Մանուկ Վարդանյանը փաստեց, որ դա կլինի բոլորի օգտին
Ինչպես հայտնի է, 2007-ից տեխզն-նման կայանները դուրս եկան ճանապարհային ոստիկանության համակարգից եւ մասնավորեցվեցին: Կառավարության երեկվա որոշմամբ կատարված փոփոխություններով, տեխզննման կայանների քանակի (31) սահմանափակումը վերացվեց, եւ ամբողջությամբ ազատականացվեց տեխզննության կայանների գործունեության կարգը: Այս մասին լրագրողներին մանրամասներ ներկայացրեց տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:
Ինչպես հայտնեց նախարարը, նախկինում որոշված էր, որ յուրաքանչյուր տեխզննման կայան կոնկրետ տարածք պետք է սպասարկի: Օրինակՙ Աբովյանի տեխզննման կայանը իրականացնում է այդ տարածաշրջանի մեքենաների տեխզննումը: Նոր որոշմամբ արդեն յուրաքանչյուր մարդ կարող է ցանկացած տեղ անցկացնել իր մեքենայի տեխզննումըՙ անկախ նրանից, թե մեքենան որտեղ է հաշվառված, եւ սեփականատերը որտեղ է բնակվում:
Հաջորդ կարեւոր փոփոխությունն այն է, որ բացի վերոնշյալ 31 տեխզն-նման կայաններից, նման կայաններ կարող է հիմնել եւ այդ գործունեությամբ զբաղվել ամեն մի ֆիզիկական կամ իրավաբանական անձ: Այսինքնՙ այդ 31 քանակի կայաննների սահմանափակվածությունը վերանում է, եւ միջգերատեսչական հանձնաժողովի միջոցով նորից կարելի է մրցույթներ անկացնել: «Դա կլինի բոլորի օգտին», ընդգծեց նախարարը:
Տեղեկացնելով, որ մեքենաների տեխզննման վճարը կազմում է 8 հազար դրամ, Մանուկ Վարդանյանը փաստեց, որ այդ գործընթացում կան չարաշահման դեպքեր: Հետեւաբար, ազատականացմանը հաջորդող քայլը պետք է լինի խիստ վերհսկողության իրականացումը այստեղ: Մինչ այժմ, ըստ տրանպորտի եւ կապի նախարարի, դա կարող էր հավելյալ խնդիրներ առաջացնել: Քանի որ կան մարզեր (Սյունիք, Լոռի, Վայոց ձոր), որտեղ մեկ կամ երկու կայաններ ունեին, այդ կայաններից որեւէ մեկում խախտման համար գործունեության կասեցման դեպքում, մարդիկ հարկադրված կլինենին գնալ հարեւան մարզում տեխզննում անցկացնել, ինչն, անշուշտ, դժգոհություններ կառաջացներ նրանց մեջ:
«Ազգի» հարցին, թե ո՞ր փուլում է սպիտակ համարանիշներով տաքսիների օրինականացման գործընթացը, տրանսպորտի եւ կապի նախարարը պատասխանեց, որ քանի դեռ կան սպիտակ համարներով տաքսիներ, նրանց դեղին համարների տրամադրման գործընթացը շարունակվում է: «Մենք ընտրել ենք համոզելու ճանապարհը: Օրինակՙ այսօր 18 հոգու լիցենզիա ենք տրամադրել», ասաց Մանուկ Վարդանյանը:
Ա. Մ.