Օգոստոսի 28-ին Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում տեղի ունեցած քննարկման ժամանակ համայնքի ավագանին արգելել է գյուղապետին «Արգամիկ» ընկերության հետ համայնքի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ անցկացնելու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել:
Ելփինի գյուղում սկսված կոնֆլիկտն արդեն մեկ ամսվա պատմություն ունի: Բնակիչների մտահոգություններն սկսվեցին, երբ գյուղ ծանր տեխնիկա մտավ: Պահանջներին` ներկայացնել փաստաթուղթ, վերոնշյալ ընկերության ներկայացուցիչները ցույց տվեցին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ստորագրությամբ արտոնագիրը, որտեղ «թույլատրված աշխատանքներ» կետի դիմաց գրված էրՙ Ելփին գյուղում պղնձամոլիբդենային երեւակումների քարտեզագրում:
Նախկինում գյուղում անցկացվել են ուրանի որոնման աշխատանքներ: Այժմ բնակիչները վախենում են, որ հորատումները կարող են դիպչել ուրանային երեւակումներին:
Ավագանու առարկությունները իրավաբանական հիմնավորում ունեն: Արտոնագիրը օգտագործողի իրավունքների սահմանափակման մեջ նշված է, որ աշխատանքները չեն կարող անցկացվել առանց գրավոր համաձայնության. եթե տարածքը տեր ունի: Այս պարագայում տարածքի տերը Ելփին համայնքն է: Տարածքում կան պատմական հուշարձաններ, խաչքարեր, գերեզմաններ: Այնտեղ է գտնվում գաճաճ կեչիների յուրահատուկ պուրակը, բնակվում են «Կարմիր գրքում» գրանցված կենդանիներ: Այժմ ավագանու խորհուրդը դիմում է պատրաստում ուղղված կառավարությանը` տարածքին հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ տալու պահանջով:
Հ. Հ.