«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2010-08-31 | #157, 2010-09-01 | #158, 2010-09-02


ԻՆՉՈ՞Ւ ԷԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՌԵԺԻՄՈՎ

Այս ռեժիմի վերացմանը պետք է հաջորդեն այլ քայլեր

Կառավարության որոշումըՙ Հայաստանի քաղաքացիների համար արգելել մեքենաների ժամանակավոր ներմուծման ռեժիմը, տարբեր մեկնաբանությունների արժանացավ: Դա բնական պետք է համարել, քանզի այդ որոշումն անմիջականորեն առնչվում է հազարավոր մարդկանց շահերին:

Հիշեցնենք, խոսքն այն մասին է, որ Հայաստանի քաղաքացիները, մեքենաներ ներմուծելով «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով, խուսափում են կատարել մաքսային վճարումները, ավելի ճիշտՙ անընդհատՙ մինչեւ 1 տարի հետաձգում այդ վճարումները: Մամուլի ասուլիսի ժամանակ պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը հայտնեց, որ խոսքն ահռելի թվիՙ 44 հազար մեքենաների (այս տարվա առաջին 7 ամիսներին) մասին է, ինչը նշանակում է, որ պետբյուջե չեն վճարվում տասնյակ միլիարդավոր դրամների հասնող վճարներ:

Խոսելով այս որոշման մասինՙ հարկ է նախ եւ առաջ նշել, թե ինչպե՞ս է մինչ այժմ կառավարությունը հարկերը շրջանցելու նման սողանք թողել եւ ներկա պահին դեռ քանի՞ նման սողանքներ կան այս կամ այլ ոլորտներում, որոնց մասին հասարակական լայն շրջանները տեղյակ էլ չեն: Այդուհանդերձ, թեկուզ ուշացումով, երբ ստվերային մեծ շրջանառություն ունեցող որեւէ ոլորտում ստվերը նվազեցնելու ուղղությամբ ինչ-որ քայլ է արվում, դա դրական պետք է գնահատել: Հատկապես Հայաստանում, հատկապես օրենքը շրջանցելու բնատուր տաղանդ ունեցող մեր ժողովրդի համար, հարկ է փակել նման կերպ վարվելու անգամ տեսական հնարավորությունը: Առավել եւս, որ խոսքն ամենեւին էլ սոցիալապես խոցելի խավերի մասին չէ, եւ սոցիալական արդարության առումով նույնպես սա ճիշտ ընդունված որոշում է: Միաժամանակ, հարկ է նաեւ կարգավորել այն խնդիրները, որ մեր հայրենակիցներին ստիպում էր գնալ օրենքը շրջանցելուՙ տվյալ դեպքում իրենց մեքենաները «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով Հայաստան բերելու ճանապարհով:

Թե՛ անհատ ներմուծողները, թե՛ հանրաճանաչ ապրանքանիշներ հանդիսացող մեքենաների ներմուծող կազմակերպությունները միաբերան դժգոհում են այստեղ առկա երկու հիմնական եւ փոխկապակցված խնդիրներիցՙ բարձր հարկերից եւ մեքենաների արժեքների որոշման կողմնորոշիչ գների կամայական կիրառումից մաքսային սահմանին: Երբ մաքսային սահմանին հիմք է ընդունվում ոչ թե ներմուծողի հաշիվ-ապրանքագրում նշված գինը, այլ մաքսային կառույցի սահմանած կողմնորոշիչ գինը, որը, մեղմ ասած, շատ հաճախ հիմնավորված չի լինում, արդեն իսկ վիճելի իրավիճակ է առաջանում:

Ինչպես նշեցինք վերեւում, օրենքը շրջանցելու բնատուր ունակություններ ունեցող մեր քաղաքացիները գտնում են տարբերակներ ներմուծած մեքենայի գինը ցածր հաշիվ-ապրանքագրով ձեւակերպելու եւ ներկայացնելու համար: Այս դեպքում հասկանալի է, որ մաքսային կոմիտեն պետք է ձգտի իմանալ իրական արժեքը եւ իրավունք ունենա կիրառելու կողմնորոշիչ գներ: Սակայն դա եւս պետք է զերծ լինի սուբյեկտիվությունից, եւ գոնե հիմք ընդունվեն տվյալ պահի շուկայական գները, այլ ոչ թե մեկ կամ երկու տարի առաջ եղածը: Բացի այդ, եթե անհատ ներմուծողների համար կողմնորոշիչ գներ կիրառելն ինչ-որ տեղ արդարացված է, ապա հայտնի ապրանքանիշ հանդիսացող մեքենաներիՙ Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ ընկերությունների նկատմամբՙ ոչ: Վերջիններս մեքենաները բերում են անմիջապես արտադրող ձեռնարկություններից, որոնք միջազգայնորեն ճանաչված ընկերություններ են եւ իրենց թույլ չեն կարող տալ կեղծ հաշիվ-ապրանքագրեր տրամադրել:

Մաքսային արժեքը որոշելուց հետո պետք է կատարվեն վճարները, որոնք, երկրորդ դժգոհության պատճառն են: Համաձայն գործող օրենսդրությանՙ ներմուծված մեքենայի համար հարկ է վճարել նրա մաքսային արժեքի 32 տոկոսը, որը փաստորեն գնված մեքենայի արժեքի մեկ երրորդն է կազմում: Սա թերեւս բարձր է եւ չարդարացված: Մաքսային վճարները վճարելուց խուսափելու սողանքը վերացնելուց հետո ճիշտ կլինի, որ կառավարությունն անդրադառնա մաքսավճարի այս չափը նվազեցնելու խնդրին:

Նշենք նաեւ, որ բացի վերոնշյալ վճարներից, օգտագործված ավտոմեքենաների համար սահմանված են նաեւ բնապահպանական վճարներ: Մասնավորապես, 5-10 տարվա հնության ավտոմեքենաների համար բնապահպանական վճարը կազմում է մեքենայի մաքսային արժեքի 2 տոկոսը, 10-15 տարվա վաղեմության մեքենաների համարՙ մաքսային արժեքի 10 տոկոսը, 15 եւ ավելի տարիների մեքենաների համարՙ 20 տոկոսը: Սակայն, ի տարբերություն մաքսային վճարների, բնապահպանական վճարները նվազեցնելու անհրաժեշտություն չկա: Ավելին, մաքսային վճարների որոշ նվազեցման փոխարեն ճիշտ կլինի ավելացնել հին ավտեմեքենաների ներմուծման համար սահմանված բնապահպանական վճարների չափերը: Դրանով իսկ կթանկանա հին ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան, եւ ավելի ձեռնտու կլինի նոր մեքենաների ներմուծումը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4