Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի երկարաձգման առնչությամբ Ադրբեջանում տարբեր մեկնաբանություններ են անումՙ մասնավորապես փորձ անելով նաեւ տպավորություն ստեղծել, թե իբր Հայաստանը ռազմականապես թուլացել է, եւ հայերը նոր պատերազմի հեռանկարից մտահոգ` խնդիր ունեն Ռուսաստանի միջոցով ապահովագրելու իրենց անվտանգությունը: Իրականում Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ոչ մի սպառնալիք էլ գոյություն չունի, որովհետեւ Ադրբեջանը Հայաստանի հետ լարվածություն ունի միայն Լեռնային Ղարաբաղի հետ կապված: Իսկ Թուրքիան ընդամենը կարող է բարոյահոգեբանական խթան լինել իր ցեղակիցների համար, ինչպես որ դա եղել է ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի ժամանակ` 1992-1994 թվականներին: Ասել է թե` հիմնական սպառնալիքներն ուղղված են հենց ԼՂՀ-ի դեմ: Այլ հարց է, որ Հայաստանը հանդես է գալիս որպես ԼՂՀ-ի անվտանգության երաշխավոր եւ Ղարաբաղում ռազմական գործողություններ ծավալվելու դեպքում ուղղակի մասնակցություն է ունենալու` դրանից բխող եւ պատմությանն արդեն ծանոթ հետեւանքներով:
Այստեղ թերեւս տեղին է հիշել Օտտո Բիսմարկի հայտնի խոսքերը, երբ ասում էր, որ պետք է գերմանացուն օգնել միայն ձին հեծնելիս, իսկ վարգել նա հաստատ կկարողանա: Այսինքն` Ադրբեջանի մտավախությունը հայերի` անհրաժեշտ սպառազինությամբ ապահովված լինելու մեջ է, իսկ որ հայերը հրաշալի մարտնչել գիտեն` Բաքվում նույնպես չեն կասկածում: Դժվար է հավատալ, որ հայ-ադրբեջանական ճակատում ռուս զինվորը կկռվի ադրբեջանցի ասկյարի դեմ, եթե, իհարկե, այլ հանգամանքներ նրան չպարտադրեն: Ադրբեջանն էլ, ինչպես միշտ, զգուշավոր է մնալու ռուսական սվինի հանդեպ ու չի հանդգնի դավագրգռել իր հյուսիսային գերհսկային:
Ադրբեջանն ինքն է մտահոգ, քանզի վերջին տարիներին արված հսկայական ռազմական ծախսերն ի չիք են դարձնում այս ոլորտում գերակշռության հասնելու նրանց ջանքերը: Մնում է հուսալ, որ հարեւան երկիրը ստիպված կլինի այսուհետեւ մեղմացնել կամ էլ պարզապես հրաժարվել ռազմական հռետորաբանությունից: Ադրբեջանի քարոզչական զինանոցն, անշուշտ, բավականին հարուստ է, եւ սեփական լսարանի քիմքին հարմար թեմաներ հաստատ կգտնվեն:
1news.az էլեկտրոնային պարբերականն, օրինակ, պետական քարոզչամեքենայի հոգեպահուստը պեղելով` արդեն ինքնամխիթարող «պատմական նոր փաստ» է գտել սեփական լսարանին մատուցելու համար: Պարզվում է, ըստ այդ պարբերականի, հայտնաբերվել են լեգենդար Ավոյին սպանողները: Երբեւէ ադրբեջանցիների ահուսարսափը համարվող Մոնթե Մելքոնյանի կերպարը երեւի նրանց հանգիստ չի տալիս նույնիսկ հայ քաջորդու զոհվելուց 17 տարի անց, այլապես ինչի՞ պիտի նոր ասք հորինվեր 1993-ի հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլլու գյուղի մերձակայքում տեղի ունեցած ողբերգական դեպքի շուրջը:
Այդ մասին 1news.az-ի թղթակցին աղավաղումներով, նույնիսկ տեղանունները շփոթելով, պատմում են ադրբեջանական բանակի նախկին կամավորականներ Էլչին Գահրամանովն ու Սահիբ Շիրինովը: Նրանք, սակայն, էական մանրամասներ չեն ներկայացնում, պարզապես նշում են, որ «Ավոյին սպանել ու նրա գլուխը կտրել է» իրենց դիվերսիոն խմբի ղեկավար Իբադ Հյուսեյնովը: Զարմանալի է, որ վերջինս առ այսօր ազգային հերոսի կոչում չի ստացել (թե՞ արդեն ստացել է): Նողկալին միայն իրական դրվագները նենգափոխելը չէ, այլեւ այն, որ փորձ է արվում արցախցիների համար սրբազնացած Մոնթե Մելքոնյանին ներկայացնել իբրեւ միջազգային ահաբեկչի:
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժի կազմում հայերի դեմ կռվում էին նաեւ այլազգի հազարավոր վարձկաններ, որոնց թվում էր, մասնավորապես, հանրահայտ ահաբեկիչ Բասաեւը (վերջինս անձամբ է խոստովանել դա` միաժամանակ շեշտելով ղարաբաղցիների մարտական բարձր ոգին), բայց ղարաբաղյան կողմը նման փաստերը սենսացիա չի դարձնում, այն էլ` կեղծելով իրադեպերը: Պատմության անհայտ էջերը պիտի փորփրել միայն ճշմարտությունը վերհանելու համար, մինչդեռ 1news.az-ի խնդիրը հազիվ թե դա է: Իսկ թե ո՞րն է, ավելի ստույգ կիմանան Բաքվում:
Ի դեպ, առաջիկայում նման կարգի թեմաները հարեւան երկրում երեւի առավել պահանջված են լինելու, քանզի պատերազմակոչ հայտարարությունները եւ հատկապես զինական ցուցադրամոլությունները հայ-ռուսական նորացված պայմանագրի գործողության պարագայում այլեւս իմաստազրկվում են:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ