Օգոստոսի 30-ը անհայտ կորածների միջազգային օրն է: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում անհայտ կորածների հիմնախնդիրը` այն համարելով զինված հակամարտությունների հետեւանքով առաջացած մարդասիրական ամենալուրջ խնդիրներից մեկը:
Արցախյան պատերազմից հետո Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում դեռեւս կան ընտանիքներ, որոնք մինչեւ այսօր տեղեկություն չունեն իրենց կորած հարազատների մասին: Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհայտ կորած անձանց հիմնախնդիրը ԿԽՄԿ-ի ուշադրության կենտրոնում է 1992 թվականից:
Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային կոմիտեն 2009 թվականի նոյեմբերից մինչեւ 2010-ի հունվարը Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է անհայտ կորածների ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների հետազոտություն: ԿԽՄԿ-ի աշխատակիցները Հայաստանում այցելել են անհայտ կորածների 104 ընտանիքների: Ըստ հետազոտության տվյալների` անհայտ կորածների ընտանիքների մեծամասնությունը գոյատեւում է վատ կամ շատ վատ բնակարանային պայմաններում: Անհայտ կորածների ընտանիքների ամենախոցելի խումբը գյուղերում բնակվող կին կերակրողների գլխավորությամբ բազմազավակ ընտանիքներն են, որոնց ծախսերը գերազանցում են եկամուտներին: Խոցելի մեկ այլ խումբ են ներկայացնում քաղաքներում ու գյուղերում բնակվող այն ընտանիքները, որոնց եկամտի միակ աղբյուրը նպաստներն են: Քաղաքներում բնակվող այդ ընտանիքների 45 տոկոսն ունի պարտք-եկամուտ հարաբերակցության բարձր գործակից. նրանց պարտքի միջին չափը կազմում է գրեթե 7 ամսվա եկամուտը: Գյուղերում բնակվող ընտանիքների 80 տոկոսն էլ բնակվում է վատ կամ շատ վատ պայմաններում, իսկ պարտքերի չափը կազմում է նրանց 6 ամսվա եկամուտը:
Անհայտ կորածների հարազատների 3-րդ խոցելի խումբը միայնակ տարեցներից կազմված ընտանիքներն են, որոնք ունեն կուտակված պարտքեր, եւ նրանց պարտք-եկամուտ հարաբերակցության գործակիցն ամենաբարձրն է: Միայնակ տարեցների պարտքերը կազմում են նրանց 10 ամսվա եկամուտը: Այդ պարտքերը գոյացել են առողջապահական ծախսերը հոգալու նպատակով: Որպես անհայտ կորածների հարազատներ նպաստ ստանում է միայնակ տարեցների միայն 40 տոկոսը:
Հարազատների անհետացման պատճառով ընտանիքները բախվում են ֆինանսական ու հոգեբանական տարբեր խնդիրների հետ: Չունենալով ֆինանսական միջոցներ` շատ ընտանիքներ հարազատներին փնտրելու նպատակով անգամ վաճառել են իրենց բնակարանները: Որքան էլ ցավալի է, իրենց ակտիվները վաճառելուց հետո էլ մարդիկ հարազատներին գտնել չեն կարողացել: Կորցնելով ունեցվածքը` ընտանիքները հայտնվել են սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում: Ըստ հետազոտության` անհայտ կորածների ընտանիքների 15-20 տոկոսը 2009 թվականին հարազատներին փնտրելու նպատակով դեռ շարունակել է գումար ծախսել: Առհասարակ, գյուղերում բնակվող ընտանիքները 2 անգամ ավելի շատ գումար են ծախսել, քան քաղաքներում բնակվողները: Այդ գումարները հիմնականում ծախսվել են Երեւան հասնելու եւ ԿԽՄԿ-ից ու պետական մարմիններից տեղեկություններ ստանալու համար:
Ելնելով հետազոտման արդյունքներից` ԿԽՄԿ-ն անհայտ կորածների ընտանիքներին աջակցելու նպատակով պետական մարմիններին առաջարկում է, օրինակ` մտածել անհայտ կորածների ընտանիքներին տրամադրվող նպաստներն ավելացնելու մասին: Անարդարացի է, որ այդ նպաստները ներկայումս հասանելի են միայն անհայտ կորած զինվորականների ընտանիքների համար: Անհայտ կորած քաղաքացիականների ընտանիքներին նպաստ տրամադրելու ուղղությամբ եւս հարկավոր է մտածել: Հայաստանի կառավարությունը տարբեր կերպ է դիտարկում զինվորականների ու քաղաքացիականների ընտանիքները եւ ավելի շատ ֆինանսական աջակցություն տրամադրում անհայտ կորած զինվորականների ընտանիքներին:
Ըստ բնակավայրերի` ԿԽՄԿ-ն ուսումնասիրել է անհայտ կորածների ընտանիքների ապրուստի միջոցները: Հետազոտության համաձայն` նվազագույն եկամուտ ունեն միայնակ տարեցների, միայն նպաստ ստացողների եւ կին կերակրողի գլխավորությամբ բազմազավակ ընտանիքները: Գյուղերում այս խմբերը գոյատեւում են ծայրահեղ աղքատության մեջ. նրանց ամսական եկամուտը կազմում է 50-75 հազար դրամ:
Որպես ամփոփում հետազոտության վերջում նշված է, որ աշխատանք չգտնելը, բնակարանային վատ պայմանները, պարտքերն ու առողջապահական ծախսերը անհայտ կորածների ընտանիքների համար շարունակում են մնալ սոցիալ-տնտեսական դժվարին խնդիրներ:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ