմերում, սակայն կարող էի բազմաթիվ գործեր անել, որ այդպես էլ չհասցրեցի»:

1976-ին Արմեն Խանդիկյանը բեմադրեց Գրիգորի Գորինի «Մոռանալ Հերոստրատին» պիեսը, որտեղ Հերոստրատին մարմնավորում էր Վլադիմիր Մսրյանը: Ժամանակակից թատերագետները վստահեցնում են, որ դա Մսրյանի մարմնավորած լավագույն կերպարներից էր:

«Եթե որեւէ դեր են հանձնարարում, նախ ուսումնասիրում եմ, փորձում հասկանալ, սիրել: Եթե դա հաջողվում է, մտնում եմ էության մեջ: Նրա հետ զբոսնում եմ, քնում, արթնանում: Սա` փորձերի ժամանակ: Իսկ ներկայացման ընթացքում ամեն անգամ նոր մանրամասն եմ հայտնաբերում, որը դեռեւս անմշակ է, հղկում եմ, ձգտում լիովին հաղթահարել կերպարը: Այս ամենը տեւում է այնքան ժամանակ, մինչեւ կերպարը հնանա: Իհարկե, իսկական դերասանը մաքառում է «ծերացման» դեմ: Նա ձգտում է, որ ամեն ներկայացում պրեմիերա լինի: Ես սիրում եմ պրեմիերաները, երբ բոլորը բարի են», ասում է նա:

Վլադիմիր Մսրյանի Հերոստրատն ազգային դերասանական արվեստում խոշորագույն երեւույթ դարձավ, որտեղ արվեստագետը հասավ խաղային բացառիկ որակների: Հերոստրատը դերասանի առջեւ նոր ճանապարհ բացեց դեպի բարդագույն կերպարներ, առանձնահատուկ դերեր, խաղային վիճակներ, որոնցում բացառիկ ծիսականություն եւ միստիկականություն կա: Մսրյանը խոստովանում է, որ Հերոստրատը դերասանին մղում է կատարման բացառիկության:

«Յուրաքանչյուրի կյանքում լինում են պահեր, երբ ակամա ցանկություն է առաջանում նայել իր ապրած եւ չապրած օրերին, նայել կողքից, հենց այնպես, նորից ու նորից խորհել, հասկանալ, իմաստավորել....:

Երբեք օրագիր չեմ պահել, թեեւ հիշողության մեջ ժամ առ ժամ տպավորվել են պահերը, որ դարձել են ճակատագրական: Հիմա մտովի կողքկողքի եմ դնում այդ ու մի ցանկություն է մնում` մեն-մենակ լինել սեփական «եսի»-ի հետ` խոստովանության համար, խղճի առջեւ, Աստծո, խաղացած ու չխաղացած դերերի ու վերջապես` այն տաճարի առջեւ, որի անունն է թատրոն, եւ ուր ամեն երեկո ի կատար է ածվում ներկայացումի մի ծես», եզրափակում է Մսրյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Վլադիմիր Մսրյանի թաղման հանձնաժողով, եւ որոշվել է, որ սիրված արտիստի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին ժամը 18.00-իցՙ Արզումանյան 16/2 հասցեում: Վերջին հրաժեշտըՙ օգոստոսի 27-ին, ժամը 12.00-14.00-ն Դրամատիկական թատրոնի շենքում, հուղարկավորությունըՙ քաղաքային պանթեոնում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4