Երեկ ասուլիս հրավիրած ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը կրկին խոսեց «Զարգանալ` չզիջելով» կարգախոսի մասին, որը ՀՅԴ-ն որդեգրել է ե՛ւ սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության առթիվ կազմակերպվող հանրահավաքում, ե՛ւ ՀՅԴ խմբակցության պատգամավորական գործունեության ուղենիշ որպես: Ըստ Ռուստամյանի` Հայաստանը պետք է Ղարաբաղի հարցում չզիջելով` միաժամանակ զարգանա, երկիրը կարող է եւ պարտավոր է զարգանալ` առանց զիջելու պետական եւ ազգային շահերն ու նպատակները: Դրա համար էլ պետք է վերանա օլիգարխիկ համակարգը, սոցիալական արդարություն ու ժողովրդավարություն հաստատվի, արտաքին քաղաքականության ազգային կուրս վարվի, եւ որակապես նոր իշխանություն ձեւավորվի:
Ադրբեջանը հակամարտության կարգավորումը փորձում է Մինսկի խմբին զուգահեռ այլ ձեւաչափեր փոխադրել, Հայաստանը եւս պետք է նոր զուգահեռ գործողություններ անի, ասենքՙ ջանքեր գործադրի ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ, թուրք-ադրբեջանական տանդեմին հակադրի Հայաստան-Ղարաբաղ տանդեմը` Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինքի տեսքով. այս առումով ԼՂ ճանաչման եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման միջեւ բանախոսը նմանություն գտավ` երկուսն էլ միջազգային ջանքեր եւ ճանաչում են պահանջում: Իսկ Հայաստանի իշխանությունը վախվորած քայլեր է անում նշված ուղղությամբ` ընդամենը ներքին սպառմանն ուղղված հայտարարություններ, մինչդեռ արտաքին աշխարհին ուղղված հստակ եւ կոնկրետ քայլեր են պետք:
Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը կնշանակի Ղարաբաղի անվտանգության երաշխավորի դերի ստանձնում Հայաստանի կողմից: Ա. Ռուստամյանը, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, կարծում է, որ հայ-թուրքական գործընթացը խորացրել է տարածաշրջանում պատերազմի վտանգը, իրար ավելի մոտեցրել Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը:
Իսկ ահա հայ-ռուսական նոր համաձայնագրի կնքումը Ա. Ռուստամյանի համար շատ տրամաբանական է. եթե անվտանգության այլ երաշխիքներ լինեին, հենց վաղն էլ ռուսական բազաները Հայաստանից հանելու հարց կդրվեր, բայց կա՞ այդպիսի երաշխիք` որեւէ մեկն այդպիդսի երաշխիք չի կարող տալ: Ռուստամյանը նաեւ միջազգային իրավունքի տեսակետից ճիշտ է համարում Ղարաբաղի փախստականների հարցի բարձրացումը` փոխհատուցման պահանջով, պետք է նաեւ վերաբնակեցնել ազատագրված տարածքները, օդանավակայան գործարկվի` այդ բոլորը կատարված փաստ կմատուցի հարկավոր ատյաններին: «Հայաստանը գտնվում է մի աշխարհաքաղաքական իրավիճակում, որն ունի, լավ թե վատ, ինչ-որ անվտանգության համակարգ... Ես տրամաբանական եմ համարում, որ քանի դեռ անվտանգության նոր համակարգ չկա, հինը պետք է ամրապնդել: Այս տրամաբանության մեջ տեղավորվում է այն, ինչ կատարվեց, ես նկատի ունեմ հայ-ռուսական պայմանագիրը: Պայմանագիրը նոր որակի վրա է բարձրացնում` հնի հետ համեմատած, մեր անվտանգության երաշխիքները, եւ դա ամենակարեւոր չափանիշներից մեկն է»:
Առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների առումով Ա. Ռուստամյանը կանխատեսեց, թե խորհրդարանական ընտրությունները շատ լարված են լինելու, այդ լարվածությունը նաեւ անցնելու է նախագահական ընտրություններին: Ըստ նրա` ժողովուրդը պատրաստ է երկարատեւ պայքարի, որի արդյունք կարող է լինել իշխանափոխությունը, սակայն արագ լուծումներ պետք չէ ակնկալել: Որեւէ իշխանություն, մինչեւ Ղարաբաղի հարցում զիջումներից խոսելը` պետք է երկրում համերաշխության եւ միասնության մթնոլորտ ձեւավորի, դա կարող անել նոր որակի իշխանությունը: Այդպիսի իշխանություն ՀՅԴ-ականը չի տեսնում եւ իր կուսակցության խնդիրը նա տեսնում է այդ որակի իշխանության ձեւավորման հասունացումը Հայաստանում:
Ա. Ռուստամյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայ դատի բոլոր գրասենյակներին հանձնարարված է լոբբիստական աշխատանքներ իրականացնել ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչների հետ` ներկայացնելու ԼՂ խնդրի իրականությունն ու հորդորելու կողմ չքվեարկել ադրբեջանական հակաղարաբաղյան բանաձեւին:
Մ. Խ.