Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ուսանողները 2010-2011 ուսումնական տարում կսովորեն վերանորոգված շենքերում: Համալսարանի շենքերը նորոգվել ու բարեկարգվում են 2010 թվականի ընթացքում: Չնայած կուլտուրայի ֆակուլտետում երեկվա դրությամբ շինարարական աշխատանքները դեռեւս չէին ավարտվել, այնուամենայնիվ ֆակուլտետի փոխդեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու Գեւորգ Թադեւոսյանի փոխանցմամբ` սեպտեմբերի 1-ից ֆակուլտետը պատրաստ է ընդունելու ուսանողներին: Կուլտուրայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Ռոմելա Ավետիսյանը պատմում է, որ բարձրացել է 2-րդ հարկ ու զարմացել` տեսնելով մաքուր ու բարեկարգված միջանցքը: Բարեկարգվել են ֆակուլտետի 3 հարկերն էլ: 3-րդ հարկում տեղակայված պարային մեծ դահլիճը պարարվեստի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու Կարեն Գեւորգյանի խոսքով` եզակի է Հայաստանում: Այն համապատասխանում է պարային պրոֆեսիոնալ դահլիճի բոլոր չափանիշներին: Բացի մեծ դահլիճից վերանորոգվել են նաեւ պարային 2 փոքր դահլիճները: Պարարվեստի բաժնի ուսանողուհի Անի Ղազարյանը պատմում է, որ նախկինում պարապել են քանդված հատակի վրա: «Տեղ-տեղ մանրահատակ էլ չկար խփած, այդ բաց տեղերը խանգարում էին պարելիս: Նախկինում մեծ դահլիճ չունեինք, միայն փոքր դահլիճներում էինք պարապում: Շատ անգամ տեղ չլինելու պատճառով խումբը կես-կես էր պարապում», ասում է Անին: Պարային բաժնի ուսանողները հիմա ունեն նաեւ նորոգված ու մեծ հանդերձարաններ: «Առաջ մի հանդերձարանում միաժամանակ 3 կուրս էր փոխվում», նշում է Անին:
Կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժինը դիմորդների շրջանում միշտ էլ մեծ հետաքրքրություն է առաջացրել:Նման հետաքրքրությունը, ըստ Կարեն Գեւորգյանի, առաջին հերթին պայմանավորված է դասախոսական պրոֆեսիոնալ կազմով: «Մեր համալսարանի կրթության մակարդակը շատ բարձր է: Պարարվեստի բաժնի ուսանողները սովորում են մասնագիտական 16 առարկաներ` պարարվեստի սիմվոլիկա, հայ պարարվեստի տեսություն ու մեթոդիկա, դասական պար, բալետմայստերի վարպետություն եւ այլն», ասում է Կ. Գեւորգյանը:
Միայն պարարվեստի բաժին այս տարի ընդունվել են 45 հոգի: Գեւորգ Թադեւոսյանը տեղեկացրեց, որ կուլտուրայի ֆակուլտետ այս տարի ընդունվել են շուրջ 280 հոգի: «Չեմ ասում կոնկրետ 280, որովհետեւ մինչեւ վարձերը չեն մուծում, չենք հավատարամագրում», ասաց փոխդեկանը: Ամենաքիչ դիմորդներ ունեցել է ֆակուլտետի փողային եւ էստրադային նվագախմբի ղեկավարում բաժինը. 15 տեղի համար ընդամենը 8 հոգի են դիմել: Ավելի շատ դիմորդներ ունեցել են պարարվեստի, հեռուստալրագրության եւ ժող. գործիքների բաժինները:
Հիմնանորոգումից հետո կուլտուրայի ֆակուլտետի ուսանողները սովորելու են նաեւ 5 նոր լսարան-լաբորատորիաներում, որոնք են Կարեն Միրզախանյանի` ֆակուլտետի հիմնադրի անվան լսարանը, թանգարանագիտության, գրականագիտության, պարարվեստի մանկավարժության ու հեռուստալրագրության լսարանները: Գեւորգ Թադեւոսյանի փոխանցմամբ վերանորոգման ու բարեկարգման աշխատանքները կատարվել են ՀՊՄՀ-ի ֆինանսական միջոցներով:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ