Քաղաքական աշունը դեռ ծույլ առաջ կգնա
Մի քանի օրից կսկսվի օրացուցային եւ քաղաքական աշունը: Քաղաքական դաշտի այն հիմնական պրոբլեմները, որոնք կային գարնան վերջին-ամառվա սկզբին, այդպես էլ մնացին չլուծված: Ինչպես մի տարի առաջ եւ ողջ մի տարի քաղաքական ուժերն իրենց հարցերը մի կողմ դրած զբաղվեցին հայ-թուրքական արձանագրություններով, ու ո՛չ ընդդիմադիր բազմագլուխ բեւեռը, ո՛չ հնացած իշխանական կոնգլոմերատը ժամանակ չունեին բյուրեղացնելու եւ հստակեցնելու իրենց ձեւն ու բովանդակությունը, այնպես էլ ողջ ամառ դրանով ոչ ոք գոնե հրապարակային չզբաղվեց: Մանավանդ այս վերջին օգոստոս ամիսը բոլորը կրկին կենտրոնացան արտաքին-քաղաքական կարեւոր իրադարձության` ՌԴ նախագահի Հայաստան պետական այցի եւ ստորագրված կարեւոր պայմանագրերի վրա, իսկ մոտեցող ընտրություններին ընդառաջ գնալու համար արվելիք քայլերը, որոնք թվում էր, թե «Ժառանգության» եւ ՀՀՇ համագումարները ցրցամ տվեցին, հետաձգվեցին, եւ երեւում է դեռ էլի դանդաղելու են, մինչեւ ժամանակը կստիպի անշարժության մատնված մեր քաղաքական դաշտին իրար անցնել: Ամեն դեպքում մեկ օր առաջ ՀԱԿ-ի քաղխորհրդի փակ նիստում եթե որոշակիություն լիներ` այդ մասին կտարածվեր մամուլով: Մինչդեռ հայտնի է միայն, որ այստեղ եւս տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական խնդիրներից է խոսվել (Տեր-Պետրոսյանը վերլուծություններ է արել այս թեմաներով), բայց նաեւ հստակ գնահատականներ չեն տրվել, քանի որ դիրքորոշումների հստակեցման համար դեռ վերլուծելու ժամանակ է պետք ՀԱԿ-ականններին: Այսինքն` դեռ հետեւելու են իրավիճակին, եւ մինչեւ ՌԴ նախագահը Ադրբեջան չգնա (սեպտեմբերին), դեռ հայտնի չդառնան Ադրբեջանի հետ կնքվելիք պայմանագրերի բովանդակությունն ու ուղղվածությունը, ոչ ՀԱԿ-ը, ոչ էլ առանձնապես մյուս քաղաքական ուժերը չեն կարողանալու պատասխանել համարյա հնչող համլետյան հարցին` Ռուսաստանի նոր պայմանագրով պատրոնաժությունը մեծ հաշվով օգո՞ւտ, թե վնաս է Հայաստանին (չգիտենք` սեպտեմբերի 17-ի հանրահավաքին արդեն կողմնորոշված կլինե՞ն ՀԱԿ-ում): Նույն իրավիճակն է նաեւ մյուս քաղաքական ուժերի մոտ` Դաշնակցությունից բան կհասկանանք գուցե սեպտեմբերի 2-ի հանրահավաքում, «Ժառանգությունը» վերջին երկու դիպվածով խրվել է բնապահպանական եւ քաղաքաշինական խնդիրներ մեջ, իսկ բոլորը մեծ հաշվով վերջին հայ-ռուսական ռաունդից հետո դեռ հստակեցնում են իրենց քաղաքական եւ աշխարհաքաղաքական գնահատականները` քաղաքական դաշինքների կամ կոնֆիգուրացիաների մասին մտածելու ժամանակ չեն ունեցել: Մի բան ակնհայտ է, սակայն, որ նախաձեռնությունն ու ուժեղ խաղը այժմ իշխանությունն ինքն է տանում: Այլ խնդիր, թե ո՞վ կամ ի՞նչ է այդ իշխանությունը, ո՞ր միավորներն են հատկապես այդ իշխանությունը կազմում, ո՞ւր են քշում իրենց երիվարը, Քոչարյանը կամ ուրիշները քաղաքական ուժ ստեղծո՞ւմ են վերջապես, թե՞ ոչ: Լավ է, թե՞ վատ` նախագահ Սարգսյանը այս էլ երկրորդ անսպասելի քայլով քաղաքական գործընթացները կառավարելու թելն իր ձեռքում է պահում` արտաքին քաղաքական խաղաթղթով: Ուրիշ բան, որ նա եւս դեռ բացահայտ չի ցուցադրում բուն քաղաքական դաշտի իր խաղաթղթերը: Բնականաբար նա միայն ՀՀԿ-ի հետ չէ, որ կուզենա առաջ տանել իր քաղաքական հեռանկարը, քանզի եթե քաղաքական ուժը մեկ տասնամյակ շարունակ նույն մարդկանցով եւ նույն մոտեցումներով կառավարում է, այն էլ այսպիսի բարդ ժամանակ, երբ սոցիալ-տնտեսական վիճակը քանի գնում վատթարանում է միջազգային, ապա եւ տեղական գործոնների պատճառով, այդ ուժի համեմատաբար նոր լիդերը հաստատ պետք է մտածի սեփական, իր ձեռքով ստեղծած հենարանների, նոր, թարմ ուժերով ժողովրդին ներկայանալու մասին. հակառակն ինքնասպանությունն է, իսկ ինքնասպանները երկրի նախագահ չեն լինում: Քանի որ նա գործընթացներն իր ձեռքում է պահում, հաստատ այս ուղղությամբ եւս մտածում է: Ընդդիմությունն էլ հաստատ սպասում է նախ իշխանական կողմից եկած իմպուլսներին, այլապես ամռանը մի նոր բան կմտածեր: Բայց հազիվ թե հայտնի եւ բոլորին հոգնեցրած ուժերը նոր բան կմտածեն, այնպես որ նոր ուժերի հայտնությունն անհրաժեշտ է ոչ այնքան պահանջարկով պայմանավորված (կյանքը փոխելու պահանջարկ, այո, կա), որքան հնացած ու սպառված քաղաքական ուժերին գործունակ եւ իրերի դրությունը փոխելու կամքն ունեցող ուժերով ու մարդկանցով փոխարինելու հրամայականով: Վերջին շրջանում այս մասին խոսում են, մամուլն անընդհատ գրում է, թե այս ու այն գործիչը (դե մեզ մոտ հենց այդպես էլ կա` գաղափարախոսություն-մաղափարախոսություն ոչ մի դեր չունեն), նոր ուժ է ստեղծում, ընդ որում այդպիսի նոր ուժերի ստեղծման մասին խոսում են եւ ընդդիմադիր, եւ իշխանական քղամիդների ներքո եւ երկու դաշտի համար էլ: Սակայն անկախ նրանից, այդ ուժերը ստեղծվելո՞ւ են մարդկանց խորհրդարանական ընտրություններից առաջ հերթական անգամ խաբելու համար, թե՞ այդ նախաձեռնությունների տակ նաեւ ազնիվ մղումներ կան, եթե այդպիսի ուժեր ստեղծվեն, նրանց առաջատար անդամները պետք է ստիպվա՛ծ մտածեն մեր կյանքը փոխելու մասին, իսկապես նոր ու չարատավորված մարդկանց առաջ քաշեն: Այլապես այդ ուժերի շուրջ էլի կվխտան պատեհապաշտներն ու պատառ փախցնողները, իսկ ժողովուրդը, դեռ օրորոցում այդ ուժերից եւ ընդհանրապես քաղաքական դաշտից երես կդարձնի:
Իսկ ընդհանուր առմամբ` սեպտեմբերի սկզբին դեռ քաղաքական գործընթացները պտտվելու են վերջին հայ-թուրքական պարտիայի շուրջ, որի վերաբերյալ հակամարտ, տրամագծորեն հակառակ կարծիքները դեռ լսվում ու լսվում են: «Եթե ինչ-որ մեկն ակնկալում է, թե Ռուսաստանը պետք է պատժի Ադրբեջանին` չարաչար սխալվում է: Ադրբեջանը Վրաստան չէ, եւ Ռուսաստանի վերաբերմունքն էլ Ադրբեջանի հանդեպ այն չէ, ինչ Վրաստանի հանդեպ: Ալիեւի եւ Ռուսաստանի քաղաքական ղեկավարության հարաբերությունները բոլորովին այլ մակարդակի վրա են, քան Սաակաշվիլու պարագայում է: Այնպես որ չեմ կարծում, թե Ռուսաստանը կարող է ճնշում գործադրել Ալիեւի վրա կամ պաշտպանել հայկական կողմի շահերը: Սա, պատկերացրեք, ԼՂ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն է ասում, որը երեւի ավելի սթափ է, քան մեր ոգեւորված իշխանական քաղաքականները: Բայց որ շատ կարեւոր, տարածաշրջանային առումով հեռուն գնացող գործընթացների նախադուռն էր հայ-ռուսական ռաունդը, սա անշուշտ այդպես է` էլի Հայաստանից սկսվեց նորը, ինչպես 1988-ին...
Հասկանալի է, որ Հայաստանի անվտանգության առումով գործնական օգուտ, այո, կա վերջին դարակազմիկ պայմանագրերից, բայց առավել կարեւոր է հոգեբանական ազդեցութունը տարածաշջանի մասնակիցների ու խաղացողների վրա-(Թուրքիա, Եվրոմիություն, ԱՄՆ), որի հետեւանքը ռազմական գործողությունների հավանականության նվազումն է երեւի: Բայց չափից դուրս ոգեւորվել, թե ղարաբաղյան խնդրի ռազմական լուծումն այսպիսով զրոյի է հասցվում, սա չափազանց է. այդ դեպքում ինչո՞ւ է ուզում Ադրբեջանը C-300 ձեռք բերել, հո դրանք միայն բուտաֆորիայի կամ ռազմական բալանսի համար չե՞ն միայն... Չնայած ընդհանուր հաշվով հավանաբար Ռուսաստանն իր ներկայության եւ ուժի ցուցադրման հարց է լուծում` մյուս խաղացողներին տեղը դնելով, սա էլ կա, այն էլ հաստատ հենց այդ խաղացողների թողտվությամբ. սրա ապացույցն այն է, որ նա զինում է ոչ միայն Հայաստանին: C-300 կա ոչ միայն Հայաստանում, այլեւ Աբխազիայում, եւ ամենայն հավանականությյամբ հաջորդ ամիս կայանալիք Մեդվեդեւի` Ադրբեջան այցի ընթացքում կլինի պայմանագիր դրանք Ադրբեջանում տեղադրելու մասին: Հարավային Օսիայում այդ կայանները տեղակայելու մասին լուրը չնայած առայժմ ժխտվեց, բայց ծուխն առանց կրակի չի լինում, իսկ ծուխը խոսում է տարածաշրջանում Ռուսաստանի նկրտումների մասին: Թուրքիային, Եվրոմիությանն ու տարածաշրջանում շահեր ունեցող բոլոր միավորներին ուղղված մեսիջի իմաստն այն է, որ առանց Ռուսաստանի հետ հաշվի նստելու` այստեղ որեւէ հարց չի լուծվելու: Անպատասխան մնաց Հայաստանի համար այն հարցը, թե մեր որ շահի համար հենց հիմա որոշեցին փոխել նախկին, դեռեւս 10 տարի գործելիք պայմանագիրը: Պատասխան չունի այն հարցը, որ երբ, այնուամենայնիվ ինչ-որ մեկը Ադրբեջանին դրդի հարձակվել Ղարաբաղի վրա, ինչպե՞ս է պահելու իրեն Ռուսաստանը, քանի որ այստեղ ունի ռազմաբազա, Ադրբեջանին էլ C-300 է վաճառելու, նրա զինմիավորների մի մասը մյուս մասի դեմ հո՞ չի կռվելու, կամ իր մի դաշնակցի կողմից հո մյուս դաշնակցի դեմ չի՞ կռվելու:
Բազմաթիվ հակափաստարկներից մեկն էլ այն է, որ, այնուամենայնիվ, նվազում է Հայաստանի անկախությունն այս պայմանագրով:
Եթե վերանանք հուզական գործոնից` եղբայր Ռուսաստան եւ այլն, եւ խնդրին նայենք միայն պրագմատիզմի պատուհանից` մի շարք հարցեր դեռ պատասխան չունեն: Այնպես որ մեր քաղաքական դաշտն իր գործունեության կանոնակարգման, համագործակցության դաշտ ստեղծելու եւ նոր ուժեր գոյացնելու խնդիրների հետ մեկտեղ` առաջիկա ամիսը դեռ զուգահեռ խոսելու է հայ-ռուսական վերջին պայմանագրի ու դրա հետ կապված տարածաշրջանային նոր զարգացումների շուրջ:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ