«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2010-08-25 | #153, 2010-08-26 | #154, 2010-08-27


ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ 100-ԱՄՅԱԿԸ ԿԱԼԿԱԹԱՅՈՒՄ

2010 թ. օգոստոս 26-ին`որբեւայրիների եւ աղքատների գթության քույր Մայր Թերեզայի տարեդարձի օրը, Կալկաթայում մեկնարկեց նրա ծննդյան 100-ամյակին նվիրված տոնախմբությունը:

Կաթոլիկ մի քանի կազմակերպություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ, Կալկաթայի արքեպիսկոպոս Լուկաս Սարքարի նախագահությամբ, կազմակերպել են Մայր Թերեզայի անվան երրորդ միջազգային կինոփառատոնը, որը կտեւի օգոստոս 26-29: Կինոփառատոնը միաժամանակ կանցկացվի նաեւ 17 երկրներում, այդ թվում` Վատիկանում, Ճապոնիայում, Հոնկոնգում, Թաիլանդում...

Տոնախմբության հանդիսավոր բացմանը Հայ առաքելական եկեղեցին ներկայացրեց հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Խորեն աբղ. Հովհաննիսյանը, ով հատուկ հրավիրված էր կաթոլիկ արքեպիսկոպոսի կողմից:

Բացման արարողությունից հետո ցուցադրվեց «Մայր Թերեզա» ֆիլմը: Փառատոնի ընթացքում կցուցադրվի եւս 15 ֆիլմՙ բոլորն էլ նվիրված Գթության մորը:

Օգոստոսի 29-ից հետո փառատոնը Կալկաթայից կտեղափոխվի Հնդկաստանի տարբեր քաղաքներ:

Գթության քույրն ապրել է Կալկաթայում, հիմնադրել Գթության միաբանությունը, որը նրա մահից հետո էլ շարունակում է իր մարդասիրական առաքելությունը:

1988 թ.-ի երկրաշարժից հետո նա եկավ Հայաստանՙ մխիթարելու եւ աջակցելու տուժածներին:

Կալկաթայում գտնվող Մայր Թերեզայի տուն-թանգարանը, ուր ամփոփված է նրա աճյունը, ուխտատեղի է դարձել տեղացիների եւ այցելուների համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4