Ամառվա հետ ավարտին է մոտենում նաեւ պաղպաղակի սեզոնը: Անկախ այն փաստից, որ սեզոնն ուշ սկսվեց, ամենայն հավանականությամբ, այս բիզնեսը, ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարին էլ փակեց բարձր շահութաբերությամբ: Շահութաբերություն, որի գերակշիռ մասը շարունակում է մնալ ստվերային: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակեց պաղպաղակ արտադրողների տրամադրած տեղեկությունների հիման վրա ստացված եզրակացությունը, համաձայն որիՙ Հայաստանի մեկ բնակչին բաժին է ընկնում... տարեկան ընդամենը 400 գրամ պաղպաղակ: Ինչեւէ: Այս անգամ, սակայն, պաղպաղակի թեմային անդրադառնում ենք մեկ այլ առիթով:
Բնական է, որ որեւէ ընկերություն իր արտադրանքը կամ ծառայությունը սպառողների համար առավել գրավիչ դարձնելու համար զանազան ակցիաներ է իրականացնում: Դրանից զերծ չեն մնում նաեւ պաղպաղակ արտադրողները: Մասնավորապես, նման ակցիա է անցկացնում «ԱՍԱ» ընկերությունն իր արտադրած «Յուվենտուս», «Բարսելոնա» եւ «Ռեալ» հանրահայտ ֆուտբոլային թիմերի անվանումներով էսկիմոներով, որոնցում տեղադրվում են այդ թիմերի խաղացողների լուսանկարները: Ըստ այդ ակցիայի, եթե որեւէ մեկին հաջողվի հավաքել այդ թիմերի 11 խաղացողների լուսանկարները, ապա նա, ընկերության հավաստմամբ, կստանա նվերՙ մարզաշապիկ կամ գնդակ:
Դժվար չէ պատկերացնել, թե այս նախաձեռնությունը ինչպես է մղում մանկահասակ տղաներին անպայման գնել այս կամ այն թիմի անվանմամբ պաղպաղակը եւ ստանալ նվեր: Նրանց համար կարեւոր էլ չէ, թե քանի նման գնդակ կամ մարզաշապիկ իրենք ունեն, նվեր ստանալը հաճելի անակնկալ է բոլորի եւ առավել եւս երեխաների համար: Ընտրելով թիմերից մեկը, նրանք սկսում են ամեն օր գնել «ԱՍԱ»-ի վերոնշյալ պաղպաղակները, խնամքով հավաքել նրանց մեջ եղած ֆուտբոլիստների նկարները եւ անհամբերությամբ սպասել հաջորդ պաղպաղակին: Սկզբնական շրջանում ոգեւորությունը թույլ չի տալիս պաղպաղակ գնող տղաներին եւ նրանց խնդրանքով նաեւ ընտանիքի մյուս անդամներին հիասթափվել անընդհատ կրկնվող ֆուտբոլիստների նկարներից: Երբ մեկ ամսում պաղպաղակներից դուրս եկած 80-90 ֆուտբոլիստների լուսանկարներից մեկ թիմը չի ամբողջանում, դեռ ոչինչ: Հաջորդ ամսին դրան ավելանում է եւս այդքան լուսանկար եւ դարձյալ կրկնվող: Իսկ երբ ամռան վերջին նկարների թիվը հասնում է 240-250-ի, եւ տվյալ թիմի 2 ֆուտբոլիստի լուսանկար, այնուամենայնիվ, բացակայում է, կարելի է ենթադրել, թե ինչ դառը հիասթափություն են ապրում երեխաները, ինչպես են իրենց խաբված զգում:
Իհարկե, յուրաքանչյուրը չի կարող շահել, բայց հասկանալի է, որ խոսքն այս դեպքում ակնհայտ խաբեության մասին է եւ թիմի մեկ կամ երկու ֆուտբոլիստի նկար երբեք էլ չի դրվում պաղպաղակի տուփի մեջ: Այլապես մի՞թե 200-250 լուսանկարներից թիմի 11 խաղացողները չէին ամբողջանա: «ԱՍԱ»-ի ղեկավարները պիտի հասկանային, որ մարզաշապիկը կամ գնդակն այնքան էլ թանկ ապրանքներ չեն, եւ երեխաներին խաբել նման մանրուքների համարՙ առնվազն բարոյական չէ: Եվ ամենակարեւորը, որ այդ նույն երեխաները հաջորդ տարի արդեն նրանց հայտարարած ոչ մի ակցիայի չեն հավատա եւ նրանց պաղպաղակները չեն գնի:
Ինչ վերաբերում է պետությանը, ապա հայտնի չէ անգամ, թե նման դեպքերում ո՞ր մարմինն է իրավասու հսկելու վիճակախաղ հիշեցնող նման ակցիաները: Համենայն դեպս, դա պետք է լինի կամ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչությունը, կամ էկոնոմիկայի նախարարության որակի տեսչությունը: Սակայն պարզ է, որ երբ պատասխանատվության հարց է առաջանում, պետական մարմինները անմիջապես այն բարդում են մեկը մյուսի վրա:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ