«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2010-08-25 | #153, 2010-08-26 | #154, 2010-08-27


ԱՐՏՈՆԱՎՃԱՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ, ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՌԵԺԻՄԸ ԿԱՐԳԵԼՎԻ

Հարկային դաշտի միասնականացման եւ հաշվետվությունների ներկայացման պարբերականությունը հարկային մարմիններ կրճատելուն էր ուղղված երեկ կառավարության հաստատած հարկային փոփոխությունների փաթեթը: Ինչպես լրագրողներին հավաստիացրեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, այս փաթեթի տրամաբանությունը գործարարության ու մասնավորապես փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար նպաստավոր պայմանների ձեւավորումն է:

Ըստ ֆինանսների նախարարիՙ սահմանվում են միասնական ժամկետներ բոլոր հաշվետվությունների համարՙ հաշվետու ժամանակահատվածի հաջորդ ամսվա 20-ը, կրճատվում են մի շարք հաշվետվությունների հարկային մարմիններ ներկայացնելու պարբերականությունը: Մասնավորապեսՙ ակցիզային հարկի հաշվետվության ամսական պարբերականությունը դառնում է եռամսյա, շահութահարկի եռամսյակային հաշվետվությունները դառնում են տարեկան: Մի շարք հաշվետվություններ էլ առաջարկվում է ընդհանրապես վերացնել: Սա, Տիգրան Դավթյանի համոզմամբ, կնվազեցնի գործարարների շփումը հարկային մարմինների հետ եւ կխնայի նրանց ժամանակը, որ նրանք տրամադրում էին հաշվետվությունների ներկայացման համար: Բացի վերոնշյալից, ընդլայնվելու է արտոնագրային վճարների համակարգը: Ֆիզիկական անձինք եւ 6 մլն դրամից ավելի շրջանառություն եւ վարձու աշխատող չունեցող ընկերությունները նույնպես կարող են օգտվել արտոնագրային վճարների համակարգից: Այդ համակարգում ներառված ընկերություններն ու ֆիզիկական անձինք ընդհանրապես հաշվետվություն չեն ներկայացնելու:

Վերացվելու են հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների եռամսյակային հաշվետվությունը, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների տարեկան հաշվետվությունը, ճանապարհային վճարի մասով ելակետային տվյալների տեղեկությունները:

Վերոնշյալ փաթեթով մաքսային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները ներկայացրեց պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը : Նա մասնավորապես տեղեկացրեց, որ օրենքի նախագծով առաջարկվելու է Հայաստանի քաղաքացիներին ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման ռեժիմն արգելել: Եթե քաղաքացին ավտոմեքենա է ներմուծում, ապա օրենքով 10 օրում պետք է ձեւակերպվի մեքենան, եւ կատարի վճարումները: Այլապես, երբ քաղաքացին մեքենա է ներմուծում, գրանցվում է որպես ժամանակավոր ներմուծում, այն տրամաբանությամբ, որ հետո պետք է հետ տանի, ինչը չի լինում, եւ ինչն, ըստ Արմեն Ալավերդյանի, աբսուրդ է: Օտարերկրյա քաղաքացիները, որ ժամանակավոր են գալիս Հայաստան, կարող են ժամանակավոր ներմուծում ձեւակերպել:

Պետեկամուտների փոխնախագահի ներկայացրած տվյալների համաձայնՙ անցած տարվա 7 ամիսներին 32 հազար ներմուծված մեքենա գրանցվել են ժամանակավոր ներմուծման ռեժիմով, որոնց մեծ մասը մեր քաղաքացիների մեքենաներն են: Այս տարվա 7 ամիսների ընթացքում դրանց քանակն արդեն իսկ կազմել է 44 հազար: Ակնհայտ է, որ այս մեքենաները մեր քաղաքացիները բերում են մշտական օգտագործման համար, բայց անընդհատ ձգձգում են դրանց մաքսային արժեքների վճարումը: Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահի տեղեկացմամբՙ այդ ցանկում հիմնականում մտնում են թանկարժեք մեքենաները:

Փոստային առաքումների վրա դրվող մաքսային վճարները նույնպես կփոփոխվեն: Ներկայումս մաքսային վճարներ են դրվում, եթե ներմուծվող ապրանքի արժեքը գերազանցում է 50 հազար դրամը, իսկ այս նախագծով կառավարությունը որոշել է այդ շեմը բարձրացնել մինչեւ 150 հազար դրամի:

Արմեն Ալավերդյանը ներկայացրեց առաջարկվող մի շարք այլ փոփոխություններ: Դրանցից մեկով արձանագրվել է, որ մաքսային համակարգում հսկողությունը պետք է իրականացվի ռիսկերի կառավարման հիման վրա: Մեկ այլ փոփոխությամբՙ մաքսային հայտարարագրերը կարող են ներկայացվել ոչ միայն թղթային, այլեւ էլեկտրոնային եղանակով: Այնուհետեւ, Հայաստանում գտնվող հյուպատոսարանների եւ այլ երկրների պատվո հյուպատոսների կողմից ծառայողական օգտագործման համար ներմուծվող ապրանքները եւս ազատվում են մաքսային վճարներից:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4