«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2010-08-26 | #154, 2010-08-27 | #155, 2010-08-28


ԵԿԵՂԵՑԱՇԵ՞ՆՔԸ, ԹԵ՞ ԵԿԵՂԵՑԻՆ

Երկու օր առաջ «Ազգը» առաջին էջում հաղորդել էր, որ առաջիկա սեպտեմբերի 11-ին Բըրբենքում (Կալիֆոռնիա) օծվելու է նորակառույց Մայր եկեղեցին, Ամենայն հայոց հայրապետի ձեռամբ: Առաջին հայացքից գոհունակություն պատճառող այդ տեղեկությունը, խորանալու պարագայում տխուր հետեւությունների կարող է առաջնորդել մեզ, մանավանդ եթե տեղեկանանք դեռեւս անուն չունեցող այդ հսկայական կառույցի շինարարական եւ հողային ծախսերի գինըՙ ավելի քան 19 միլիոն դոլար...

Նորակառույց այդ եկեղեցու ծրագիրն անշուշտ նոր չէր: Թերեւս Արեւմտյան թեմի նախկին առաջնորդ Վաչե արք. Հովսեփյանի օրերին սկսված մի ծրագիր էրՙ հողային կալվածքի գնումից, դատական այլեւայլ գործերից, ավտոմեքենաների կայանատեղիի պարտադիր ընդարձակումներից մինչեւ հիմքեր եւ բարձրացող սյուն ու կառույց, շուրջ երկու տասնամյակ եկեղեցու կառուցապատումը քամել է ողջ թեմի ժողովրդի ուշադրության հետՙ նյութական միջոցները: Նոր առաջնորդըՙ Հովնան արք. Տերտերյանը, հոգեւոր պարտականությունն ստանձնելուց անմիջապես հետո ձեռնարկեց ավելի լայն նվիրահավաք, բնականաբար ավելի կարեւորելով Կալիֆոռնիայի ունեւորներինՙ ի հաշիվ մտավորականների, հասարակ մարդկանց, այսինքնՙ հոտի մեծամասնության: Արժեչափերի այլ խաթարումներ առաջացնելով արդեն խայտաբղետ այդ գաղութում:

Մեր թերթում վերջին երեք տարիներին առնվազն երկու անգամ գրել ենք նույն թեմում անգործության մատնված եկեղեցիների մասինՙ նահանգի հայերի ներքին միգրացիայի պատճառով: Չգիտենք նորակառույց այս հսկա եկեղեցին որքանով է լցվելու հավատացյալներով եւ դա ինչ է տալու մեր ժողովրդին, բացի եկեղեցական խորհրդակատարումների մասնակիցների ցուցամոլությունը շոյելուց: Հաճախ է պատահել, փորձառուները կվկայեն, որ սփյուռքում հին, ավելի համեստ ազգային ու եկեղեցական հաստատություններում ավելի ուժեղ ոգի ու հավատք է միշտ թեւածել, ավելի արդյունավետ գործունեություն, քան նորերում: Իսկ եթե ոգին է կարեւորը, մանավանդ եկեղեցական հաստատություններում...

Անշուշտ, ես դեմ չեմ նորակառույցներին, եթե դա ազգային հպարտության, արժանապատվության զգացողություն կարող է պատճառել մեր երիտասարդությանը, ինչպիսին Մոսկվայում կառուցվող մեր Մայր եկեղեցին է լինելուՙ իր քաղաքական նշանակությամբ նաեւ: Սակայն Կալիֆոռնիայի հայկական բազմաթիվ եկեղեցիների առկայության, նրանց սակավամարդ լինելու ֆոնին նման ծախսալից կառույցների գոյառումը, մեղմ ասած, անհանգստություն է պատճառում: Մանավանդ գաղութի բազմատեսակ կարիքների, երիտասարդական շարժումների ու գործունեության համար միջոցների սակավության ներկա պայմաններում:

Ու մանավանդ այն պարագայում, երբ Մ. Նահանգների տարածքում, Արեւմտյան թե Արեւելյան թեմերում, մեր եկեղեցին վաղուց արդեն իր ուսերից ամբողջովին, կամ գրեթե ամբողջովին վայր է իջեցրել կրթական բեռը, նոր սերունդներին ազգային ոգի ու դաստիարակություն ջամբելու ի՛ր առաքելությունը:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4