Հայ ազգային երգն ու պարն ամեն օր ու ամեն ժամ աղավաղվում են: Ազգային մշակույթի վիճակը ծանր է հատկապես գյուղական համայնքներում: Երեկ «Արմատ» ակումբում նման կարծիք հայտնեց «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Անդրանիկ Մանուկյանը : Նրա խոսքով` ազգային երգն ու պարը պահանջում են հոգատարություն նաեւ կառավարական մասշտաբով: ճիշտ է, ժամանակի ընթացքում փոխվում է կյանքը, սակայն մարդ արարածը պետք է պահպանի իր հոգին: «Նախ պետք է կարողանանք մաքրել մարդու ներքին աշխարհը, հետո` արտաքինն ու նրան շրջապատող աշխարհը», հավելեց «Սասուն» համույթի ղեկավարը: «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղ. ղեկավար Գագիկ Գինոսյանն էլ նշեց, որ հիմա հայկական մշակույթի ցեղասպանություն է իրականացվում: Մեր բնակչության 50 տոկոսից ավելին մասնակցում են այդ ցեղասպանության իրականացմանը` մասնավորապես հեռուստաընկերությունները, որոնք, քարոզելով արաբաթուրքական երաժշտություն, խթանում են ազգային երաժշտության աղավաղումը: Հենց սրա հետեւանքով է, որ երիտասարդությունը հեռանում է ազգայինից: « Մշակույթը «տժժալու» համար չէ, մշակույթը դաստիարակելու ու կրթելու համար է», ասաց Գ. Գինոսյանը, ապա հավելեց. «Մեզ անընդհատ ներարկում են մշակութային տարբեր տեսակի թմրանյութեր, որոնք մարդկանց քնեցնում են ու թույլ չեն տալիս հասկանալ, թե իրեն ո՞ր մշակույթն է պետք»:
Գ. Գինոսյանը նաեւ մեջբերում արեց Հայաստանի նախորդ նախագահի խոսքերից. «Մենք մշակութային դաշտը ազատ ենք թողել, ում կարիքը կա , նա էլ կզարգանա»: «Կարին» համույթի ղեկավարի խոսքով` ազատ դաշտում կարող է միայն մոլախոտ «զարգանալ»: Այն պարերը, որոնք քարոզում են հեռուստաընկերությունները, բանախոսների կարծիքով` ոչ թե պարեր են, այլ մարմնամարզություն: Իրականում պարը հոգեվիճակ է, ինչպես Կոմիտասն է ասել. «Պարը միակ մշակույթն է, որտեղ ներդաշնակվում են մարմինն ու հոգին»: Հենց այս խոսքերով պետք է կրթվեն հայ երեխաները, իսկ պետությունն էլ պետք է ունենա ազգային մշակութային քաղաքականություն` ուղղված հենց ազգային մշակույթի պահպանմանը:
Ի. Պ.