Արենիի պեղումների մասին գիտնականների խոսակցության մի քանի փորձ լրագրողների թեթեւ ձեռքով վերածվեց 5 հազար տարեկան կոշիկի մասին սենսացիայի, իսկ թե իրականում ինչ մշակութային գանձ է Արենիի այժմ պեղվող հնավայրը, սա մի տեսակ երկրորդ պլան մղվեց: Սենսացիաների սիրահարներին նախապես սնենք եւս մի երկու` վերջին շաբաթվա ընթացքում Արենիում պեղված նյութերի մասին տեղեկությամբ, վաղվա համարում այնուամենայնիվ համանուն նյութում ծանրանալով Արենիի քարանձավի` առավել ընդհանրական, մշակութային, գիտական եւ ճանաչողական նշանակության վրա: Այո, Արենիում աշխատող արշավախումբը, որի համաղեկավարներն են Հայաստանից Բորիս Գասպարյանը, Կալիֆոռնիայից Գրիգոր Արեշյանը եւ իռլանդացի Ռոն Փինհազին, վերջին շաբաթվա ընթացքում, ի թիվս բազմաթիվ գտածոների, բացում է անոթներ` մահացած մարդկանց մարմնի մասերի մնացորդներով (առանց գլխի` գլուխը թաղվել է անոթներից դուրս), որոնցից գտնվել են տրեխի կամ կոշկի եւս երկու-երեք ոչ ամբողջական նմուշ, լավ պահպանված բավական մեծ կտորներով հագուստի մասեր (ամենայն հավանականությամբ` կանացի փեշ), որոնցից մեկը բուսական ծագման նյութով (երեւի եղեգնի թելերով) գործված ու հրաշալի պահպանված է, անգամ գունային զանազանում կա: Մի ամբողջ մումիացված գառնուկ է գտնվել` ըստ երեւույթին զոհաբերություն է, քանի որ նոր գտածոները վկայում են, որ Արենիի քարանձավը հավանաբար ծիսական նշանակություն է ունեցել: Այս մասին «Ազգին» հայտնել է հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Մանրամասները` վաղվա «Ազգում»:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ