Երեկ «Հենարան» ակումբում ասուլիսած ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին ուղղված լրագրողական հարցերը պտտվում էին համարյա միայն հայ-ռուսական վերջին պայմանագրերի շուրջը, ասել է թե` թեման դեռ իր թեժությունը չի կորցնում: Այս թեմայով հնչած հանրահայտ իշխանական տեսակետների շեշտադրումներին երեկ ՀՀԿ փոխնախագահը մի քանի նոր նրբերանգներ ավելացրեց, որոնք, կարելի է ասել, առավել նոր հարցեր էին առաջացնում: Նախ` որ մեզ համար պայմանագրերը եւ հատկապես ռազմաբազայի պայմանագրի ժամկետների երկարաձգումը մինչեւ 49 տարի Հայաստանի համար շահեկան են, տարածարջանային առումով դրանք կրում են «ոչ պատերազմին» գաղափարախոսությունը, այսինքն` ամեն տիպի կոնֆլիկտները պիտի լուծվեն դիվանագիտական-քաղաքական ճանապարհով:
Միեւնույն ժամանակ Սահակյանը ընդունում էր ռազմաբազայի հետ կապված մտահոգությունները. «Լավ բան չէ, երբ ռազմաբազաներ են տեղադրում այս կամ այն երկրում, մասնավորապես մեզ համար, բայց միենույն ժամանակ բոլորիս ցանկությունն է այնպիսի հզոր պետություն ունենալ, որ մե՛նք ռազմաբազաներ տեղադրենք այլ պետություններում (ԼՂՀ-ն նկատի ունի, թե՞ հզոր պետությունները` չիմացանք)», ասաց նա` շեշտելով նաեւ, որ հայկական կողմը շահավետ դուրս եկավ այս հարաբերություններից եւ այսուհետեւ ավելի լայնածավալ դիվանագիտական հարաբերություններ կիրականացնի նաեւ ղարաբաղյան խնդրում, առավել եւս Հաագայի դատարանի որոշումից հետո Կոսովոյի հարցում. «Պիտի ակնհայտ դարձնենք եւ հորդորենք, որ պետությունները սկսեն գործընթացներ նաեւ Ղարաբաղի անկախության առումով, որը, ես կարծում եմ, պիտի պետությունների կողմից ճանաչվի միջազգային իրավունքի սուբյեկտ, իսկ սա նշանակում է ներկայացուցչական մարմիններ ունենալ տարբեր պետություններում հենց Ղարաբաղի կողմից», որի շնորհիվ ավելի ինֆորմացված կլինեն պետությունները, եւ ավելի կառուցողական մեկնություններ կարող են առաջանալ Ղարաբաղի խնդրի առումով:
«Կարդացե՞լ եք պայմանագիրը»ՙ «Հայլուրի» հարցին ի պատասխան Գ. Սահակյանը նախ կատակեց. «Վա՜յ, մոռացել եմ կարդամ», հետո հարցն ամբողջությամբ լսելով, թե պայմանագրում Հայաստանը քանի՞ կիլոմետրով է նշված, ասաց, որ ուշադրություն չի դարձրել, բայց կարծեք պայմանագրում այդպիսի բան չկա: Իսկ հարց տվողը նկատի ուներ, թե ՀՀ ասելով` ռուսները նկատի ունե՞ն նաեւ Ղարաբաղը. «Ես Հայաստանի անվտանգություն ասելով` նկատի ունեմ միայն Ղարաբաղը: Ռուսներին քաջ հայտնի է, որ մեր խնդիրների կիզակետում, մեր քաղաքական եւ դիվանագիտական պրոցեսներում հիմնական լեյտմոտիվը Ղարաբաղն է»: Հարցը տարբեր ձեւաչափերով շարունակվեց. եթե Ղարաբաղում պատերազմ սկսվի, ռուսները կմիջամտե՞ն. «Ղարաբաղում նախ պատերազմ չի սկսվի, երկրորդ, եթե սկսվի, ու եթե մենք հույսներս մեր վրա լավ դնենք` ոչ միայն ռուսները կպաշտպանեն, այլեւ շատ-շատ պետություններ: Խնդիրն այն է, թե մենք որքա՞ն կարողություններ ունենք. ուժեղի կողքին միշտ ուժեղները կանգնում են»:
Ըստ նրա` քաղաքական պայմաններն առաջադրում են նաեւ քաղաքական մոտեցումներ, եթե նորացված պայմանագրում արձանագրված է, որ ռուսական զորքերը, բազան Հայաստանի անվտանգության խնդիրներին պիտի զորավիգ լինեն, Հայաստանի անվտանգության խնդիրների առաջին գործոնն էլ կապված է Ղարաբաղի հետ: Սա բնականաբար հաշվի են առել ե՛ւ ռուսական, ե՛ւ հայկական կողմերը, իսկ պատերազմական իրողություններում ինչպիսի՞ զարգացումներ կլինեն, դա բավականին հեռու է այսօրվա կանխավարկածներից, ըստ Սահակյանի. «Երբ ասում ենքՙ ռուսական բազաները մեզ կսատարեն անվտանգության առումով, ես չեմ կարծում սա միակ ելքն է Ղարաբաղի խնդրի լուծման կամ մեր անվտանգության ապահովման: Սա գործոննրից մեկը կարող է լինել», մի փոքր իր նախորդ ասածի ուղղությունը փոխեց Սահակյանը, նկատելով, որ մեր ուժերի վրա պետք է հիմնվենք նախ: Իսկ թե ինչո՞ւ ժամկետից շուտ երկարաձգվեց ռազմակայանի պայմանագիրը եւ ինչո՞ւ 49 տարով` Գ. Սահակյանը հղում արեց տարածաշրջանային եւ քաղաքական խնդիրներին, ինչպես նաեւ այն նոր միջպետական ծրագրերին, որոնք ավելի տեւական ժամանակ են ընդգրկելու. «Սա նաեւ Ռուսաստանի համար երաշխիք է այն տնտեսական փոխհարաբերությունների ծավալների առումով, որը առաջիկայում իրողություն է դառնալու` կապված ատոմակայանի (ատոմակայանի շինարարությունը երեւի 6-8-9 տարի տեւի), առավել եւս` Իրան-Հայաստան երկաթգծի ներդրումային քաղաքականության, նավթամթերքների եւ այլնի հետ... այս ծրագրերն իրողություն են դառնում մոտավորապես 10 տարի շրջանակներում եւ արդեն որպես բիզնես ծրագրեր իրագործվում են եւս 10-15 տարվա շրջանակում: Հենց տնտեսական երաշխիքների հետ է կապված նաեւ 49 տարի թիվը»:
Ռուսական բազաների համաձայնագրի արտաքին քաղաքական հետեւանքների առումով` Հայաստան-Եվրոմիություն, Հայաստան-ԱՄՆ եւ այլ համատեքստերում Գ. Սահակյանը մտահոգություն չուներ. «Նման գործընթացները առավոտ կամ երեկո չեն ծնվում` դրանք բավականին երկար-ծավալուն գործընթացներ են, որոնք իրենց շարունակական պրոցեսներն ունեն: Հետեւանքները նախ կախված են ռուս-ամերիկյան փոխհարաբերություններից, ութնյակի շրջանակի փոխհարաբերություններից, Ռուսաստան-Թուրքիա, Ամերիկա-Իրան փոխհարաբերություններից. այսինքն` հետեւանքը բազմածավալ, ամբողջ աշխարհի քաղաքական պրոցեսների առումով է... Ես չեմ կարծում, որ Եվրոմիություն հասկացությունը մի կառույց է, որ օրուգիշեր նստած մտածում է հայերի եւ Հայաստանի մասին: Սա Եվրոմիության համար ընդամենը կարող է քննարկելի խնդիր լինել, իսկ փոխհարաբերությւոների առումով` նախ մենք Եվրոմիության անդամ չենք, հատուկ ծրագրերում ենք ներառված, կարծում եմՙ դրանք ավելի կակտիվանան, որովհետեւ ավելի երաշխավորված տարածաշրջանում են իրագործվելու այն բոլոր ծրագրերը, որոնք համատեղ, Հարավային Կովկասում եւ ոչ միայն Հայաստանում իրագործվել են Եվրոմիության կողմից»:
Եթե Ղարաբաղի հարցը լուծվի ավելի շուտ, քան 49 տարին է, ռուսական ռազմակայանի գոյությունն ավելո՞րդ է դառնում. «Ռուսական ռազմաբազաների գոյությունը չի ստեղծվել Ղարաբաղի հարցի կամ Հայաստանի համար. դրանք ծնվել են Սովետական Միությունը քանդվելու պրոցեսում եւ որպես նախկին Սովետական Միության սահման` այդ բազաները պահպանվել են Հայաստանում ժամանակին գործող իշխանությունների պայմանավորվածություններով, որը ես ճիշտ եմ համարում»: Լրագրողը ճշտեց`Հայաստանին պետք չլինելու դեպքում ռուսական բազաները կմնա՞ն. «Ոչ, ամեն գործընթաց շահեկանության պայմաններում է որոշվում եւ ոչ թե ինքնանպատակ»:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ