2011 թվականին Հայաստանը կմասնակցի Վենետիկի 54-րդ Բիենալեին: Վենետիկյան Բիենալեն ժամանակակից արվեստի ստուգատես է, որին Հայաստանը մասնակցում է 1995 թվականից: 2011-ին այն տեղի է ունենալու հունիսի 4-ից նոյեմբերի 27-ը եւ կրելու է «Տիեզերքները տիեզերքում» խորագիրը: 54-րդ Բիենալեի հայկական տաղավարի կոմիսար Վիկտոր Մնացականյանը երեկ «Նովոստի» մամուլի կենտրոնում տեղեկացրեց, որ վենետիկյան Բիենալեն հիմնվել է 1895 թվականին: Սկզբում դրան մասնակցել են ընդամենը 5-12 երկրներ, իսկ հիմա այդ թիվը հասել է 30-ի: Վ. Մնացականյանի փոխանցմամբ` Բիենալեյի հայկական տաղավարի հիմնական համադրողը (կուրատորը) դեռեւս չի ընտրել այն մասնակիցներին, որոնք հանդես կգան 54-րդ Բիենալեյում: Այս ստուգատեսին մասնակցող յուրաքանչյուր երկիր բացի մասնակիցներից ունենում է նաեւ համադրող ու կոմիսար, որոնք պատասխանատու են ազգային նախագծի չափանիշների համար:
54-րդ Բիենալեյի հայկական տաղավարի համադրողներն են մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը, լրագրող Արմինե Անտիկյանը, արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը, արվեստաբաններ Վարդան Ազատյանն ու Ռուբեն Արեւշատյանը: Նազարեթ Կարոյանի խոսքով` Հայաստանը տաղավար կունենա Մխիթարյան միաբանության Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում ու կփորձի տաղավար ձեռք բերել Արսենալեում, որը եղել է հին զինամթերքի պահոց ու նավերի գործարան:
Ինչ վերաբերում է ներկայացվող աշխատանքների բովանդակությանը, Վարդան Ազատյանի խոսքով` կոնցեպտը դեռ մշակվում է. «Բովանդակության առումով կոնկրետ պատասխաններ մեզնից մի՛ սպասեք»:
«Ազգի» հարցին, թե ֆինանսական ի՞նչ միջոցներով է Հայաստանը մասնակցելու 54-րդ Բիենալեյին, Վիկտոր Մնացականյանը պատասխանեց, որ իրենց հիմնականում աջակցում են բարերարները. սփյուռքի բարերարները տրամադրում են 500 դոլարից մինչեւ 10 հազար դոլար: «Նաեւ համագործակցում ենք մշակույթի նախարարության հետ: Նախանցյալ տարի նախարարությունը կոնկրետ ֆինանսական աջակցություն ցուցաբերել է», ավելացրեց Վ. Մնացականյանը:
Ասուլիսի վերջում բանախոսները նշեցին, որ Հայաստանում արդեն 40 տարուց ավելի է գոյություն ունի ժամանակակից արվեստ: Հասարակության լայն շերտերը, սակայն, չեն հաղորդակցվում այդ արվեստի հետ: Մարդկանց մի մասին չի հետաքրքրում ժամանակակից արվեստը, իսկ մյուս մասն էլ չգիտի ինչպե՞ս ու որտե՞ղ տեսնի ժամանակակից արվեստի աշխատանքները: Ըստ Նազարեթ Կարոյանի` արվեստասեր հանրության ոչ իրազեկ լինելու մեջ մեղքի բաժին ունեն նաեւ լրատվամիջոցները: Թե ին՞չ մակարդակի վրա է ժամանակակից արվեստը, դա այլ հարց է: Ժամանակակից արվեստին լրատվամիջոցները, հատկապես հեռուստաընկերություններն անդրադառնում են ոչ բավարար չափով:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ