Այս տարի Երեւանի պետական համալսարան ընդունվել են շուրջ 3000 դիմորդ: Դիմորդների քանակի առումով ԵՊՀ-ն դժվար թե բողոքներ ունենա, սակայն մասնագիտությունների առումով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մտահոգություններ ունի. «Կան բաժիններ, որտեղ ընդունվողների թվերը մեզ չեն կարող բավարարել, դա վերաբերում է հատկապես բնագիտական թեւին»: Օրինակ` ամբողջ աշխարհում զարգանում է էկոլոգիան, սակայն Հայաստանում այն ո՛չ զարգանում է, ո՛չ էլ հետաքրքրություն առաջացնում դիմորդների շրջանում: ԵՊՀ-ում բնագիտական մասնագիտությունների գծով դիմորդների թիվը տարեցտարի պակասում է: Երեկ ՄԱԱ-ում Արամ Սիմոնյանն անդրադարձավ նաեւ կոռուպցիայի հետ կապված խնդիրներին. «Բուհական համակարգը բնականաբար զերծ չէ կոռուպցիայից, որի դեմ պայքարելը բոլորիս գործն է»: Ռեկտորի խոսքով` կոռուպցիայի դեմ պայքարելը բավականին դժվար է, քանի որ մի կողմում բուհն է, իսկ մյուս կողմում կա մի զանգված, որը պատրաստ է իրականացնել իր ուզածը: ԵՊՀ ռեկտորի կարծիքով` կրթական ոլորտում անհանգստացնող խնդիր է նաեւ այն, որ մեր բուհերը չեն ստեղծել մենեջմենթի ու մարկետինգի մեխանիզմներ: Եթե անգամ նման մեխանիզմներ կան բուհերում, ապա թերի են ու չեն կարողանում միջազգային շուկա հանել տեղի գիտահետազոտական աշխատանքը:
Չնայած առկա խնդիրներին, ըստ ռեկտորի, գիտության ու գիտահետազոտական աշխատանքների ոլորտում առաջընթաց կա. «Վերջին տարիներին ունենում ենք գիտահետազոտական աշխատանքների կայուն թվաքանակ, հատկապես հայագիտության ոլորտում»:
Ինչ վերաբերում է թարգմանչական նորմալ դպրոց չունենալուն, այս հարցում, Ա. Սիմոնյանի խոսքով, մեղքի բաժին ունեն նաեւ բուհերը: Թարգմանչական նորմալ դպրոցի բացակայությունը իհարկե լուրջ խոչընդոտ է տեղի գիտական գրականությունը աշխարհին ներկայացնելու ճանապարհին:
«Ազգի» հարցին, թե զեղչերի հետ կապված ինչպիսի՞ փոփոխություններով է ԵՊՀ-ն դիմավորում նոր ուսումնական տարին, Արամ Սիմոնյանը նշեց, որ ԵՊՀ-ի զեղչային համակարգն ամենալիբերալներից է: Ա. Սիմոնյանը կոնկրետ փոփոխություններ չնշեց: Նրա խոսքով` ԵՊՀ-ի զեղչերը տարեկան կազմում են կես միլիոն դոլարից մի քիչ ավելի, իսկ ԵՊՀ-ի բյուջեն կազմում է շուրջ 6,5 միլիարդ դրամ, որի մեծ մասը ծախսվում է կրթական գործընթացների ու աշխատավարձերի վրա:
Վերջում բանախոսն անդրադարձավ նաեւ իր հրաժարականի մասին խոսակցություններին: Նա ընդգծեց, որ մինչեւ իր ժամկետի ավարտը մտադիր չէ հրաժարվել ռեկտորի պաշտոնից:
Ի. Պ.